Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի համար խնդրահարույց է մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին․ սա է ճիշտ պահը»․ Լուսինե Հակոբյան

Մարտ 18,2024 18:06

«Իսկապես դա պատմական բանաձև է այն առումով, որ լայն կոնսենսուս է ունեցել և ընդամենը չորս դեմ ձայն»,- «Մեդիա» կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցած «Կստանա՞ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ. հնարավորություններ, ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ փաստեց Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ Եվրոպական խորհրդարանը կողմ է, որ ՀՀ-ի համար դիտարկվի թեկնածուի կարգավիճակի շնորհման հնարավորությունը․ «Բնականաբար, քայլն արված է, և վճռական քայլը ՀՀ իշխանությունը պետք է անի։ Նախքան դա անելը մենք շատ այլ քայլեր պետք է կատարենք։ Ցանկությունը քիչ է։ Որոշակի քայլեր կան, որ անհրաժեշտ նախապայմաններ են դրա համար։ Առաջին հերթին իսկապես ԵՄ-ի համար խնդրահարույց է մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Եվ բազմիցս տարբեր ձևաչափերով՝ անհատական հանդիպումների ընթացքում, ԵՄ ինստիտուտների տարբեր պաշտոնատար անձինք՝ այդ թվում շատ բարձրաստիճան, նշել են, որ դրանք խոչընդոտներ են։ Եվ նշել են, որ եթե ՀՀ-ն իրականում ուզում է, որ դիտարկվի իր դիմումը, այդ կառույցներում պետք է կասեցնի իր անդամակցությունը։ Կան մի շարք այլ լուրջ հարցեր»։

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ հիմա ճիշտ պահն է այս քայլը կատարելու համար․ «Կարևոր և ճիշտ պահ է այդ քայլին դիմելու համար։ Եթե մենք երբևէ մտադիր ենք լինելու դառնալ ԵՄ անդամ, ապա սա է ճիշտ պահը։ Դա չի նշանակում, որ հենց այսօր կդիմենք, վաղը կդառնանք թեկնածու, մյուս օրն էլ անդամի կարգավիճակ կշնորհվի։ Ամբողջ մի ստուգաթերթ է լինելու, թե ինչ պայմանների պետք է բավարարենք։ Այստեղ միայն ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մասին չէ խոսքը։ Այդ ամենով հանդերձ հիմա է ճիշտ պահը, քանի որ ԵՄ-ն իր սահմաններն ուրվագծելու հստակ կարիք ունի։ Եթե հիմա քննարկվում է ԱԼԳ երեք պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի անդամակցության հարցը, ապա հետո հասկանալի է, որ այդ քննարկումը երբ փակվեց, այդ պետությունները ստացան իրենց անդամակցությունը, ՀՀ-ի համար առանձին քննարկում չի բացվելու։ Բնականաբար, ՀՀ-ն այս գործընթացից հնարավորինս պետք է օգտվի, քանի որ հետո հայտնի չէ, թե երբ կլինի այդ հնարավորությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031