Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում ու վախեցնում․ Տավուշին Սյունիքի ճակատագիրն է սպասվում․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 19,2024 15:10

«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ կատարած այցին եւ հանդիպումներին՝ հավելելով, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը կոծկելու համար, իշխանությունը պատերազմով է վախեցնում, շանտաժ է անում հասարակությանը։

«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- իր տեսակետը այսպես հիմնավորեց Տիգրան Աբրահամյանը՝ հարց հնչեցնելով՝ արդյոք Տավուշի չորս գյուղերը, հետո եւս չորսը հանձնելու բանաձեւի շրջանակներում խաղաղությո՞ւն է ապահովելու ՀՀ-ում։ Իր գնահատմամբ՝ ոչ․ «Ակնհայտ է։ Այս խաղաքարտը իշխանությունը վեջին չորս տարիներին անընդհատ օգտագործել է, Հայաստանը գնացել է նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է՝ ՀՀ գործող իշխանությունը գնում է ոչ թե սահմանների ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի հանձնման ճանապարհով․ «Հայտարարվեց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը սկսվում է Տավուշից․ սա այն դեպքում, որ մինչեւ գոնե երեկ՝ հայաստանյան իշխանությունները մի կողմից, Ադրբեջանի իշխանությունները մյուս կողմից, հնչեցնում էին այն մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա եւ քարտեզներ, որոնց հիման վրա պետք է տեղի ունենար գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսեսուսային քարտեզներ եւ իրավական փաստաթղթային բազա։ Այս պայմաններում չորս գյուղն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»։

Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ համանման գործընթաց իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ ներքին կարգով, առանց որեւէ քարտեզների, Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով։ Արդյունքում՝ Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որեւէ բան, մինչդեռ Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ։ Ինչպես Սյունիքի դեպքում, Տավուշի դեպքում եւս չի ստանալու եւ նույնը կլինի Տավուշում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031