«Ես այդպես չեմ կարծում, բայց համաձայն եմ, որ պետք է շրջապատի բոլոր պետությունների հետ ունենանք շատ նուրբ, լավ իմաստով, խորամանկ դիվանագիտական հարաբերություններ, որովհետև արդեն կեղտի մեջ ենք, ավելորդ ալիք անելն արդեն վտանգավոր է դառնում: Բայց չեմ կարող համաձայնել այդ մտքի հետ՝ մոռանալ, ինչպե՞ս մոռանալ, ի՞նչը մոռանալ: Նույնն է, թե ժամանակավորապես մոռանանք, թե ում զավակն ենք, ինչ է թե՝ դա դուր չի գալիս մեր հարեւանին»,- Aravot.am-ին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Նիկոլայ Ծատուրյանի դիտարկումներին, թե «Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի- փշի անենք»:
Մեր հարցին՝ հարեւանների հետ լավ հարաբերություն ունենալը փշի-փշի անե՞լն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Փշի-փշի անելը մի քիչ ուրիշ հասկացություն է, վերջին հաշվով, չգիտեմ՝ ինչ է… չեմ կարծում՝ պետք է լուրջ ընդունել ինչ-որ պահի տակ արված հայտարարություն, հետո մի քիչ անհարմար եմ զգում իմ ավագ ընկերոջ ասածը՝ առանց անձամբ իր հետ զրուցելու, հասկանալու՝ ինչ նկատի ուներ, անկիրթ ու անբարոյական եմ համարում մեկնաբանել: Բայց մոռանալ չի կարելի, ամեն ինչ գեղեցիկ է իր հիշողության մեջ: Ազգը կայանում է իր հիշողության մեջ, ոչ միայն հաղթանակները, նվաճումները: Մարդ լինի, թե ազգ լինի, որը ապրում է միայն իր պարտություններով, կոպիտ ասած՝ գերեզմաններով, շատ վտանգավոր է դառնում նախ ինքն իր, ապա հանրության հանդեպ: Մարդը, որը ապրում է միայն հաղթանակներով ու նվաճումներով՝ մոռանալով իր կորուստները, կրկնակի վտանգավոր է թե՛ իր, թե՛ հանրության համար: Մենք պարտավոր ենք այդ երկուսը միասին հիշել ու անել ճիշտ եզրակացություններ, բայց երբեք չմոռանալ. մոռանալ, նշանակում է ուրանալ, իսկ ուրանալը մեղք է: Պետք է ձգտել ոչ թե լավ, այլ ճիշտ փոխհարաբերություններ ունենալ մեր հարեւանների հետ. ուզենք, չուզենք ապրելու ենք այս տարածքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ