Շիրակի մարզի Ազատան համայնքի նախկին ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման կամ Լարսի անցակետի մեկ ամիս փակ մնալու դեպքում Հայաստանում հացի դեֆիցիտ լինի։
Ըստ նրա, Հայաստանը հացահատիկի պաշարների մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, եթե խնդիրներ առաջանան, ապա չի բացառվում, որ մեր երկրում նորից սկսեն սպառել ղարաբաղյան 90-ականների պատերազմի «ցուրտ ու մութ տարիների» սև, խայտառակ որակի հացը։
«Աստված մի արասցե, եթե մի ամիս Լարսը փակ մնա, մեր հաց արտադրողները մտավախություն ունեն․ մի պահ լուրեր տարածվեցին, թե մեկ ամիս Ռուսաստանից հացահատիկ չի ներկրվելու, իսկ մեր ամբողջ բեռնատար մեքենաները հացահատիկ են բերում երկիր, մտավախություն ունեն, թե կարող է խնդիր ունենան։
Եթե Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները սրվեն այն աստիճան, որ կարող է մեզ հաց չտան, բնականաբար մեզ մոտ կսպասվեն նորից լուրջ խնդիրներ հացահատիկի»։
Կարդացեք նաև
Վարդան Իկիլիկյանն ահազանգում է, որ հացահատիկի ցանքատարածությունները կիսով չափ կրճատվել են, աշնանացան ցորեն չի ցանվել, և եթե նախկինում մեր վառելահողերի 40-45 տոկոսը չէր մշակվում, հիմա 60 տոկոսը չի մշակվում։
«Հիմա դաշտերում կարող եք տեսնել, որ դեռ նախորդ տարվա հացահատիկի բերքահավաքից հետո դաշտերը չեն վարել, ծղոտե մնացորդներ են դաշտերի մեջ։ Այսինքն գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է և՛ ազգաբնակչության և՛ պետական մարմինների կողմից։ Առավել ևս իշխանություններն ընդհանրապես չեն հարցնում, չեն էլ մտահոգվում այս խնդրով։
Մենք նախադեպ ունեցել ենք․ 90-ական թվականներին, երբ ժողովուրդը խայտառակ հաց էր օգտագործում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, նույնիսկ անասնակեր գոմի կորմը բերում, հաց էին սարքում, որովհետև չկային պաշարներ, ճանապարհները փակ էին, ինքնաթիռներով փորձում էին ալյուր բերել։ Մի քանի ամիս տևեց այդ վիճակը։
Այս մասին մտածող չկա, քանի որ պլանային տնտեսություն չկա, չի խթանվում գյուղատնտեսության զարգացումը », -ասում է նա։
Մեր հարցին՝ եթե լինի պետական հոգածություն, Հայաստանը կկարողանա՞ այնքան հացահատիկ արտադրել, որ բավարարի պահանջվող քանակը ու դրսից ներկրման կարիք չլինի, Վարդան Իկիլիկյանը պատասխանեց․ «Ինքս մի քանի տարի առաջ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եմ եղել, առաջարկություն է ներկայացվել, թե ինչ անել, որպեսզի մեր ցանքատարածությունները, հողատարածությունները, վարելահողերն ամբողջությամբ մշակվեն։
Մեր երկրում գրեթե 200-250 հազար հեկտար վարելահող չի մշակվում , եթե այդ 250 հազարից 150 հազարը դրվի հացահատիկի արտադրության տակ և խթանվի պետության կողմից, գնման գործընթացը սուբսիդավորեն, բնականաբար մեր ժողովուրդը կկարողանա իր մեջ ուժ գտնել, շատ ցանել, արտադրել և շատ վաճառել պետությանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ