Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը մտավախություններ ունի, որ հայ-ռուսական հարաբերություններն է՛լ ավելի կվատթարանան, ինչի արդյունքում Հայաստանը կարող է դուրս մնալ ՌԴ բարեկամ երկրների ցանկից։
Իր մտավախությունները նա բարձրաձայնեց այսօր կայացած՝ «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ՝ հավելելով, որ որեւէ պարագայում չպետք է թույլ տալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացում։
Հիշեցնենք, ըստ ամենամյա մոնիտորինգի արդյունքների, Հայաստանն այս տարի զիջել է իր դիրքերը՝ Ռուսաստանի նկատմամբ հետխորհրդային երկրների «բարյացակամության» վարկանիշում զբաղեցնելով 10-րդ տեղը։ Հետազոտությունն իրականացվել է Ազգային հետազոտական ինստիտուտի կողմից։
«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների ողջ համալիրի վերագործարկում։ Պետք է գտնել երկուստեք ընդունելի կետեր, որոնք պետք է ամրապնդվեն, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի՝ ՌԴ բարեկամ երկրի վարկանիշի բարձրացմանը 2025 թվականին»,- ասաց Արամ Սաֆարյանը։
Կարդացեք նաև
Բանախոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը՝ հանուն այլ աշխարհաքաղաքական ուղղությունների հետ հարաբերությունների բարելավման, որոնք նույնիսկ չեն ապացուցել իրենց արդյունավետությունը, ցավալի և ճակատագրական սխալ կլինի Հայաստանի համար. «Ես իսկապես չէի ցանկանա, որ հայ հասարակությունը բաժանվեր խմբերի` արևմտամետ, ռուսամետ, եվրոպամետ և այլն, որոնք կվիճեն միմյանց հետ և կթուլացնեն Հայաստանը։ Սա չի կարելի թույլ տալ»։
Հիշեցնենք, օրերս ԵԽ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու ՀՀ թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը:
Արամ Սաֆարյանը կարծում է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում պետք է օգտագործեն երկու երկրների փորձագիտական համայնքների ներուժը՝ ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր գտնելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ