Լրահոս
Օրվա լրահոսը

Թող Ալիեւը գին հրապարակի, թե ինչ գնի սպառազինություն են կորցրել սեպտեմբերի 19-ին, 20-ին. Արցախի նախկին պետնախարար

Մարտ 19,2024 23:06

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը արտաքին լսարանին ուղղված հայտարարություն է համարում օրեր առաջ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում «իրականացված հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ավար առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ  2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրել և որպես ավար վերցրել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք։ Ու հաշվի առնելով, որ Հայաստանն այդքան գումար չունի, ըստ Ալիեւի, պարզ է դառնում, որ այն բոլոր զենքերը, որոնք հայերն օգտագործել են Ադրբեջանի  դեմ, Հայաստանին տրամադրվել են անվճար:

«Այդ հայտարարությունը միտված է նաեւ մեր մեջ լրացուցիչ պառակտում մտցնելու համար՝ շատ լավ հետեւելով ներքին քարոզչական հոսքերին, ներքին տարբեր մեղադրանքներին եւ այլն: Այս տեսանկյունից, չպետք է ընկնենք Ալիեւի քարոզչական հերթական թակարդը: Չեմ կարող ասել՝ ինչքան գումարի սպառազինություն է, բայց նրա հնչեցրած գումարները շա՜տ մեծ են, որոնք ընդհանրապես իրատեսական չեն: Այո՛, եղել է  սպառազինություն, որը որպես ավար ձեռք են բերել: Բայց Ալիեւը լավ կանի ասի, թե մենք ինչքան սպառազինություն ենք ոչնչացրել կամ իրենք ինչքան զինվոր են կորցրել սեպտեմբերի 19-ին, 20-ին, որը, իմ տեղեկություններով, մի քանի անգամ ավելի է, քան մենք ենք կորցրել: Բավականին լուրջ կորուստներ են ունեցել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդուժի տեսանկյունից: Թող ինքը գին հրապարակի, թե ինչ գնի սպառազինություն են կորցրել»,- Aravot.am-ին ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ Ալիեւի մատնանշած սպառազինության մի մասը 90-ականների պատերազմից հետո ադրբեջանցիների թողած սպառազինությունն էր.  «Մի մասը, բնականաբար դա է, բայց կան նաեւ այնպիսիներ, որոնք ընթացքում ձեռք են բերվել, չեմ կարող չափը ասել: Բայց ակնհայտ է, որ Արցախի պաշտպանության բանակը 90-ականներին զինվել է առաջնահերթորեն ադրբեջանական ավարով»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031