ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մինչ Փաշինյանը հայ ժողովրդին տրամադրում է հերթական զիջման, նույն օրը Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտի հրապարակից հերթական ատելությամբ լի ու ռազմատենչ ելույթով է հանդես եկել, ընդ որում՝ «Նովրուզի» առթիվ:
Նրա ելույթի հիմնական կետերը ներկայացնում եմ ստորև, ուղղակի խոսք եմ մեջբերել, տեղադրում եմ չակերտներով:
❗️«…Օկուպացիայի ժամանակ մենք բազմաթիվ մայրաքաղաքներից բազմիցս ահազանգեր ենք ստացել, որ այդ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք ապացուցել ենք, որ ցանկացած հակամարտություն ունի ռազմական լուծում։
Կարդացեք նաև
❗️Մենք պատրաստվում ենք մեր հողերի ազատագրմանը 20 տարի։ Հետևողական աշխատանք է տարվել բազմաթիվ ուղղություններով։
❗️Իհարկե, մեր հիմնական նպատակն էր ազատագրել մեր երկիրը զավթիչներից։ Այդ նպատակի համար առաջնային էր մեր ռազմական հզորության ավելացումը։ Մեր բանակի և մեր բոլոր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն աճել է, նյութատեխնիկական ենթակառուցվածքն ապահովվել է ամենաբարձր մակարդակով, և ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը դա ի ցույց դրեցին ողջ աշխարհին: Ամենակարևորը ՝ դաստիարակվեց երիտասարդ սերունդ, որը հավերժ հպարտության աղբյուր կդառնա մեր ժողովրդի համար։ Դա ցույց տվեց ադրբեջանական ժողովրդի մեծությունն ամբողջ աշխարհին։ Մեր երիտասարդները դաստիարակվել են հայրենասիրության ոգով, ազգային ոգով։
❗️Տարիներ շարունակ այս հրապարակը և այս շենքը եղել են անջատողականների բույնը։ Հայաստանի կողմից ֆինանսավորվող և զինված անջատողականները փաստացի հայկական բանակի մաս էին կազմում: Հենց այս հրապարակում էլ մեր ժողովրդի դեմ նողկալի ծրագրեր են ծրագրվել… Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում։ Ես ուզում եմ իմ սիրելի մարդկանց տեղեկացնել, որ ես այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի հրապարակ»։ Այսուհետ այն կկոչվի Հաղթանակի հրապարակ։
Մենք բոլորս հպարտ ենք, որ ինքներս ենք վերականգնել արդարությունը, ազատագրել մեր հողերը զավթիչներից, ցույց ենք տվել մեր ուժը, և այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ, այլապես կզղջան դրա համար»:
Այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ շեշտում է պատերազմով հարցեր լուծելու մեթոդը՝ որպես օրինաչափություն: Արցախում դարերով ապրող հայերին կոչում է «զավթիչներ», իսկ նրանց բռնի տեղահանումը համարում « հողերի ազատում»: Ալիևը անգամ կրոնական տոնի առթիվ չի կարողանում թաքցնել իր ատելությունն ու անհանդուրժողականությունը հայ ժողովրդի ու ամեն հայկականի հանդեպ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ որևէ իրավիճակում չի ձգտում հայերի հետ հաշտության ու խաղաղության: