Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հանձնման մեխանիկան

Մարտ 19,2024 11:04

Նիկոլի վերջին ասուլիսը նվիրված էր Նոյեմբերյանի շրջանի 4 գյուղերի հանձնման հայտարարությանը։ Ընդ որում՝ նա առանձնապես ջանքեր էլ չգործադրեց իրեն հատուկ ճարպկամտությամբ այդ հանձնումն արդարացնելու կամ սքողելու համար, քանի որ համոզված է, որ Հայաստանի բնակչությունը դրա դեմ ընդվզելու գործիքներ չունի։ Ըստ էության, «խաղաղության խաչմերուկի» կառուցման ներկա էտապը սովետական քարտեզների վրա նշված անկլավները Ադրբեջանին տալն է։

Այս առթիվ 3 կարեւոր հարց է ծագում.

1.Ո՞րն է Ռուսաստանի շահը։

Ռուսաստանն այս գյուղերի շուրջ մտցնելու է «խաղաղապահ զորքեր», որոնք իրենց վերահսկողության տակ են առնելու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը։ Ընդ որում, այս անգամ նա զորքերը մտցնելու է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի պահանջով։ Իսկ Հայաստանը դրա դեմ ոչինչ չի կարող անել, քանի որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի մեկնաբանությամբ։ Մենք գիտենք, որ Նիկոլը հիմա շատ է հակառուսական բառեր ասում, սակայն իրականում նրա գործողությունները նպաստում են Ռուսաստանի նպատակների իրականացմանը, տվյալ դեպքում՝ հայ-վրացական սահմանը ռուսական վերահսկողության տակ անցնելուն։

2.Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։

Ամենայն հավանականությամբ, հաջորդ քայլը լինելու է Տիգրանաշենի հանձնումը, ինչի մասին Նիկոլը հայտարարել էր դեռեւս անցյալ տարվա մայիսի 22-ին։ Բնական է, որ այստեղ եւս ռուսական «խաղաղապահներ» են տեղակայվելու։ Սրանով Սյունիքը Հայաստանի մյուս շրջաններին կապող մայրուղին եւս կհայտնվի ռուս-ադրբեջանական վերահսկողության տակ։ Այնուհետեւ սկսվելու է Սյունիքի հանձնումը։

Փաստորեն, մի ձեռքով ռուս սահմանապահներին հանելով «Զվարթնոց» օդանավակայանից, Նիկոլը նրանց տեղադրելու է Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Սյունիք սահմաններին։

Պատահական չէ, որ թուրքական փորձագետներն արդեն խոսում են ոչ թե տրանսպորտային միջանցքից, այլ Սյունիքին Կալինինգրադի մարզի նման կարգավիճակ տալու, կամ հատուկ «միջազգային» ստատուսի մասին։

3.Ի՞նչ է անելու ընդդիմությունը։

Հավանաբար պաշտոնական ընդդիմությունը կշարունակի Նիկոլին անիծելն ու հայհոյելը եւ այս ամենի պատճառները նրա «արեւմտամետության» հետ կապելը, կամ անգլո-սաքսոնական-մասոնական հետք փնտրելը։

Եթե Նիկոլը ռուս-ադրբեջանական պլանների կատարման դեմ երկար համառի, չի բացառվում նաեւ հզոր հանրահավաքներ կազմակերպելը, բայց այնպիսի հզոր, որ հեշտությամբ հնարավոր լինի միտինգավորներին տուն ուղարկել։ Պուտինը Նիկոլին կասի. «Տղա ջան, տես ինչքան մարդ է հավաքվել։ Եթե դու չտաս, սրանք կգան իշխանության եւ իրենք կտան։ Այսինքն, ոչ ես, ոչ էլ Ռուսաստանը չի տուժում։ Իսկ Հայաստանն այլընտրանք չունի։ Այլընտրանք ունես միայն դու՝ կամ գլուխդ ուսերիդ կմնա, կամ կթռնի»:

Դրանից հետո Նիկոլը կհանձնի տարածքները, իսկ ընդդիմությունը հանրահավաքին տուն կուղարկի։

Փաստորեն, ռուսական զորքը Հայաստանը կենթարկի 100%-անոց շրջափակման, ինչից հետո Նիկոլը կհայտարարի Հայաստանի Հանրապետության լուծարման մասին, եւ իր գրասենյակի բանալիները եւ կնիքը կհանձնի Երեւան մտած Ալիեւին։

Ավելորդ չէ հիշել, որ մոտավորապես 100 տարի առաջ մոտավորապես նույն տարածքներից Հայաստան մտավ ռուսական 11-րդ բանակը, որը վերջ դրեց Հայաստանի անկախությանը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031