Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդը՝ Անդրանիկը, կարողանում է ազատության մեջ ֆռռալ հանգիստ։ Ո՞նց է կարողանում քնել»․անհետ կորածի եղբայրը՝ գեներալ Անդրանիկ Մակարյանի մասին

Մարտ 19,2024 23:43

Այսօր հակակոռուպցիոն դատարանում «Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների գործով  դատական նիստի ընթացքում հարցաքննվեց անհետ կորած զինվորներից մեկի հորեղբոր որդին։

Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թվականին նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Հիշեցնենք, որ դեպքի օրը, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը հրաման է տվել, որ  62 հոգանոց անձնակազմը մեկնի Կովսականի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» օպերացիան կատարի՝ հայտնաբերի եւ ոչնչացնի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման խնդիրը։ Նրա եւ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող  Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող։

Անհետ կորածի եղբայրը դատարանի դահլիճում հարցաքննության ժամանակ նշեց․ «Տղերքը պիտի գնային «Կիրի հանք», չգիտեմ ինչու նրանց տարել են Զանգելան (Կովսական) դպրոցի մոտ, որտեղ թշնամները մեր տղերքին են սպասել։ Բոլորն էլ կամավոր ուժեղ, ձիգ տղերք են եղել։ Լիքը հարցեր կան․ ինձ ասում էին՝ կռիվը տեղի է ունեցել երկուսուկեսից երեք ժամ, հետո պարզվում է՝ այն տևել է 45 րոպե։ Դա ո՞նց հասկանանք։ Խաբելու իմաստը ո՞րն է։ Իմ եղբորը տեսել են թաքնված խողովակի մեջ։ Ամսի 26-ին եղբայրս, գտնվելով անտառում, զանգել է ՌԴ, իր որդու հետ է խոսել։ Մինչև այդ մենք մոտեցել ենք, խնդրել՝ գանք, ստորագրենք, գնանք մեր տղերքին օգնենք, ասել են, որ աշխատանքներ են տարվում տղերքին հանելու վերաբերյալ։ Որ տղերքը երկար ժամանակ ողջ են եղել ու անտառում են եղել, դա հաստատ է»։

Նա ասաց, որ ճանաչում է միայն զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։ Եղբոր՝ շրջափակման մեջ ընկելու լուրը ստացել է ծանոթներից, որոնք նշել են, որ տղաները գնացել են գործողության, ընկել շրջափակման մեջ։

Դատախազի հարցին՝ Արսեն Աբգարյանն իրենց ի՞նչ տեղեկություններ է տվել, անհետ կորածի եղբայրը պատասխանեց․ «Ներկայացնում էր, որ գնացել են գործողության, ընկել շրջափակման մեջ։ Կռվել են երեք ժամ, հետո դուրս է գալիս՝ 45 րոպե։ Արսեն Աբգարյանին հարցրել եմ՝ եղբորս վերջին անգամ ե՞րբ եք տեսել, ո՞նց է, նա ասաց՝ քո եղբորը երկու-երեք հոգու հետ անձամբ մեծ խողովակի մեջ եմ մտցրել, ասել եմ, որ ես կգամ ձեր հետևից։ Զանգելան մտնելը տարիներ տևեց, երկու տարի հետո կարողացան մտնել ու դիակ հանեցին։ Ունենք մի հատ ուժեղ գեներալ, իբր հրաման է տվել, ի՞նչ հրաման։ Ես զարմանում եմ՝ Դուք կարողանո՞ւմ եք քնել (դիմում է Անդրանիկ Մակարյանին,-հեղ․)»։

Նախագահող դատավորը փորձեց ընդհատել, սակայն նա ասաց․ «Չեմ կարող հայտարարություն չանել։ Իմ եղբայրն ունի երեք երեխա, չեմ ուզում խորանալ, կներեք էլի ինձ, պարոն դատավոր, էսօրվա դրությամբ այս մարդը՝ Անդրանիկը, կարողանում է ազատության մեջ ֆռռալ հանգիստ։ Ո՞նց է կարողանում քնել․ այդքան ուժեղ, կամավոր, հայրենիքի համար կյանք տված տղերք գնացել, կորել են, սխալ ինֆորմացիայի պատճառով, դու գիտեիր՝ ինչ է կատարվում Զանգելանում, ինչո՞ւ տղերքին ուղարկեցիր այնտեղ։ Գեներալ մարդը չգիտի՞՝ թշնամի կա, թե ոչ, կամ ո՞ւր է ուղարկում այդ տղաներին, ո՞նց կարող էր չիմանալ Անդրանիկ Մակարյանը»։

Անդրանիկ Մակարյանի պաշտպանն ասաց՝ ըստ գործի նյութերի՝ զորամիավորումը մարտական գործողությունների կատարման է անցել Օնիկ Գասպարյանի հրամանով և հարցրեց՝ հիմա ո՞ւմ մեղավորությունն է։ Անհետ կորածի եղբայրը պատասխանեց․ «Օնիկ Գասպարյանի մեղավորությունն էլ կա, բայց ինձ համար Անդրանիկ Մակարյանն է մեղավոր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031