Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հարց տալ Արմեն Գրիգորյանին՝ ինչո՞ւ մեր հարևան Իրանից զենք չի գնվում»․Կարապետ Պողոսյան

Մարտ 19,2024 20:14

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե իր տեղեկություններով՝ վերջերս իրանցիները ցանկություն են ունեցել  հայ գործարարների հետ համատեղ զինագործական արտադրություն սկսել Հայաստանում, սակայն հայկական կողմը մերժել է։

Միչդեռ, ըստ Կարապետ Պողոսյանի, այդ գաղափարը՝ իրականանալու պարագայում, հնարավորություն կտար Հայաստանին ամբողջովին վերազինվել գերժամանակակից զինտեխնիկայով։

Սա ձախողելու քայլը, ըստ ընդդիմադիր գործչի, ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե անվտանգային համակարգն են ուժեղացնում, այլ գնում են երկիրն ամբողջովին անպաշտպան թողնելու ու Հայաստանի դարպասները թուրք-ադրբեջանական զավթիչների դեմ բացելու ճանապարհով։

Կարապետ Պողոսյանի համոզմամբ՝ զինագործական արտադրություն սկսելու շուրջ  բանակցություններն ի սկզբանե խաղ են եղել ՀՀ իշխանությունների կողմից ՝ հարևան Իրանին ցույց տալու, որ վտանգ չեն տեղծելու նրա համար, բայց երբ եկել է գործողության պահը, մերժել են։ Կարապետ Պողոսյանի կարծիքով՝ հենց սրանով են պայմանավորված վերջին շրջանում իրանական կողմի կոշտ վերաբերմունքն ու հայտարարությունները։

«Հայաստանի իշխանությունները, երբ որ խոսում են անվտանգային խնդիրներից, բանակը վերազինելու մասին, առավել ևս բանակի, զենքի դիվերսիֆիկացման մասին, հերթական մանիպուլյացիան ու հերթական սուտն է։ Ես ուզում եմ հարց տալ Արմեն Գրիգորյանին (խոսքը ՀՀ անվտանգության քարտուղարի մասին է-Ն.Ա.), ով ամենաշատն է խոսում տարբեր տեղերից զենք բերելու մասին, թո՛ղ ներկայացնի այն պատճառները, թե ինչո՞ւ մեր հարևան Իրանից զենք չի գնվում։ Չէ՞ որ այսօր Իրանն աշխարհի լավագույն զենք արտադրող պետություններից մեկն է, մենք տեսնում ենք աշխարհի տարբեր հատվածներում, օրինակ՝ Ուկրաինայում իրանական զենքի փորձարկումները։ Դեռևս 2020 թվականից, երբ որ Իրանը դուրս եկավ զենքի վաճառքի, հայտարարեց, որ պատրաստ է բարեկամ երկրներին զենք վաճառել, և այդ երկրներից մեկն էլ հանդիսանում է Հայաստանը»,-ասաց պարոն Պողոսյանը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հնդկաստանից ներկրվող զենքը գնային առումով չի կարող ավելի ձեռնտու լինել, քան իրանականն է, բացի այդ, ըստ նրա, հնդկական զենքը որևէ տեղ փորձարկում չի անցել, ու չեն կարող ասել՝ մարտի դաշտում որքանով է արդյունավետ։

«Հնդկական զենքը չէր կարող ավելի մատչելի լինել, քանի իրանականը, քանի որ իրանցիները պատրաստվում էին դա հենց Հայաստանում արտադրել։ Այստեղ, կարելի է ասել՝ գրեթե ինքնարժեքով կկարողանայինք զինտեխնիկա ձեռք բերել։ Իսկ հնդկականի հետ կապված՝ դեռ մեկ տարի առաջ ես բարձրացրել էի խնդիր, որ Հնդկաստանի որոշ խմբաքանակ եկել է, մասնավորապես հրանոթները, բայց չէին եկել նրանց քարշակները, իսկ առանց քարշակների ոչ արդյունավետ տեխնիկա է համարվում։  Առանց քարշակների կարող են մասնակցել Գյումրու ինքնապաշտպանական մարտերին, ոչ ավել»,- ասում է ընդդիմադիր գործիչը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031