Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միջնադարյան հուշարձանի՝ եկեղեցու վրա հայտնվում են եվրոպատուհաններ, օրենքի բաց չկա՞»

Մարտ 19,2024 12:57

ԱԺ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանն ասաց, որ մշակույթի ոլորտում ՀՀ-ն վավերացրել է վեց կոնվենցիա։ «Բայց ես մասնավորապես ուզում եմ անդրադառնալ «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիային ու դրա երկու արձանագրություններին, որոնք այն ստորագրած կողմերին պարտավորեցնում են հարգել իրենց եւ մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով դրանց անմիջական օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասելուն»,- ասաց պատգամավորը։

Նախագծով նաեւ նախատեսվում է մեծացնել կառավարության լիազորությունները հուշարձանների պահապանման ոլորտում։

Վլադիմիր Վարդանյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ հետեւյալ հարցին․ «Մշակութային արժեքների պահպանություն դեռեւս չի նշանակում սոսկ պահպանել, եւ վերջ։ Օրինակ՝ արդյոք պահպանվո՞ւմ են վերականգնման կանոնները, օրինակ, շատ դեպքերում ականատես ենք եղել, որ միջնադարյան հուշարձանի վրա, օրինակ, եկեղեցու վրա հայտնվում են եվրոպատուհաններ։ Լավ է, թե՞ վատ, պահպանման տեսանկյունից վատ չէ, բայց նույնականության տեսանկյունից սա լրջագույն խնդիր է, ինչպես պահպանել աուտենտիկությունը։ Նախագիծն անդրադարձե՞լ է նաեւ այս խնդրին, օրինակ՝ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում նոր շինություններ են կառուցվում, արդյոք աուտենտիկությունը կարողանո՞ւմ ենք պահպանել, եւ ինչպե՞ս է պետությունն արձագանքում նման խնդիրներին»։

Թագուհի Ղազարյան

Հարակից զեկուցող պատգամավոր Թագուհի Ղազարյանն արձագանքեց․ «ՀՀ տարածքում կան միջնադարյան հուշարձաններ՝ բերդեր ու ամրոցներ, որոնք ժամանակակից քարով ու սվաղով ամրացնելու բերումով կորցրել են իրենց արժեքն այն առումով, որ կարող էին գրանցվել համամարդկային հուշարձանների ցանկում։ Եվ դա անվերականգնելի վնաս է։ Այս նախագիծն այդ հարցը չի լուծելու, այդ հարցի վերաբերյալ կարգավորումներով ունեցանք նախորդ տարի, երբ ամբողջական օրենքի նախագիծ բերեցինք, որով հնարավորինս կարգավորվում են վերականգնման ու ռեստավրացիայի հարցերը»։

Վլադիմիր Վարդանյանը շարունակեց․ «Քո սեփական հողի վրա ստանդարտ տիպային տուն կառուցելու համար հսկայական բյուրոկրատական ապարատի միջով ես անցնում, որպեսզի ձեռք բերես թույլտվություն։ Բայց ստացվում է, որ վաղ միջնադարյան հուշարձան է, եւ մեկը բերում եվրոպատուհաններ է տեղադրում։ Արդյոք օրենսդրական բաց չունե՞նք»։

Ալֆրեդ Քոչարյան

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ նախարարությունը նախագծի նախնական տարբերակին բացասական դիրքորոշում էր տվել, սակայն լրամշակված տարբերակը բավական դրական արձագանք ունի կառավարության կողմից։ Ըստ նրա՝ Հայաստանում կան 24 հազարից ավելի հուշարձաններ, որոնք շատ դեպքերում որոշ մարդկանց սեփականություն են հանդիսանում։ «Եվ նրանք կարող են առանց ընթացակարգը պահպանելու որոշ միջամտություններ անել, որն անթույլատրելի է։ Հայտնաբերելու դեպքում, բնականաբար, մենք արձագանքում ենք եւ պահանջում ենք վերականգնել նախնական տեսքը»,- հավելեց փոխնախարարը։

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց․ «Տուրիստներին տանում եւ ցույց ենք տալիս, որ անկախ Հայաստանի Հանրապետությունում Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած Հայաստանում խոնարհված ու կիսավեր եկեղեցիներ կան։ Սա ոչ հպարտանալու, ոչ էլ ցուցադրելու բան է, դա ամոթալի բան է, բոլորին կոչ եմ անում այդ ուղղությամբ աշխատել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031