Խոսելով ՀՀ Տավուշի մարզից տարածքներ Ադրբեջանին տալու Նիկոլ Փաշինյանի ցանկության մասին, որոնք ըստ նույն Փաշինյանի հայկական չեն եղել ու պատկանել են թշնամուն, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ցույց տվեց 2020 թվականի «Այո»-ի քարոզարշավի նախընտրական բուկլետը, որի վրա Հայաստանն ու Արցախը պատկերված էին որպես մեկ երկիր, եւ ասաց. «Սա ոչ միայն մեր ստեղծած հայրենիքն է, որ անցավ սրա տնօրինության տակ:
Սրանք 2020 թվականին, մինչեւ 44-օրյա պատերազմը սահմանադրության մեջ փոփոխությունները նախաձեռնել էին ոչ թե դրույթները կարգավորելու համար, այլ Սահմանադրական դատարանում իշխանությունը զավթելու: Այն էլ նրա համար, որ գիտեին, որ այդ տարվա մեջ պատերազմ է լինելու, պատերազմից հետո պիտի կապիտուլյացիա ստորագրեն, Սահմանադրական դատարանը պիտի համաձայնություն տա, որ վավերացնեն: Եվ իմանալով, որ Սահմանադրական դատարանի հին կազմը ոչ մի պարագայում դա չի անի, այս փոփոխությունը պիտի անեին, որ հետո գնան պատերազմ: Այսինքն, սա պլանավորված գործողություն էր:
Հայաստանի հպարտ քաղաքացու բուկլետը, եթե հիշում եք, ինքն անձամբ էր բաժանում: Եվ Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրի վրա պատկերված էր այն Հայաստանի Հանրապետությունը, որի վրա ինքն ուներ իշխանություն 2020 թվականին:
Կարդացեք նաև
Հիմա այս նույն մարդը նստել է կառավարության շենքում, մի խաղալիք է սարքել տվել ու ասում է, թե Հայաստանը սա է»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ համեմատելու նպատակով ցույց տվեց նաեւ Ադրբեջանի հրապարակած մի քարտեզ, որտեղ Հայաստանը համարվում է արեւմտյան Ադրբեջան:
«Այս մարդը վերջին ասուլիսում ասում է՝ իբրեւ Արցախի հարցը վաղուց լուծված էր, որ 2016 թվականին արդեն պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս չի կարող լինել: Բա որ դեռ 2016-ին պարզ էր, Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիրը պատրաստել ես 2020 թվականին ու դու ես պատրաստել: Դու, ոչ թե ես: Ո՞նց կարող է նման բան լինել: Ասուլիս բերած նրա քարտեզը պատերազմի հետեւանքն է, չէ՞»,-տեղեկացրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ