Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբի պես հերոս հազարավոր տղաների շիրիմներ են մնացել գերության մեջ: Նրանք մեզ երբեք չեն ների, եթե չազատագրվի Արցախը

Մարտ 19,2024 15:23

1994թ. այս օրերին սկսվել էր Արցախի 7-րդ շրջանի՝ Քաշաթաղի վերահայացումը: Արցախի պատմական Բերդաձոր գավառի Աղաձոր գյուղը գտնվում էր Հակարի գետի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ, Հադրութն ու Ջրականը Սյունիքին կապող խաչմերուկին։ 2000 թ. Արարատի մարզի Դվին գյուղից այստեղ բնակություն հաստատեց Գագիկ Խաչատրյանը՝ կնոջ, 2 դուստրերի եւ Հակոբ որդու հետ:

Աղաձորում հասակ առավ Հակոբը: Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում, հաճախ էի այցելում դպրոցներ, նաեւ՝ Աղաձորի հարեւան Վարդաբաց գյուղի, որտեղ սկզբում սովորում էր Հակոբը, աչքի ընկնող առաջադիմությամբ:

Հետագայում, երբ Արաքսի վրա սկսվեց Խուդափերինի ջրամբարի կառուցումը, եւ Վարդանացը պետք է մնար ջրի տակ, գյուղը դատարկվեց, դպրոցը տեղափոխվեց Աղաձոր։ Շրջանում, Ստեփանակերտում հաճախ էին կազմակերպվում ինտելեկտուալ խաղեր, մարզամշակութային այլ միջոցառումներ, եւ Աղաձորի թիմը մշտական մասնակիցների եւ հիմնականում հաղթողների շարքում էր։ Իսկ թիմի հիմնական առաջատարը Հակոբն էր։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 2-րդ կուրսից՝ 2014 թ. ամռանը զորակոչվեց բանակ, ծառայում էր լեգենդար «Եղնիկներ»-ում՝ հետախույզ։

2015 թ. մարտի 19-ին լսեցինք հետեւյալ պաշտոնական հաղորդագրությունը. «2015 թ. մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995 թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995 թ.):

Նախագահ Բակո Սահակյանի մարտի 19-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։

Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ (Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան եւ Սամվել Հակոբյան) վիրավորվել են»:

Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց եւ նույնպես դարձավ հավերժի ճամփորդ:

Հակոբի մահվան օրը տարածքի համայնքների բնակչության, շրջվարչակազմի աշխատակիցների կողմից Աղաձորում կազմակերպվեց մոմավառություն։ Եղավ առաջարկ եւ 2015 թ. նոյեմբերի 14-ին դպրոցը կոչվեց Հակոբ Խաչատրյանի անունով։

Դպրոցի միջանցքի մի պատին Արցախյան գոյամարտի մարտիրոսների մասին պատմող լուսանկարների ու նյութերի կողքին՝ Հակոբին նվիրված անկյունն էր՝ նրա անձնական իրերով, տետրերով, լուսանկարներով, մեկ տասնյակից ավելի պատվոգրերով ու շնորհակալագրերով, «Արիության համար» մեդալի վկայականով:

Մինչ 2020թ. 44-օրյա պատերազմը` Աղաձորի հարեւան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացվեց ինտերնետ-ակումբ, ԵՊՀ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի առաջարկով՝ այն նույնպես կոչվեց Հակոբի անունով:

Մարտի 28-ին Հակոբը կդառնա 28 տարեկան: Արդեն 9 տարի է՝ նա լուսե բանակի շարքում է՝ մեզ հետ է հոգով, իր հերոսությամբ:

Հերոսի շիրիմը Աղաձոր գյուղում էր՝ Արաքս եւ Հակարի գետերի միավորման տարածքում՝ Խուստուփ լեռան դիմացի մշտապես կանաչ ոչ բարձր բլրակի լանջին: Երբ պետք է հուղարկավորեին Հակոբին, նրա հարազատները հորը հորդորում էին այդ արարողությունը կատարել Արարատի մարզում՝ Դվինում, որտեղ ծնվել էր որդին։ Սակայն հայրը վճռական էր՝ իր որդին պետք է մնա Աղաձորում. թեկուզ նահատակ, բայց մնալու է սահմանապահ։ Հուղարկավորությունը կայացավ հերոսին վայել։

Սակայն եղավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը, եւ այսօր Աղաձորը, դպրոցը, հարեւանությամբ գտնվող հերոսի շիրիմը մնացել են գերության մեջ։

2 քույրերի միակ եղբայրն էր՝ բոլորի սիրելին: Քույրը՝ Նաիրան, որ դպրոցի վերջին տնօրենն էր, Հակոբ է կոչել իր որդուն:

Զորակոչվելու օրն ավտոբուս բարձրանալիս ասել է. «Տես, մամ, ավտոբուսի առաջին աստիճանին եմ, դա նշանակում է՝ ես արդեն ձեր որդին չեմ, երկու տարի իրավունք չունեմ ձեր մասին մտածելու, ես Հայրենիքի որդին եմ»:

Այսօր Գագիկ Խաչատրյանի ընտանիքը վերադարձել է Դվին, սակայն նրանք մշտապես Աղաձորում են…

Այժմ հայաթափ է ամբողջ Արցախը, և Հակոբի պես հերոս հազարավոր տղաների շիրիմներ են մնացել գերության մեջ: Նրանք մեզ երբեք չեն ների, եթե չազատագրվի Արցախը…

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031