Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» նախագիծը, որով առաջարկում են քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հանրային մուլտիպլեքսում՝ հեռուստատեսությամբ հեռարձակվել միայն այն ժամանակ, երբ 18+ էրոտիկ կամ սարսափ ֆիլմերն են ցուցադրում՝ ժամը 24-ից մինչեւ առավոտյան 6-ը:
Իսկ թե որն է քրեական ենթամշակույթ քարոզող բովանդակությունը, ՀՌՀ-ն սահմանել է՝ այն հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի, հանցագործ աշխարհի ռոմանտիզացիային:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ նախորդ տարիներին մի քանի դեպք է եղել, երբ հանրությունը սուր է արձագանքել սերիալներում բռնության տեսարանների հետ կապված, բայց որեւէ վարույթ չի հարուցվել, ուստի հորդորեց հետեւողական լինել, որովհետեւ եթե կարգավորումը չաշխատի, իմաստ չի լինի:
Կարդացեք նաև
Արդեն երկրորդ ընթերցումն են անցնում, առաջին ընթերցմամբ քվեարկել ու ընդունել են, բայց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծես չի ըմբռնել` ինչի մասին է բուն նախագիծը: Նա բողոքեց, որ ժամային սահմանափակումը ո՞րն է, ամբողջ աշխարհում այդ բովանդակությունը կոդավորում են, կոդ դրեք: Հեղինակը բացատրեց, որ խոսքը հանրային մուլտիպլեքսում սահմանափակման մասին է, ոչ թե համացանցի:
ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն ասաց. «Իսկ ճիշտ չի՞ լինի այդ ֆիլմերն ընդհանրապես չցուցադրվեն հեռուստատեսությամբ: Երկրորդը՝ էդ Տիկտոկներով, ֆեյսբուքով ցույց են տալիս «Որոգայթ» ֆիլմը՝ ծերից ծեր, հիմա էֆեկտը ո՞րն է, երեխաները ավելի շատ են նայում իրենց հեռախոսներով»:
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատասխանը նույնն է, ինչ Հակոբ Ասլանյանին՝ ասաց, իրենք չեն պատրաստվում գրաքննություն մտցնել, մարդն ինքն է որոշում՝ ինչ բովանդակություն ընտրի ու սոցցանցերը անկառավարելի են դարձել. «Այո, էֆեկտը մեծ չի, ես դա ցավով եմ արձանագրում, բայց այստեղ կարեւոր է քաղաքական ուղերձը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը»:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ճիշտ է՝ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, բայց գտնում են, որ պետք է զերծ մնալ հանրության հետ պատիժների լեզվով խոսելուց. «Պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու վրա ու ունենանք մեդիագրագետ հասարակություն, որը կտարբերակի եթերում ցուցադրվող աղբը: Կան բազմաթիվ այլ հարթակներ, որտեղ պետական վերահսկողական գործիքները էֆեկտիվ չեն: Մենք նորից գալիս ու խոսում ենք հանրային մուլտիպլեքսի մասին: Ոչ միայն հանրային մուլտիպլեքսում, այլ նաեւ կաբելային հեռուստաընկերությամբ չի ցուցադրվել հետխորհրդային երկրներում վերջին շրջանում մեծ պոպուլյարություն ունեցող մի սերիալ, որեւէ հարթակով չի ցուցադրվել, բայց Հայաստանի տարբեր դպրոցներում դեռահասների շրջանում որոշակի մեջբերումներ են անում այդ հեռուստասերիալից»: Խոսքը ակնհայտորեն «Слово пацана» սերիալի մասին է, որի անունը նախարարը չհնչեցրեց:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ համատեղ խորքային քննարկումներ կունենան. «Եթե իրապես մեր նպատակը խնդիրը խորապես լուծելն է, ապա ես կարծում եմ, որ այս մոտեցումը ամենաարդյունավետը չէ»: Նա հորդորեց պառլամենտի ժամանակը, էներգիան չներդնել՝ այսօրինակ նախագծերի վրա, այլ խնդիրը համակարգային լուծելու վրա աշխատել: Ըստ նախարարի, այս սահմանափակումները կտանեն նրան, որ որեւէ մեկը չի ցանկանա այլեւս հայտ ներկայացնել հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու, կոմֆորտ կտեղավորվեն կաբելայինի մեջ կամ համացանցում ու միլիոնավոր դիտումներ կապահովեն:
Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Այո, պետք է անդադար գնանք համակարգային լուծումների, բայց իմ ընկալումն այն է, որ զուգահեռ պետք է տեղային կրակներ հանգցնելով՝ տանել համակարգային աշխատանք՝ հնարավորինս արդյունավետ օգտագործելով բոլորի էներգիաները, հատկապես ձեր էներգիան, պարոն նախարար»:
ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ասաց, որ այսօր քրեական ենթամշակույթ պարունակող ֆիլմերից ոգեշնչված երիտասարդները քոլեջի բակում իրար են սպանում, ուստի անհրաժեշտ է, որ գոնե օրենքներով որոշ սահմանափակում մտցնեն:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ