Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է բերանից տհաճ հոտ գալիս․ սպասելի ու անսպասելի պատճառները

Մարտ 19,2024 09:30

Որոշ սննդատեսակները, ատամների վատ խնամքը, վնասակար սովորությունները, առողջական տարբեր խնդիրները կարող են բերանի տհաճ հոտի առաջացման պատճառ։

Ըստ էության, սննդի յուրացումը սկսվում է բերանից և բացի նրանից, որ սնունդն արդյունքում ներծծվում է արյան մեջ, նաև ազդում է մարդու կողմից արտաշնչվող օդի վրա, և բնական է, որ սուր հոտով մթերքների (օրինակ՝ սոխ, սխտոր) օգտագործման հետևանքով կարող է բերանից տհաճ հոտ գալ, որը կարող է պահպանվել անգամ ատամները մաքրելուց կամ բերանը ողողելուց հետո այնքան ժամանակ, մինչև այդ սննդատեսակը դուրս գա օրգանիզմից։

Բերանի հոտի վրա ազդող մթերքներ են պանիրը, համեմունքները, գազավորված ըմպելիքները, ոգելից խմիչքը և այլն։

Բերանի տհաճ հոտ է առաջանում նաև այն դեպքում, երբ մարդը երկար ժամանակ քաղցած է մնում։ Երբ օրգանիզմը սկսում է ճեղքել ճարպը, քիմիական նյութեր են արտազատվում, որոնք կարող են շնչառությանը տհաճ հոտ հաղորդել։

Բերանի տհաճ հոտի հիմնական պատճառներից մեկն ատամների վատ խնամքն է, քանի որ դրա հետևանքով ատամների, լնդերի շրջանում, լեզվի վրա բազմանում են բակտերիաները։ Բերանի խոռոչի վատ հիգիենայի պատճառով առաջացող լնդերի բորբոքումը և այլ խնդիրներ նույնպես ազդում են բերանի հոտի վրա։

Ծխելը կամ ծխախոտի հիմքով մթերքների օգտագործումը ևս կարող է առաջացնել բերանի տհաճ հոտ։

Հիշյալ խնդիրները կարելի է չեզոքացնել բերանի խոռոչի պատշաճ խնամքի արդյունքում։ Սակայն բերանի մշտական տհաճ հոտը կամ համը կարող են հուշել առողջական խնդիրների, օրինակ՝ լնդերի հիվանդությունների մասին, որոնք չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել լնդերի ու անգամ ծնոտի ոսկրի վնասվածքների։ Բերանի տհաճ հոտի առաջացման ստոմատոլոգիական պատճառների թվում են կարիեսը, բերանի խոռոչի վարակներն ու բերանում տեղադրված ատամնաբուժական անհաջող հարմարանքները կամ դրանց վատ խնամքը։

Բերանի չորությունը (քսերոստոմիա) նույնպես կարող է բերանի տհաճ հոտի պատճառ դառնալ։ Թուքն անհրաժեշտ է բերանի խոռոչը խոնավացնելու, թթուները չեզոքացնելու, մեռուկացած բջիջները մաքրելու համար։ Եթե  այդ բջիջները  չեն հեռացվում, քայքայվում են ու անցանկալի հոտ առաջացնում։ Բերանի չորությունը կարող է առաջանալ որոշ դեղամիջոցների օգտագործման կողմնակի ազդեցության հետևանքով, թքագեղձերի խնդիրների կամ անընդհատ բերանով շնչելու պատճառով։

Բերանի տհաճ հոտի առաջացման պատճառ հանդիսացող առողջական այլ խնդիրների թվում են՝

  • սեզոնային ալերգիան,
  • շնչառական ուղիների վարակները, ինչպիսիք են բրոնխիտն ու թոքաբորբը,
  • թոքերի քրոնիկ հիվանդությունները,
  • հարքթային խոռոչների քրոնիկ վարակները,
  • դիաբետը,
  • քրոնիկ թթվային ռեֆլյուքսը,
  • աղեստամոքսային խնդիրները,
  • լյարդի ու երիկամների հետ կապված խնդիրները։

Բերանի տհաճ հոտի կանխարգելման միջոցները

  • Պահպանել բերանի խոռոչի հիգիենայի կանոնները՝ օրական երկու անգամ ատամները լվանալով, ատամի թել և ըստ անհրաժեշտության խնամքի այլ միջոցներ օգտագործելով։

Խորհուրդ է տրվում 2-3 ամիսը մեկ փոխել ատամի խոզանակը։ Բերանի խոռոչի խնամքն իրականացնելիս պետք չէ մոռանալ լեզուն մաքրելու կարևորության մասին, քանի որ լեզուն կարող է պարարտ միջավայր դառնալ բակտերիաների աճի ու բազմացման համար։

  • Հոգալ բերանի խոռոչի խոնավության պահպանման մասին՝ բավականաչափ հեղուկներ օգտագործելով, գիշերվա ժամերին օդը խոնավացնող սարքեր կիրառելով։
  • Պահպանել ստոմատոլոգիական հարմարանքների՝ պրոթեզների, բրեկետների մաքրությունը՝ դրանց խնամքն իրականացնելով ատամնաբույժի ցուցումներով։
  • Կանոնավոր այցելել ատամնաբույժին՝ տարեկան 2 անգամ, իսկ երբ կան խնդիրներ, ապա ավելի հաճախ։
  • Հրաժարվել ծխելուց ու ծխախոտ պարունակող այլ միջոցների օգտագործումից։
  • Սննդակարգը հարստացնել մրգերով ու բանջարեղենով։ Խնձորը, գազարը, նեխուրն ու այլ կոշտ մրգերն ու բանջարեղենի տեսակները նաև հեռացնում են ատամնափառը, որը բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներից է։
  • Գտնել բերանի տհաճ հոտի առաջնային պատճառն ու բուժել այն․ եթե խնդիրը մշտական է և չի անցնում հիշյալ պարզ գործողությունների արդյունքում, ապա անհրաժեշտ է հետազոտվել բժշկի մոտ՝ առողջական ավելի լուրջ խնդիրները հայտնաբերելու և բուժելու համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031