Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մեղուների աշխարհը բոլորովին ուրիշ կլինի․ ինչո՞ւ են մեղուներն այդքան կարևոր մարդու և բնության համար

Մարտ 20,2024 09:30

«Բոլորիս կյանքը կախված է մեղուներից» արտահայտությունն ամենևին էլ վերամբարձ չի հնչում․ մեղուներն ու այլ փոշոտողները հիմնարար նշանակություն ունեն էկոհամակարգերի և մարդու առողջության համար։ Մեղուներն անհրաժեշտ են կենսաբազմազանության պահպանության և սննդամթերքների արտադրության համար, սակայն մեր օրերում ուրբանիզացիայի, մոնոկուլտուր արտադրության, քիմիական նյութերի սխալ օգտագործման և այլ պատճառներով մեղուների գոյությունը լրջորեն վտանգված է․ անողնաշար փոշոտողների՝ հատկապես մեղուների ու թիթեռների գրեթե 35 տոկոսը և ողնաշարավորների (չղջիկներ) մոտ 17 տոկոսն ամբողջ աշխարհում անհետացման եզրին են գտնվում։ Եթե այդ միտումը շարունակվի, կխաթարվեն աշխարհի էկոհամակարգերը և ոչ միայն մեղրի ու մեղվի կենսագործունեության արգասիքների պակաս կառաջանա, այլև սննդանյութերով հարուստ շատ մշակաբույսեր, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենի շատ տեսակները, ընկուզեղենը, սուրճը, կակաոն և այլ մթերքներ դուրս կգան արտադրությունից, ինչը լուրջ խնդիր կդառնա մարդկության առողջության համար։

Պատկերավոր ասած՝ առանց մեղուների աշխարհը բոլորովին ուրիշ կլինի։ Հիշենք, թե ինչու են մեղուներն այդքան կարևոր մարդու և բնության համար։

Մեղուները՝ մարդու առողջության համար

Իհարկե, ոչ բոլոր մեղուներն են մեղրատու, սակայն մեղրը մեղուների կենսագործունեության կարևորագույն արգասիքներից մեկն է։ Մարդիկ օգտագործել են մեղրն ու մեղվաբուծության արդյունքում ստացվող այլ մթերքները հազարամյակներ շարունակ։ Հետազոտողները վաղուց են նկատել մեղրի հակաօքսիդանտային, հակամիկրոբային, հակաբորբոքային ու հակաքաղցկեղային ազդեցությունները։

Մեղրամոմը ևս մեկ կարևոր մթերք է, որը հնում մարդիկ օգտագործել են որպես վառելիք ու հիդրոմեկուսիչ։
Այժմ այն առողջության համար օգտակար նյութ է համարվում և կիրառվում է տարատեսակ բուժիչ քսուկների, մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների կազմում։

Մեղվաբուծության արդյունքում ստացված առողջարար այլ մթերքների թվին են պատկանում մոմահացը, ակնամոմը, ծաղկափոշին, մայրակաթը, մեղվի թույնը։

2020 թ․-ին անցկացված հետազոտությունում գիտնականները նկատել են, որ մեղվի թույնի բաղադրամաս հանդիսացող մելիտինը սպանում է քաղցկեղի բջիջները։

Մեղուները՝ առաջատար փոշոտողներ

Մեղուները կարևորագույն դեր ունեն բույսերի փոշոտման գործընթացում։ Գյուղատնտեսական կուլտուրաների գրեթե 75 տոկոսի բերքատվությունը մեծապես կախված է փոշոտումից։ Մեղուները վայրի ու մշակովի բույսերի հիմնական փոշոտողներն են։

2021 թ.-ին Անջելինա Ջոլին նկարահանվել է National Geographic ամսագրի համար՝ Մեղուների համաշխարհային օրվա առիթով՝ հիշեցնելով մեղուների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։ Լուսանկարիչ Դեն Ուինթերսին ոգեշնչել էր Ռիչարդ Ավեդոնի՝ 1981 թվականի հայտնի դիմանկարը, որտեղ պատկերված մեղվապահի մերկ մարմինը պատված է մեղուներով:

Մեղուները՝ պատմության վկաներ

Ամբողջ աշխարհում մարդիկ հազարամյակների ընթացքում աշխատել են մեղուների հետ, և միայն մեղր հավաքելով չի սահմանափակվել այդ համագործակցությունը։ Պատահական չէ, որ մեղվի հետ կապված բազմաթիվ հավատալիքներ կային։ Օրինակ՝ հին հունական դիցաբանությունում մեղուների հետ կապված մի քանի աստվածներ կային։

Պատմաբանների ու հնէաբանների համար մեղվաբուծության արգասիքները առանցքային դեր ունեն, քանի որ մեղրամոմը «քիմիական մատնահետք է», որի շնորհիվ կարելի է նույնականացնել օրգանական մնացորդների բաղադրիչները:

Մեղու-աստվածուհու պատկերով այս ոսկե շրջանակները գտնվել են Հռոդոսում և թվագրվում են մ․թ․ա 7-րդ դ․ (պահվում են Բրիտանական թանգարանում)։

Մեղուները՝ հասարակական հարաբերությունների վարքագծային մոդելներ

Մեղուները շատ խելացի միջատներ են, և նրանց գործողությունների ուսումնասիրությունը հետաքրքիր է մարդկանց միջև սոցիալական փոխազդեցությունների մոդելների մշակման տեսանկյունից։ Օրինակ՝ հետազոտողները ենթադրում են, որ մեղուների գործողությունների վերլուծությունը կարող է օգնել փորձագետներին արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանելու մեխանիզմները մշակելու հարցում։

Մեղուների թռիչքների ուսումնասիրությունը կարող է գիտնականներին հուշել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում շրջակա միջավայրում։

Միավորված ազգերի կազմակերպությունը, ահազանգելով մեղուներին սպառնացող վտանգների մասին, մի շարք խորհուրդներ է մշակել անհատների, մեղվաբույծների ու ֆերմերների, կառավարությունների ու որոշումներ կայացնող անձանց համար։ ՄԱԿ-ի կողմից կարևորվում է կանաչ տարածությունների՝ բակերի ու այգիների մշակումն ու ընդլայնումը, այգիներում, գյուղատնտեսության մեջ պեստիցիդների, հերբիցիդների ու այլ քիմիական նյութերի կիրառումից հնարավորինս խուսափելը, վայրի մեղուներին չվնասելը, տեղի մեղվաբույծների արտադրանքը գնելը, մեղվապահության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ National Geographic, Medical News Today, ՄԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031