Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի»

Մարտ 19,2024 14:10

«Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը եւ ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաեւ առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի»,-այս մասին այսօր ՀՀ վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս հանդիպումից հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո ՀՀ-ի համար չափազանց կարեւոր է ուժեղացնել իր դիմակայունությունը եւ զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները․ «Մենք մեծապես կարեւորում ենք Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ այն համարում ենք կարեւոր ներդրում միջազգային խաղաղության ե անվտանգության ապահովման գործերում։

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, եւ ինչպես տեղյակ եք, 2023-ի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն իրավիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով»։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ նաեւ տարածաշրջանացման քաղաքականությանը․ «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի, Իրանի Իսլամական հանրապետության հետ չափազանց կարեւոր են եւ մեր որեւէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»։

Փաշինյանն ասաց, որ Ստոլտենբերգին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ՀՀ կառավարության տեսլականն ու մոտեցումները․«Վերահաստատում եմ պատրաստակամությունը կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա, համաձայն այդ հռչակագրի՝ ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատումը վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջեւ, ինչպես նաեւ տարածարջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա»։

ՀՀ վարչապետը, ինչպես ինքն ասաց, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին հայտնի եւ երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ հարկադրանքի եւ սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը։ Պարոն Ստոլտենբերգին ներկայացրել եմ 1991 թվականի ՀՀ-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք մինչ օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն հավատարիմ է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին․ «Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022-ին ձեռք բերված, հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրական ազդել հարավ-կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում, ինչպես ասաց Փաշինյանը, անդրադարձ է եղել ՀՀ զինված ուժերի բարեփոխումների օրակարգին, ընդգծվել է, որ այս գործընթացն ուղղված չէ որեւէ պետության դեմ, այն միտված է բարձրացնել ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողություններն՝ ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով տարածաշրջանում է, նա մինչ ՀՀ ժամանելը, այցելել էր Բաքու եւ Թբիլիսի:

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031