ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ անվտանգային ու կրթական ոլորտի խնդիրներին։
«Կառավարության վերջին նիստերից մեկում Փաշինյանը շատ պատասխանատու հայտարարություն արեց՝ մենք դպրոց կառուցել չգիտենք: Սրան նախորդել էին կախիչի, ցնցուղի, վոլեյբոլի ցանցի, ավելի ուշ՝ պաշտոնից հեռացված քաղշիննախարարի եւ մարզպետի հայտնի պատմությունները: Այս ընթացքում վարչապետը՝ Հայաստանի ուրվագծով ինչ-որ թիթեղ ձեռքին, փորձում է գտնել սեփական երկրի կադաստրի վկայականն ու համոզել տավուշցիներին, որ հենց դա է Հայաստանը, ուր չկան իրենց գյուղերն ու Սուրբ Աստվածածին եկեղեցին: Իսկ, առհասարակ, այս ամենին նախորդել էին բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու, «Արցախն Հայաստան է, եւ վերջ» ողբերգական ավարտով հայտարությունները»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ հիմա, երբ ապրում ես մի երկրում, ուր պատերազմի ստվերը երբեք այդքան մոտ չի եղել, թշնամին՝ այդքան անպատիժ, ուր հասարկությունը երբեք այդքան անպաշտպան չի եղել, հանկարծ մեջտեղ է նետվում Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը: «Սա արվում է մի միջավայրում, ուր կրթության ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականն ընդամենը 42 տոկոս է, իսկ այսօր թափված ասֆալտը վաղը չկա։ Քաղաքական մեծամասնությո՛ւն, խոսքս հատկապես ձեզ եմ ուղղում: Կոտրե՛ք ձեր լռությունը: Սա ի՞նչ վարքագիծ է, ի՞նչ սևեռուն հանձնառություն է՝ քանդել, ուրանալ, անապատացնել ամեն մի ժառանգություն եւ անցյալի հետ հոգեւոր կապեր, ինքնութենական կոդեր։ Էս կազմալուծվող երկրում ի՞նչ Ակադեմիական քաղաք, մեր անվտանգային, գոյութենական կոլապսի մեջ սա ի՞նչ չհիմնավորված առաջնահերթություն է: Որտե՞ղ է որոշվել, թե Հայաստանին Ակադեմիական քաղաք է հարկավոր, ի՞նչ հաշվարկներ, ի՞նչ ուսումնասիրություն, ի՞նչ հիմնավորում կամ ռազմավարություն է ընկած այդ գաղափարի ներքո։ Ովքե՞ր են այդ հայեցակարգի հեղինակները, սա ի՞նչ հիվանդ երևակայություն է: Ինչո՞ւ եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում»,- հարցադրում արեց պատգամավորը:
Գալստյանը հավելեց․ «Կարո՞ղ եք, կրթության որակ ու մրցունակություն ապահովեք՝ օպտիմալացրեք բուհերը, խստացրեք հավատարմագրման կարգերը, կրթությունը կապեք երկրի կարիքներին ու մարտահրավերներին: Քաղաքացի կրթելու եւ ձևավորելու մասին մտածեք: Իրականում սրանք առանձին վերցրած որեւէ բուհի խնդիրներ չեն։ Տեղի ունենցողը հոգեւոր-արժեքային համակարգի տրանսֆորմացիա է: Երկրի եւ հայ մարդու բովանդակության կազմալուծում, որը գոյության իրավունք չունի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ