«Հետք». Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։
Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Ահա գործակալի հետ մեր զրույցից մի հատված։
-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։
-Այո։
Կարդացեք նաև
-Ի՞նչ արժի։
-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։
-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։
-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։
-Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։
-Այո։
-Ճակատը քանի՞ մետր է։
-Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։
-Խառը կառուցապատման տա՞կ է։
-Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։
-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։
-Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է։
Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։
Նոր Նորքում գտնվող 1903 քմ հողամասի օտարման պատմությունը սկսվում է 2000 թ.-ից։
Հեղինակ՝ Տիրայր Մուրադյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: