Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, երբ կարող ենք ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ առանց դուրս գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից»․ Արմինե Մարգարյան

Մարտ 18,2024 19:35

«ՀՀ-ԵՄ հարաբերություններն այսօր պատմական ամենաբարձր մակարդակի վրա են։ Իրապես այսօր այն փուլում ենք գտնվում, որ մենք ինքներս պետք է ներկայացնենք մեր շահագրգռվածությունը դառնալու դե յուրե եվրոպական ընտանիքի մասնիկ, քանի որ ՀՀ-ի հարցն առանձին փաթեթում դժվար թե դիտարկվի։ Սա պետք է դիտարկվի ու առաջ տարվի Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան փաթեթի ներքո»,- «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցած «Կստանա՞ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ. հնարավորություններ, ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

Արմինե Մարգարյանն արձանագրեց․ «ՀՀ իշխանությունները ձևակերպում են այս հարցը ոչ թե որպես արդեն հստակ քաղաքականություն, որն ունի քայլերի հաջորդականություն և որն արդեն դրված է սեղանին, այլ ձևակերպում են մի հարց, որը դեռ պետք է դառնա հանրային քննարկման առարկա։ Մենք էլ մեր տնային աշխատանքը պիտի կատարենք»։ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ նախ պետք է հասկանանք՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար արդյոք չի՞ խանգարում ԵԱՏՄ անդամակցությունը, նախ պետք է կարողանանք ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Քայլեր են, որոնք պետք է արվեն, եթե ոչ նախորդող գործընթացներում, այլ գոնե զուգահեռաբար պետք է արվեն»։

Փորձագետի գնահատմամբ՝ հնարավորությունները, ՀՀ- ԵՄ օրակարգը բավականին հավակնոտ է, կարևոր է նաև այն, որ հենվում է համատեղ արժեքների վրա։ Ըստ Արմինե Մարգարյանի՝ պետք է միևնույն ժամանակ գիտակցենք, որ գործընթացը մեկ-երկու օրվա չէ․ «Չեմ կիսում այն լավատեսությունը, թե ԵՄ կարգավիճակ ստանալու հարցը երկու-երեք ամսվա հարց է։

Դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, երբ կարող ենք թեկնածուի կարգավիճակ ստանալ առանց դուրս գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Ինչո՞ւ է ԵՄ-ն մեր դիմադրողականությունն ամրապնդում, ինչո՞ւ է մեզ օգնում բազմազանեցնել տնտեսությունը, ինչո՞ւ է ներդրումներն ակտիվացնում, մարդկային շփումների վրա դնում շեշտը, որովհետև ուզում են երկուստեք պայմաններ ստեղծել, որ դիմենք արդեն այն դե յուրե քայլերին, որոնք պարտադիր են, որ մենք կարողանանք ստանալ թեկնածուի կարգավիճակ»։

Ըստ Արմինե Մարգարյանի՝ ԵՄ-ի առաքելությունը չի բավարարում Ադրբեջանին ու ՌԴ-ին, քանի որ դժվարություններ է ստեղծում նրանց համար․ «Այդ պարագայում դժվար է արդեն պրովոկացիաների դիմել սահմաններին վրա, քանի որ եվրոպացիները տեղում են, ֆիքսում են, Բրյուսելին են ներկայացնում, այնտեղ կարծիք է ձևավորվում, այդ կարծիքն ազդեցություն է ունենալու այն քաղաքականության վրա, որը պետք է վարվի Ադրբեջանի դեմ։ ՌԴ-ի ու Ադրբեջանի շահերը նույնական են»։

Խոսելով Ադրբեջանի մեթոդաբանության մասին՝ փորձագետն ասաց․ «Ադրբեջանը հիմա խոսում է այն մասին, որ ցանկացած միջազգային գործընկեր՝ լինի ԵՄ-ն, թե առանձին պետություններ, որոնք առաջ են տանում որևէ դիրքորոշում, որոնք հակոտնյա են Ադրբեջանի քաղաքականության հետ, ուրեմն իրենք վարում են հակաադրբեջանական քաղաքականություն։ Սա շատ կարևոր է արձանագրելը, քանի որ նաև մեր արևմտյան գործընկերներն այստեղից պետք է լուրջ հետևություններ անեն, և սա լինի այն քաղաքականության առանցքում, որը ձևավորում են մեր արևմտյան գործընկերները Ադրբեջանի նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031