Երեւանը, Բաքուն եւ Անկարան վստահեցնում են, թե` «շատ մոտ» են համաձայնությանը եւ խաղաղության հաստատմանը
Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն ունի, օրերս Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նաեւ ընդգծել է. «Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»։
«Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության եւ կայունության վայրի»,- նշել է Ֆիդանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին. «Հարավային Կովկասը խաղաղության եւ կայունության վայրի վերածելու հիանալի հնարավորություն կա։ Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին: 2020թ. նոյեմբերից հետո դրա պատմական հնարավորությունը հայտնվեց»։ Ֆիդանը հավելել է նաեւ, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ «Կարեւոր է, որ մյուս տարածաշրջանների երկրները նույնպես աջակցեն այնպիսի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի գիծը, որը կարեւոր է տարածաշրջանային եւ գլոբալ մասշտաբով»,- ասել է Ֆիդանը։ Ընդգծելով, որ այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ քննարկումներ են ունեցել՝ երկրների միջեւ համագործակցությունը խթանելու համար. «Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել յուրաքանչյուր հարցում»։
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, եւս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին», հայտարարելով՝ այն պետք է բացվի։ «Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաեւ փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը եւ Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», – նշել է Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։
Կարդացեք նաև
Իր հերթին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էլ նկատել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը եւ թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի եւ զբոսաշրջության զարգացմանը։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը Միջին միջանցքի ուղղությամբ՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնելով 25 մլն տոննայի, ասել է նախարարը։
Այսպես, թեեւ անցյալ տարեվերջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը», նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ, այնուամենայնիվ, հարցը դարձյալ թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում է: Անկարան ու Բաքուն միահամուռ Հայաստանից Նախիջեւանի հետ ճանապարհ են պահանջում՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած իր ելույթում նշել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը փոխվում է: Ադրբեջանն ու Հայաստանն այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին։ Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հիմնված է միջազգային կանոնների վրա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի մասնակցել է Հարավային Կովկասում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին։ Հակամարտությունը լուծելու փոխարեն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր ձգձգել բանակցությունները»։
Պաշտոնական Անկարան «Զանգեզուրի միջանցքի» գրավչությունը դարձրել է ոչ միայն տարածաշրջանային նշանակության թեմա, այլեւ, ըստ էության, ներկայացվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ապահովման պայման: Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հատուկ շեշտեց, որ այդ «միջանցքի» բացման «պատմական հնարավորությունը» ստեղծվել է` «2020թ. նոյեմբերից»: Ավելին, Թուրքիայի իշխանությունն այն արդեն ազդարարում է որպես ոչ միայն Հարավային Կովկասում խաղաղության ապահովման կարեւոր գործոն, այլեւ` արդեն «համաշխարհային անվտանգության» տեսանկյունից ազդեցիկ նշանակություն ունեցող հարց։
Անցյալ շաբաթ նաեւ Թուրքիայի նախագահն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման թեմային: Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, միեւնույն ժամանակ շեշտելով` ցանկանում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա ընդգծել էր՝ երկու կարեւոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն՝ առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը: Այս ֆորումից օրեր անց Ադրբեջանի նախագահը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին նշեց. «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»։
Անցյալ շաբաթ Ալիեւը եւս ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: Ըստ նրա` Բաքուն առավել քան երբեւէ մոտ է Երեւանի հետ խաղաղության հաստատմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում՝ «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումում ընդգծեց, թե Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը. «Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»։
Ալիեւի՝ հայկական կողմից հերթական պահանջները ներկայացնելուն զուգահեռ, ուշագրավ է, որ նա սկսել է անուղղակիորեն արդարացնել 2020թ. պատերազմը, որը, թերեւս, վկայում է այն մասին, որ նա շարունակում է գտնվել որոշակի ճնշումների ներքո: Նա շարունակ նշելով, թե սպասում են հայկական կողմից վճռական քայլերի, միաժամանակ շեշտում է, որ մոտ են համաձայնության կնքմանը: Ահա, Ադրբեջանի նախագահը Բաքվի 11-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ պնդել է, թե Երեւանն ու Բաքուն կարող էին խուսափել 44-օրյա պատերազմից. «2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար։ Մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, եւ տարածքները կվերադարձվեն»։
Ալիեւի փոխանցմամբ` «Եթե այդ ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը գերադասեր գործել այնպես, ինչպես այժմ է գործում, ապա մեր ինքնիշխանությունն ուժով վերականգնելու կարիք չէր լինի»: Ալիեւի համար շարունակում է «ելակետային» մնալ Փաշինյանի՝ 2019-ի օգոստոսին հնչեցրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի կարգախոսը։ «Այդ կարգախոսը նախ միջազգային իրավունքի նորմերի բացարձակ խախտում էր, բացի այդ՝ չափից ավելի մեծ հավակնոտ էր մի երկրի համար, որին թվում էր, թե ի վիճակի է հավերժ վերահսկել մեր տարածքները։ Այդ իսկ պատճառով մենք 2020թ. սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ստիպված էինք նրանց դաս տալ»,- նշեց Ալիեւը։
Քննադատության հերթական չափաբաժինը կրկին Ֆրանսիայի ուղղությամբ էր: Ալիեւն արդեն որերորդ անգամ պնդեց, թե պաշտոնական Փարիզը կողմնապահ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի հանդեպ. «Ֆրանսիայի դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է միջազգային հանրության որդեգրած մոտեցումներին։ Ֆրանսիական կառավարության արձագանքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին եւ հակաահաբեկչական գործողությանը բացարձակապես համարժեք չէր։ Ֆրանսիան փորձում է պատժել մեզ մեր իսկ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:
Ալիեւի ելույթում Ռուսաստանին ուղղված քննադատությունն էլ էր առկա, սակայն` այն քողարկված բնույթ էր կրում։ Ալիեւը պնդեց, թե 2023-ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումից հետո, ադրբեջանցի զինվորականների տրամադրության տակ մոտ մեկ միլիարդ դոլարի ռազմավար է հայտնվել։ «Հարց է ծագում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Պարզ է, իհարկե, որ մեր դեմ օգտագործվող սպառազինությունը նրանց անվճար էր տրամադրվում»,- նշեց Ալիեւը՝ գերադասելով, սակայն, չնշել, որ հայկական կողմի զինանոցի գերակշիռ մասը ռուսական ծագում ուներ։
Բաքվի համաժողովի մյուս ուշագրավ դրվագը դրա մասնակիցներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի կողմից հղված ուղերձն էր, որում բրիտանական կառավարության ղեկավարը պնդեց. «Ադրբեջանն այժմ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունի։ Կարեւոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչեւ COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»:
Պաշտոնական Երեւանից Ալիեւի հայտարարություններին արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Սա որեւէ, նույնիսկ լոկալ նշանակության գաղտնիք չի, էլ չասած՝ տիեզերական. Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ, դա եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասել Հայաստանի Հանրապետության հանրությանը, բայց կարծում եմ՝ բոլորն արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ էդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»:
Հայկական կողմից որոշակի տարածքների զիջումը` որպես բանակցությունների առարկա, որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, այս առումով Միրզոյանի արձանագրումն էլ նորություն չէ: Սակայն Հայաստանի քաղաքացիների եւ համայն հայության համար նորություն են մի շարք այլ փաստեր: Այն, որ «այդ տարածքների»` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ոչ մի կետ Ադրբեջանը չկատարեց, սակայն պաշտոնական Երեւանը ողջ ուժով առաջ մղեց «խաղաղության օրակարգը»: ՀՀ ինքնիշխան տարածքում են ադրբեջանական ստորաբաժանումները, նրանց անհապաղ հեռացումն անգամ պայման չդրվեց` Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակելու հարցում: Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին, նրանց մասին, կարծես, բոլորը մոռացել են, պատկան մարմինները նրանց անգամ չեն հիշում, երբ ՀՀ սահմանը խախտած որեւէ ադրբեջանցու են վերադարձնում Բաքվին: Հետեւաբար, ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն հարցնելու` սրանք ի՞նչ բանակցություններ են, ինչպիսի՞ «խաղաղության» ապահովման մասին են, եթե ակնհայտ է, որ հայկական կողմը Բաքվի պահանջների շարանը մերժել-ընդունելուց բացի, որեւէ բան չունի հակադրելու, որպեսզի մերժի Ալիեւի հերթական քմահաճությունը:
Ի դեպ, պաշտոնական Երեւանը Միրզոյանի մակարդակով անցյալ շաբաթ, Ալիեւի հայտարարություններից մեկ օր անց` մարտի 15-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, փաստացի, նույնպես արձանագրեց, թե` «շատ մոտ» են Ադրբեջանի հետ համաձայնության հաստատմանը: «Փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Փոխըմբռնումն այս ուղղությամբ այս պահի դրությամբ այս հարցով ավելին է, քան օրինակ՝ մի ամիս առաջ։ Ես այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- նկատեց Հայաստանի արտգործնախարարը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 19.03.2024