«Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց մյուս կողմից տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, հասկանո՞ւմ եք։ Մենք չպիտի նայենք՝ ինչից է հիսուն մետր հեռու, որտեղից էլ սկսի, ինչ-որ մի բանից հեռու է, թեկուզ երեք սանտիմետր։ Մեր խնդիրն է՝ մի միլիմետրի ճշտությամբ երկրի տարածքը որոշենք»,-երեկ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ, հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։
Փաշինյանը հանդիպել է նաեւ Կիրանցի բնակիչների հետ։
Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպմանն ասել է՝ երբ խոսում ենք տների մասին՝ մենք հարցը պետք է ձեւակերպենք հետեւյալ կերպ՝ այդ տունը ՀՀ տարածքո՞ւմ է, թե՞ ոչ․ «Եթե ՀՀ տարածքում չի, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի քաղաքացի, մի տուն է, հինգ տուն է, քեզ ինչքա՞ն պետք է փոխհատուցենք, որպեսզի Ոսկեպար գյուղում ուրիշ տեղ գանք կառուցենք տուն, փողը տանք, դուք կառուցեք։ Այն տները, որոնք սահմանին այնքան մոտ են, որ մարդը կասի՝ ես չեմ ուզում այս տանն ապրել, կասենք ՝շատ լավ։ Շուռնուխ գյուղում էլի նույն հարցն է»։
Բնակիչներից մեկը տեղից արձագանքեց՝ բայց ապրո՞ւմ են Շուռնուխում։
Կարդացեք նաև
«Այո, իհարկե, ապրում են, ոչ միայն ապրում են, այլեւ քանի տուն եք այնտեղ սարքում»,-ասաց Փաշինյանը։
Բնակիչներից մեկն էլ դիմեց Փաշինյանին՝ փոխանակման հարց կա Ջողաց կամ Բերքաբեր գյուղի տարածքում, 900 հեկտար էնտեղ հող ունենք, որ նրանց ճանապարհը մեջտեղով գալիս է, եթե կարաք՝ փոխանակեք։
«Ես էլի եմ ասում, եթե չենք ընդունում, որ մեր երկրի տարածքն այս է, ուրիշը խի՞ պիտի ընդունի։ Մի ասեք, որ մենք էս կանենք, էն կանենք, ես գիտեմ՝ մենք ինչ կարանք անենք կամ չանենք։ Մենք պետք է պատերազմ թույլ չտանք, եթե ձեր ասածը նույնիսկ ճիշտ է»,-պատասխանեց Փաշինյանը։
Բնակիչներից մեկ ուրիշը կրկին տեղից արձագանքեց՝ մեր հողերը տանք, պատերազմ չլինի։
«Ո՞ւմ հողերը, մեր հողերից ոչ մի միլիմետրի մասին խոսք չի գնում»,-պատասխանեց Փաշինյանին։ Նրան կրկին արձագանքեցին՝ Ջողացի հողերը մերն են։
«Չէ, մի րոպե, դուք ուշադիր չէիք, մենք էդ խոսակցությունը տանում ենք, ասում ենք՝ տվեք մեր հողերը, իրենք էլ ասում են՝ մեր հողերը տվեք։ Իրենք ասում են՝ ձեր գյուղերից ոչ մեկը մեր տիրապետության տակ չի»,-ասաց Փաշինյանը։
Բնակիչներից մեկն ասաց՝ մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, եթե ադրբեջանցին գետից էս կողմ անցնի, մեր սահմաններն այնքան վատն են կամ ճիշտ չեն գծված, որ գյուղում ապրելը դառնում է անհնար։ Դուք ասում եք՝ ադրբեջանցին պահանջում է չորս գյուղ, որը անկլավային տարածքներ չեն, խնդրանք կամ պահանջ, բանակցեք այնպես, որ իրենք թող տիրապետեն իրենց չորս գյուղերին, բայց գետից էս կողմ չանցնեն, անցնելու դեպքում չկա բնակավայր, անտառ․․․ մենք նույնիսկ պատրաստ ենք մեր գյուղացիներով զիջենք չորս գյուղը, մենք չէ, որ պիտի զիջենք, բայց պատրաստ ենք համակերպվել, որ ադրբեջանցիք հետ գան իրենց ներքին Աքսիփարով, Այրումով ապրեն, բայց գետից էս կողմ չանցնեն։
Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ դուք անցաք դետալային քննարկման, որը թղթի վրայի թեման է․ «Հիմա մեր սահմանագծման հանձնաժողովն էլ կգա ձեզ հետ մի հատ քարտեզ կկախի, դուք քարտեզի վրա ձեր նկատառումները կասեք, որովհետեւ պիտի նայենք՝ գետը սահմանի հետ ինչ հարաբերություն ունի։ Բայց խնդիրն այն է, որ շփման գիծն ուրիշ բան է, սահմանն՝ ուրիշ։ Շփման գիծը մի երեւույթ է, որից էս կողմ, էն կողմ իրար վրա կրակելը նորմալ բան է։ Սահմանը մի բան է, որից էս կողմ կամ էն կողմ կրակելը արտառոց երեւույթ է։ Այսինքն, մեր խնդիրն է՝ ունենալ սահման, որը միջազգայնորեն եւ դե յուրե պարիսպ է: Սահմանից էս կողմ, էն կողմ կրակելն ընդունված չի լինելու։ Մենք ճանապարհները կառուցելու ենք, գյուղին ամեն ինչով ապահովելու ենք, որտեղ պետք լինի՝ փոխհատուցումները կվճարենք։ Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»։
Նույն բնակիչը կրկնեց՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, գյուղական կարգով տարածքին ծանոթ լինելով՝ ասում ենք՝ եթե հնարավոր է, գոնե տանք էդ չորս գյուղը, գետից էս կողմ չանցնեն, էսքանն ենք խնդրում։
Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք ինչ-որ բան տալիս ենք, ինչ-որ բան պահանջելու համար ենք տալիս։ Իրեն էլ երեսուն տարի պահանջողի կարգավիճակում են եղել։ Մենք էլ պիտի քայլ առ քայլ գնանք՝ պահանջենք»։
Փաշինյանը խոստացավ՝ կարվի ամեն ինչ։
Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանն հարց ուղղեց՝ ասաց՝ 2020 թվից հետո Ադրբեջանը միջազգային ոչ մի օրենք չի ճանաչել, երաշխիքը ո՞րն է, որ զիջելուց հետո Ադրբեջանն էլ իր խոստացածը կանի, որ էս մարդկանց կյանքը բնականոն գնալու է, միջազգային հարթակներում մեզ աջակցո՞ւմ են այդ պահանջների հարցում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք։
Փաշինյանն ի պատասխան ասաց՝ մի դեպքում կա երաշխիք, որ մենք կունենանք պայթյուն, մի դեպքում չունենք երաշխիք․ «Մենք հենց այս իրադրությունը հաշվի առնելով՝ գալիս ենք շատ թե քիչ գործուն միակ երաշխիքին, մենք գալիս ենք՝ կանգնում մեր լեգիտիմության սահմանին, որ ասենք՝ մի րոպե, սա մեր իրավունքն է՝ ե՛ւ միջազգայնորեն, ե՛ւ տեղական ե՛ւ մեր պայմանավորվածությամբ։ Կարեւորն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո գրավոր պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք Ալմա-Աթիի հռչակագրի վրա։ Եթե պայմանավորվածությունը մտավ ուժի մեջ, էդ պահից մեր դիրքերն ամրանալու են»։
Փաշինյանը բնակիչներին ասաց՝ եթե ձեր տունը ձեր սեփականության վկայագրի սահմանից դուրս է, ձեզ վարկ չեն տա, սեփականությունն էլ չեն գրանցի։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ