Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը լարված է անցել․ «Ասաց՝ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի, Թուրքիան էլ կհարձակվի, մեզ Թուրքիայով վախեցրեց»

Մարտ 18,2024 18:01

Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանդիպել է  Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ տարածքի մեջ չեն մտնում․ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլեւ դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»:

Ոսկեպարի դպրոցի զինղեկ, մասնագիտությամբ պատմաբան Նվեր Բեգլարյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ հայտնեց այսօրվա հանդիպումից։ Նա նշեց, որ գյուղացիները շատ սառն են դիմավորել Փաշինյանին։

«Ինչ էլ հարցրեցինք, պատասխանեց, որ պատերազմ կլինի, եթե այդ չորս գյուղերը չտանք, իսկ եթե փորձենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնել ու առաջ գնալ, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն՝ գիտի, որ ժողովուրդն Ադրբեջանից չի վախենում, հիմա Թուրքիայով է վախեցնում ժողովրդին։ Մեր բոլոր փաստարկները, որ գյուղը կդատարկվի, հաշվի չառնվեց։ Մարդիկ ասացին, որ գյուղում մի թաղամաս կա, որ սահմանն այդ թաղամասի գլխին նստած է։ Եթե թուրքը գա, այդ թաղամասն ու ամբողջ գյուղը կդատարկվի։ Ասացինք, որ այդպիսով մինչեւ Վանաձոր ճանապարհը կբացվի թուրքերի առաջ, ասացինք, որ ոչ ոք իր երեխային չի թողնի գյուղում, գյուղն ամբողջությամբ կդատարկվի»,- նշեց նա։

Գյուղացիները նաեւ բարձրաձայնել են Հայաստան-Վրաստան մայրուղու հարցը, ասել են՝ ադրբեջանցիները կգան կնստեն մայրուղի վրա, ի՞նչ ենք անելու։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ թունել կսարքեն։ «Ժողովուրդը կողմ է, որ այդ գյուղերը գոնե փոխանակվեն Բերքաբերի հողերի հետ, որոնք նրանք օկուպացրել են։ Բայց ինքը փոխանակում չի անում, եկել է, որ այս ծրագիրն իրականացնի՝ ռուս-թուրքական ծրագիրը։ Փոխանակման մասին խոսելիս ասաց՝ մեր սահմանները պետք է հստակ լինեն, որպեսզի մենք պաշտպանված լինենք։ Եթե դա լինի, մեզ համար կատաստրոֆա է, Ոսկեպարը Հայաստանի դարպասն է, ճանապարհը կփակվի, եւ վերջ։ Ժողովուրդը քննարկում է, որ փաստորեն նա մտադիր է հանձնել ու իր մտադրությունից չի հրաժարվում»,- նշեց Նվեր Բեգլարյանը։

Նա ասաց, որ գյուղացիները պատրաստ են պայքարել, զենք վերցնել ու կանգնել զորքի կողքին․ «Եթե, իհարկե, զորքը չենթարկվի հրամանի ու դիրքերը չլքի»։

«Մենք մեր սահմանին, մեր գյուղին, մեր հողին տեր կանգնող մարդիկ ենք, մեզ պատերազմը չի վախեցնում, մենք մեր գյուղից գնալու տեղ չունենք։ Բնակիչները բոլորն էլ այդ կարծիքին են, որ չպետք է վախից զիջել, եթե կռիվ է, կկռվենք։ Բայց ինքը կռվելու տարբերակը չի դիտարկում, ասաց՝ պատերազմ կլինի, եւ որպեսզի ավելի շատ վախեցնի, ասաց՝ Թուրքիան էլ կհարձակվի։ Հանդիպումը լարված անցավ, ընդհանուր հայտարարի չեկան, ինքն իր ասածն ասաց, ժողովուրդն՝ իր ասածը։ Ժողովուրդը դժգոհ մնաց այդ հանդիպումից, ծայրից ծայր «մուտիլովկա» էր։ Եթե նա գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության գինը լինելու է այն, որ Հայաստանը լինելու է 10 հազար քկմ, որի մեջ չեն լինելու Լոռին, Տավուշը, Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատն ու Վայոց ձորը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ վերոնշյալ չորս գյուղերի տարածքների նախկինում պատկանել են Հայաստանին։ «Այդ տարածքների մեծ մասը մեր գյուղին պատկանող տարածքներ են, բայց ԽՍՀՄ ժամանակ փողով դրանք ծախել են Ադրբեջանին։ Փաստացի սա Լենին-Աթաթուրք պայմանագրի կետերի իրագործումն է»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սատկի ընդդիմությունը, որ էս պահին մտել է պատի ծակերը ու ոչ մի պայքար չի նախաձեռնում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031