Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ձեր նպատակը իրականում հետեւյալն է՝ դիսկրեդիտացնել Եվրամիության դիտորդական առաքելությունը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Մարտ 19,2024 16:48

ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց․ «Մեկ ու կես տարի առաջ, երբ ԵՄ դիտորդների ժամանման հարցն էր քննարկվում, դա ներկայացնում էին որպես փրկության, մեր անվտանգության ապահովման նշույլներից մեկը։ Հիմա ողբերգություն է երեւի, որ այսօր, երբ Ազգային ժողովում քննարկում ենք այս փաստաթուղթը, մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով։ Եվրադիտորդները Հայաստանում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով, Հայաստանի նոր օկուպացիայով»։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է, որ Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքում չդիտվի որպես աշխարհաքաղաքական բախումների գործիք։ «Իսկ այդպիսիք կան։ Կհիշեք, օրերս Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարը շտապեց հայտարարել՝ բա գիտե՞ք, եվրադիտորդները չեն կարողացել Ներքին Հանդ գնալ, որովհետեւ ռուսներն են։ Մեկ օր հետո ՀՀ ԱԱԾ-ն ասաց, որ Գրիգորյան Արմենը ստում է, որեւէ խոչընդոտ չկա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանը որոշել է մանիպուլյացիա անել։ Ռուբինյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած հարցերին․ «Այս համաձայնագիրը կարգավորում է արդեն իսկ գործող Եվրամիության առաքելության ներկայացուցիչների կարգավիճակը Հայաստանում։ Եթե կարճ արձագանքեմ ձեր բարձրացրած հարցերին, հարց համար մեկ՝ արդյոք ԵՄ առաքելությունը կարո՞ղ է առանց Հայաստանի ցանկության եւ թույլտվության գալ կամ մնալ Հայաստանում։ Պատասխանն է՝ ոչ։ Արդյոք ԵՄ առաքելությունը կարո՞ղ է երրորդ երկրի դիտորդներին ներգրավել՝ առանց ՀՀ համաձայնության։ Պատասխանն է՝ ոչ։ Եթե դուք սրան ի պատասխան ասեք՝ բայց այս համաձայնագրում դա կարգավորված չէ, ճիշտ կասեք, որովհետեւ այս համաձայնագրով չէ սա կարգավորվում, սա կարգավորվում է ՀՀ եւ ԵՄ միջեւ պայմանավորվածությամբ։ Ես կարծում եմ, որ ձեր՝ այս հարցերը բարձրացնելու նպատակը իրականում հետեւյալն է՝ դիսկրեդիտացնել Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Ես նաեւ կարծում եմ, որ նման նպատակ հետապնդում են, օրինակ, Ադրբեջանը եւ բոլոր այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031