ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին․ «Այս իշխանությունը հայտարարում է, որ ԵՄ-ն ճանաչում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ ի տարբերություն ՀԱՊԿ-ի։ Այս իշխանությունը թվարկում էր նաեւ 32, ապա 31 գյուղեր, որոնց կենսական տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Դրանց մեծ մասը օկուպացվել են ԵՄ դիտորդական առաքելության՝ արդեն այստեղ եղած ժամանակ։ Ինչո՞վ է դա կանխարգելվել, ի՞նչ է արվել, եւ դուք երաշխիք ունե՞ք, որ վաղը մենք նորից չենք ունենալու նույն իրավիճակը»։
Մնացական Սաֆարյանն ասաց, որ ԵՄ առաքելության բնույթը, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, այլ է։ «Այստեղի պարտավորություններն այլ բնույթ ունեն, ՀԱՊԿ-ինը՝ այլ բնույթ ունեն։ ԵՄ առաքելության այս ժամանակահատվածի գործունեությունը կառավարության կողմից գնահատվում է բավարար։ Այս կապակցությամբ մենք հայտարարել ենք, որ կարծում ենք, որ դա նպաստում է ՀՀ սահմանների անվտանգության բարձրացմանը»,- ասաց Սաֆարյանը։
Աղվան Վարդանյանը շարունակեց․ «Արդյոք այս կառավարությունը համարո՞ւմ է, որ այդ 31-32 գյուղերի օկուպացիան եղել է ԵՄ դիտորդների առկայությամբ, եւ դա բարելավել է մեր անվտանգությունը»։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ ԵՄ դիտորդներն իրենց առաքելության շրջանակներում կատարում են իրենց գործողությունները։
Կարդացեք նաև
Միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Քանի որ փաստական սխալ հնչեցրեցիք, պարոն Վարդանյան, ես հարկ կհամարեմ ճշտում մտցնել․ ոչ թե սկզբից 32, հետո 31, այլ 31 ոչ անկլավային պլյուս մեկ անկլավային, այսինքն՝ Արծվաշենը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը, պետք է հիշեցնեմ, որ դրանց մի մասն օկուպացվել է 1990-ականներին։ Ուզում եմ հիշեցնել, որ Եվրամիության դիտորդական առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերին, դրան նախորդել էր 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը, որով օկուպացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս։ Դա Եվրամիության ներկայացուցիչները որակել են որպես ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, ցավոք, ՀԱՊԿ-ը դա չի որակել այդպես։ Այսինքն՝ հստակեցնենք, որ Եվրամիության դիտորդական առաքելության՝ Հայաստան գալու մասին որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հայտնի սեպտեմբերյան հարձակումից հետո, ոչ թե առաջ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ