«Հիբրիդային պատերազմ» արտահայտությունը վերջերս է շրջանառության մեջ դրվել: Բայց մեծ հաշվով՝ բոլոր պատերազմները միշտ էլ «հիբրիդային» են եղել: Բացի իրար վրա կրակելուց, հակառակորդները մշտապես ձգտում էին իրար բարոյալքել, կամազրկել, դեմոտիվացնել:
Օրինակ, մ. թ. ա. 480 թվականին հույների դեմ պատերազմ սկսելուց առաջ պարսիկները հայտարարում էին՝ «եթե մենք բոլոր աղեղներն արձակենք, արեւը կխավարի»: Պատմության ողջ ընթացում պատերազմներից առաջ եւ հետո պետություններն իրար սպառնում էին կատաղած փղերով, կրակե օձերով, թունավոր ծխով, հրանոթներով, քիմիական, ատոմային զենքով, ԱԹՍ-ներով եւ այլն:
Նպատակը պարզ է. կոտրել հակառակորդին (նախեւառաջ՝ հոգեբանորեն), խոչընդոտել նրա հասարակության մոբիլիզացիային: «Փորձեք մեզ դիմադրել՝ մենք ձեզ կջարդենք, կոչնչացնենք»՝ սա է «հիբրիդային պատերազմի» անբաժանելի մասը հանդիսացող քարոզչության հիմնական ուղերձներից մեկը:
Բնական է, որ Ադրբեջանը մշտապես, նաեւ այժմ այդ ուղերձն է հղում մեզ՝ հայերիս: Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը մեկը մեկին կրկնում է այդ ուղերձը՝ համոզելով մեզ, որ թշնամին հեշտությամբ կարող է մեր երկրից գրավել ցանկացած տարածք: Եվ, հետեւաբար, դրանք պետք է հանձնել առանց դիմադրելու: Իսկ այն, ինչ նրանք 2021-22 թվականին արդեն իսկ գրավել են, պետք չէ հետ ուզել, միեւնույն է՝ չեն տա:
Կարդացեք նաև
Ես պատմության մեջ չգիտեմ որեւէ երկրի որեւէ իշխանություն, որը կրկնում է հակառակորդի թեզերը՝ դրանց հակադրվելու փոխարեն: Այդ՝ հիրավի աննախադեպ մոտեցումն ուղեկցվում է համապատասխան «գաղափարական քարոզով», որի իմաստը հետեւյալն է. դուք չպիտի ունենաք արժանապատվություն, սրբություններ, հավատ, ազգային խորհրդանիշներ ու ինքնություն: Միակ բանը, որը դուք ունեք՝ «պետությունն» է, որի սահմանները հստակ չեն՝ դրանք որոշում է թշնամին, եւ որի մի մասը մենք արդեն հանձնել ենք Ադրբեջանին, ուրիշ մասեր նույնպես պիտի հանձնենք: Միայն թե Ռուսաստանից կտրվենք, եւ «նախկինները» չվերադառնան:
Այսպիսի պատումներով գուցե հնարավոր է որոշ ժամանակ խաբել քաղաքացիներին կամ պահպանել աթոռները: Բայց հնարավոր չէ պահպանել պետությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ