Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս էլ կարող ենք արձանագրել, որ այն հատվածներում, որտեղ ԵՄ դիտորդները տեղակայված են, ունենք հնարավորինս կայուն վիճակ»․ Արսեն Թորոսյան

Մարտ 19,2024 16:32

ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին, իսկ վերջին խոշոր հարձակումը եղել է 2022 թվականի սեպտեմբերին։

«Եվ միայն դրանից հետո, երբ մենք հասկացանք, որ մեր անվտանգային ճարտարապետության մաս կազմող ոչ մի գործիք չի աշխատում՝ կլինի դա ՀԱՊԿ պայմանագիրը, թե ՌԴ հետ երկկողմ պայմանագրերը, մենք դիմեցինք մեր Եվրամիության գործընկերներին։ Սա շատ կարեւոր է, որ մենք ենք դիմել մեր Եվրամիության գործընկերներին՝ օգնելու մեզ, հնարավորինս անվտանգային նոր գործիքներ մտցնելու մեր ճարտարապետության մեջ, ինչը շատ կարճ ժամանակում ընդունվել է։ Սկզբում տեղակայվել է կարճաժամկետ առաքելությունը, եւ դրանից հետո կրկին շատ կարճ ժամանակում ընդունվել է մշտական գործող դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշում»,- ասաց Թորոսյանը։

Նա հավելեց․ «Ըստ էության բոլորս էլ կարող ենք արձանագրել, որ այն հատվածներում, որտեղ նրանք տեղակայված են, մենք ունենք հնարավորինս կայուն վիճակ։ Եվ ունենք որոշ տեղերում ոչ այնքան կայուն իրավիճակ, որտեղ նրանք դեռեւս տեղակայված չեն։ Սա շատ կարեւոր հանգամանք է, այսինքն՝ հակառակ պատկերը չունենք, այդ ամեն ինչը տեղի է ունեցել տեղակայումից առաջ»։

Թորոսյանն ասաց, որ հայկական կողմը ԵՄ դիտորդական առաքելությանը տալիս է այն կարգավիճակը, որը տրվել է բազմաթիվ դեսպանատների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների անձնակազմերի։

«Մութ սենյակում սեւ կատու չկա։ Ունենք ՍԴ դրական եզրակացությունը, որ համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց Թորոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031