Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.
«Հիմա Փաշինյանը շատ պետք է հիշի 2023-ի սեպտեմբերը……
Կարծես, քչերը Հայաստանում ուշադիր եղան, թե ինչ իրականում տեղի ունեցավ այդ սեպտեմբերին:
Իսկ տեղի ունեցավ հետևյալը:
Կարդացեք նաև
2023-ի սեպտեմբերի առաջին կեսին՝ Երևանի ընտրություններին զուգահեռ, ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական գործողության Հայաստանի դեմ: Հենց Հայաստանի, ոչ թե Արցախի:
Դա պարզ էր բազմաթիվ նշաններից՝ ադրբեջանական քարոզչություն, պաշտոնական հայտարարություններ, սահմանին կուտակումների մասին հավաստի լուրեր և այլն, և այլն:
Իրավիճակը սրվեց այնքան, որ մի քանի օր իրար վրա, ամեն առավոտ սպասվում էր պատերազմի սկսվելու մասին լուրը:
Հարվածի գլխավոր ուղղության մասին տարբեր բաներ էին ասում՝ Վարդենիս, Ջերմուկ, Տավուշ: Բայց փաստ էր, որ պատերազմից մի րոպե էր պակաս:
Այդ օրերից մեկին էր, որ Փաշինյանը մի օրում հերթով զանգեց արևմտյան առաջնորդներին՝ Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ…..: Մեկ օրվա մեջ: Ըստ պաշտոնական լրատվության բոլորին մեկ բան էր ասում, որ պատրաստ է Ալիևի հետ խոսել ցանկացած պայմաններով:
Սա ինքնին ապացույց էր պատերազմից մի րոպե պակասի, եթե դեռ կասկածողներ կային:
Ըստ ամենայնի այդ զանգերը չօգնեցին:
Բայց եղավ մեկ այլ հեռախոսազրույց:
Էրդողան-Փաշինյան զրույցը:
Դրա մասին շատ սուղ պաշտոնական լուր եղավ:
Բայց իրավիճակը լիցքաթափվեց անմիջապես դրանից հետո:
Պատերազմը չսկսվեց:
Բայց ինչո՞ւ և ինչի՞ դիմաց:
Այն ժամանակ էլ խոսում էինք Մարտականում սրա մասին, և արձանագրեցինք, որ դա պարզ կդառնա հետագա դեպքերից:
Իրոք, Հայաստանի դեմ պատերազմը չսկսվեց:
Երևանի ընտրություններն ավարտվեցին խաղաղ պայմաններում:
Ավարտվելուն պես սկսվեց պատերազմը, բայց ոչ թե Հայաստանի, այլ Արցախի դեմ:
Հայաստանն ամեն կերպ դիստանցավորեց իրեն Արցախից:
Իշխանամետ քարոզչությունը լցվեց գործի՝ մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ, ասում էին: Մենք չպետք է դա անենք:
Մի օրում հայկական Արցախը կամ այն ինչ մնացել էր դրանից հանձնվեց:
Դա տեղի ունեցավ Ադրբեջան-ռուսական խաղաղապահներ-Արցախի նոր իշխանություն, և իհարկե՝ Հայաստանի կառավարություն և Թուրքիա փոխհամաձայնությամբ:
Սա հերթական և շատ կարևոր դեպքն էր, երբ Հայաստանի կառավարությունը գործակցեց ռուս-թուրքական դաշինքին:
Կարող են ասել, նրանց ինչներին էր պետք Հայաստանի դիրքը, առանց դրա էլ հարցը կլուծեին:
Ոչ, դա այդպես չէ:
Շատ կարևոր էր թշնամու համար Արցախի հարցը լուծել հնարավորինս արագ:
Մյուս կողմից կարևոր էր, որ լինի թեկուզ մեկ օրանոց ձևական դիմադրություն, որպեսզի ապացուցվի, որ դե փորձեցինք կռվով պահել, չստացվեց: Համ էլ՝ ցուցադրվի, որ դիմադրությունն անիմաստ է:
Իսկ ինչո՞ւ համար էր պետք արագությունը:
Եթե Արցախի դիմադրելը տևեր թեկուզ մի քանի օր, մի օրվա փոխարեն, ապա հարցը լրիվ այլ կերպարանք կարող էր ստանար, թե միջազգային ասպարեզում, թե Հայաստանի ներսում:
Արևմտյան տերությունները, ելնելով, բնականաբար իրենց շահից, ամենևին էլ երջանիկ չէին հարցի լուծման ադրբեջանական տարբերակից:
Բայց պետք էր գոնե մի քանի օրվա պայքար:
Եվ այստեղ է, որ իբր այդքան արևմտամետ և իբր հակառուս Հայաստանի կառավարությունն ամեն բան անում է, որպեսզի Արևմուտքը չհասցնի որևէ բան անել: Որպեսզի ՄԱԿ-ում հարցի քննարկումն արդեն պոստֆակտում իրավիճակում տեղի ունենա: Հայաստանի դիստանցավորված դիրքը հենց սրա ապահովման համար էր:
Եթե հիշում եք, բացի ամենից եղավ նաև Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ դե գիտեք ինչ, ոչ մի բռնություն, էթնիկ զտում էլ չկա: Ինչը նույնիսկ ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ խնդիր առաջ բերեց:
Սա էր, ուրեմն, Էրդողանի հետ խոսակցության մոտակա արդյունքը:
Ի՞նչ էին պայմանավորվել:
Հայաստանի դեմ պատերազմ չի սկսվում:
Բոնուս՝ Երևանի ընտրություններն բարեհաջող անց են կացվում:
Դրա փոխարեն, Երևանն ամեն ինչով նպաստում է Արցախի օպերացիային, հնարավորինս ջանք է գործադրում, որ Արևմուտքի միջամտության արդյունավետ տարբերակ չլինի: Նաև՝ բռնի տեղահանման, էթնիկ զտման թեման ցրվի:
Սա քիչ նվեր չէր Իլհամ Հեյդարովիչին և նրա դաշնակիցներին:
Արցախը հայաթափվեց, Իլհամը հերոսացավ, ռուսական զորքը մնաց Արցախում:
Ի դեպ, այսքանին հետո էլ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասկածի տակ չդրեց: Միայն թեթև քննադատեց, բայց դուրս չեկավ: Իսկ դա նշանակում է՝ պահպանեց իր հավատարմությունը ռուս-թուրքական դաշինքին:
Սրա դիմաց ի՞նչ պետք է ստանար Փաշինյանը:
Միայն ընտրություններն ու պատերազմի հետաձգումը չէր գինը:
Խոստացել էին՝ խաղաղության պայմանագիր մինչև տարվա վերջ կամ գոնե եկող տարվա սկիզբ: Ասում էին, վերջնական հրաժարվի Արցախից, մնացածը՝ տեխնիկական հարցեր են:
Նույնիսկ, ասեցին, չեք ուզում Սյունիքի միջանցք, ձեր պրոբլեմն է, Իրանով կանցկացնենք:
Ու սպասում էին պայմանագրին:
Քարոզում էին, թե հեսա, ուր որ ա, մինչև տարվա վերջ:
Տարին փոխվեց, և սառը ցնցուղ:
Պարզվեց նոր պայմաններ կան:
Նախ՝ նորից խոսեցին Սյունիքի միջանցքից: Վախը նորից գցեցին մեջները:
Հետո, թե բա նոր բան կա՝ Սահմանադրությունն է պետք փոխել ու այլ փաստաթղթեր, թե չէ չի լինի պայմանագիր: Հարց չկա, ասեցին, դա էլ կանենք: Չէ որ հնուց ասված էր՝ լուծենք Արցախի հարցը և կապրենք խաղաղ ու բարգավաճ:
Բայց «պարզվեց»՝ չէ, միայն դա չի:
Տեխնիկական հարցերն այնքան էլ տեխնիկական չեն:
Մինչև պայմանագիր կնքելը պետք է լուծվեն տարածքային հարցեր:
Ոչ թե պայմանագրով լուծվեն, այլ մինչև պայմանագիր:
Թե չէ պատերազմ է լինելու:
Դարձ ի շրջանս յուր:
Նորից պատերազմ:
Արցախն էլ չկա, որ պատերազմից խուսափես, դա տալով:
Հիմա արդեն Հայաստանի դեմ է պատերազմը:
Ահա, թե ինչու հատկապես հիմա, պետք է հիշի 2023-ի սեպտեմբերը:
Երբ թվաց, թե պատերազմից վերջնական խուսափեց:
Բայց ամեն բան վերադարձավ նույն կետին:
Հիմա, Արցախը տանք պրծնենքը փոխարինվում է «անկլավը տանք պրծնենքով»:
Բնականաբար չեք պրծնելու:
Ու դեռ երկար, երկար կհիշեք 23-ի սեպտեմբերը՝ բոլորդ, ով ասում էիք՝ «Ղարաբաղը տանք հանուն անկախության»: Աստիճանաբար այդ հուշը վերածվելու է մղձավանջի: Ամբողջ կյանք հետապնդելու է ձեզ: Յուրայինին միայնակ լքողը, սեփականը գցողը, չի ունենալու այս կյանքում հանգիստ: Նա ինքը մնալու է միայնակ ու լքված: Խոսքը Հայաստանի ու հայ ժողովրդի մասին չէ: Բայց ես իմ աչքով եմ տեսնելու այդ տանջանքները ու չհագենամ դրանց տեսարանից: Բոլորիդ՝ ոչ միայն որոշում ընդունողների, այլև աջակցողների՝ բաց կամ քողարկված»: