Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր պետական մարմիններ իրարամերժ պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս արցախցիներին, չի կարելի»․ Թադեւոս Ավետիսյան

Մարտ 19,2024 17:31

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրներին։ «Նախ, անթույլատրելի է հատկապես իշխող քաղաքական ուժի կողմից սոցիալական եւ հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Չի կարելի նման բան անել, սա այնտեղը չէ, որտեղ սեւեր, սպիտակներ կամ տարանջատումներ պիտի արվեն։ Ականջներիդ օղ արեք, չի կարելի, եւ սա իրական կարմիր գիծ է»,- ասաց նա։

Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին այցելել էր Մարտունու եւ Արտաշատի տարածաշրջաններ, այդ բնակավայրերում բնակություն հաստատած արցախցիները պարզ հարցեր են բարձրաձայնում։

«Տվեք այդ հարցերի պատասխանները։ Տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս մարդկանց։ Օրինակ՝ պարզ բացատրեք այդ մարդկանց կարգավիճակի տարբերությունները, օրինակ, ՀՀ քաղաքացիության դեպքում ինչ իրավունքներ ունեն, փախստականի կարգավիճակի դեպքում՝ ինչ։ Մարդիկ հարցնում են՝ եթե, օրինակ, իրենք ՀՀ քաղաքացիություն վերցնեն, արդյոք կկորցնե՞ն, թե՞ չեն կորցնի իրենց փոխհատուցման իրավունքը, իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բացատրեք այնքան, մինչեւ այդ մարդիկ պարզ կհասկանան, ոչ թե տարբեր մարմիններ տան տարբեր պարզաբանումներ՝ ամեն մեկն իր նեղ անձնական շահերից կամ այլ թաքնված ցուցումներից բխելով»,- հավելեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն հատկացնելու անհրաժեշտությանը։ «Սրանք այն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու նաեւ Աստծո դատաստանը»,- հավելեց Թադեւոս Ավետիսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031