Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ՀՀ. նմանություններ եւ տարբերություններ

Մարտ 19,2024 10:00

«Ինձ ժողովուրդն է ընտրել՝ ինչ կուզեմ, կանեմ»: Այդպես են սովորաբար իրենց կամայականություններն արդարացնում ավտորիտար ռեժիմների բոլոր ղեկավարները: Այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում:

Ի՞նչ է նշանակում «ընտրել է»: Դա, ըստ ավտոկրատների, նշանակում է, որ քվեարկությունն անցել է առանց լուրջ միջադեպերի եւ առանց «հետընտրական» խժդժությունների: Բայց այդ չափանիշները, որոնց Հայաստանն ու Ռուսաստանը այժմ հիմնականում համապատասխանում են, բավարար չեն անգամ բուն ընտրություններն ազատ եւ արդար համարելու համար: Եվ դրանք բացարձակապես չեն վկայում այն մասին, որ տվյալ երկրի քաղաքական ռեժիմն իրապես ժողովրդավարական է:

Իհարկե, երկու երկրների միջեւ տարբերությունները նույնպես ակնհայտ են: Ռուսաստանի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ որպես Պուտինի «մրցակիցներ» գրանցվել են խամաճիկ թեկնածուներ՝ Սլուցկին, Խարիտոնովը եւ ոմն Դավանկով, որոնք ամբողջությամբ սատարում են Պուտինի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմը: Համարել այդ մարդկանց «այլընտրանքային թեկնածուներ»՝ զավեշտալի կլիներ: Իսկ այդ երեքից քիչ թե շատ տարբերվող Բորիս Նադեժդինի գրանցումն ընդհանրապես մերժել են:

Հայաստանում այլընտրանքային թեկնածուներն ու կուսակցությունները մասնակցում են ընտրություններին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ ընդդիմադիրների ծրագրերն իսկապես այլընտրանքային:

Իհարկե, հնարավոր չէ նաեւ չնկատել, որ Հայաստանում չկան ոչ իշխանամետ լրատվամիջոցների հանդեպ այնպիսի ճնշումներ, որոնք կիրառվում են Ռուսաստանում: Էլ չխոսենք «էլեկտրոնային քվեարկության» հետ կապված հնարավոր խարդախությունների եւ Ուկրաինայի 4 մարզերում կայացած «ընտրությունների» մասին, որոնք որեւէ ձեւով հնարավոր չէր վերահսկել: Մի խոսքով, մեր մեղմ ավտորիտարիզմը տարբերվում է նրանց նույնատիպ, բայց շատ ավելի կոշտ ռեժիմից:

Բայց դեռեւս 13-րդ դարում Թովմաս Ակվինացին նշում էր, որ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչպես է իշխանությունը ձեռք բերվում, այլեւ, թե ինչպես է այն կիրառվում: Իսկ այդ առումով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էական տարբերություն չկա:

Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից է իշխանության թեւերի բաժանումը, որը բացակայում է երկու երկրներում: Չկան հակակշիռներ եւ զսպումներ. առաջին դեմքի մտքին ինչ փչի, դա էլ կանի: Չէ՞ որ նրան «ժողովուրդն է ընտրել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    «…Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից է իշխանության թեւերի բաժանումը, որը բացակայում է երկու երկրներում: Չկան հակակշիռներ եւ զսպումներ. առաջին դեմքի մտքին ինչ փչի, դա էլ կանի: Չէ՞ որ նրան «ժողովուրդն է ընտրել»:
    «Твои б слова да Богу в уши»:
    Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ: «Մի հիմար քարը գցեց ջրհորը (1990 թվականին), 100 000 “խելոք” (մինչ օրս) չկարողացան հանել»:

  2. Լավատես says:

    Մանիպուլացված ժողովուրդն ու Սահմանադրության երկրորդ հոդվածի ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը՝ դրանք տարբեր ժողովուրդներ են: Մանիպուլացված ժողովուրդը ընտրում է չարիքի փոքրագույնը, իսկ Սահմանադրության իշխանության տեր ժողովուրդն ընտրում է բարիքի մեծագույնը: Եթե մարդ իր շենքի, կանգառի կամ թոշակի խնդիրը չի համարձակվում լուծել, որոնք քաղհասարակության խնդիրներ են, ուրեմն ավելի բարդ քաղաքական խնդիրներ, որոնք ժողովրդավարություն են կոչվում, նա չի լուծի: Չկա քաղհասարակություն, չկա եւ ժողովրդավարություն: Մարդ չի կարող մանկապարտեզից միանգամից համալսարան ընդունվի՝ առանց միջնակարգ կրթության, քաղհասարակությունը հենց միջնակարգ քաղաքական կրթությունն է, ժողովրդավարությունն էլ բարձրագույն քաղաքական կրթությունն է: Մանիպուլացված ժողովուրդը քաղաքական մանկապարտեզի ժողովուրդն է, համոզված եմ, որ մեր հարգված քաղաքական գործիչները ժողովրդի միջնակարգ եւ բարձրագույն քաղաքական կրթությամբ կզբաղվեն եւ մենք կունենանք իսկական ժողովրդավարություն եւ լավագույն իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031