ՀՀ-ն գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խոսելով՝ տնտեսական հնարավորությունների մասին, մենք չենք կարող չխոսել տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքներից։ Եվ հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային ու կարեւոր է։ Եվ ես հնարավորություն ունեցա նաեւ իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը։ Դուք գիտեք «խաղաղության խաչմերուկի» մասին, մենք այսօր խոսեցինք դրա մասին՝ լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, որ Ղազախստանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հնարավորություն է ունեցել ընդգծելու, որ ՀՀ- ն նվիրված է ու հավատարիմ է «խաղաղության օրակարգին» եւ գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։ «Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Սրանք են հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, որոնց վրա մենք պատկերացնում ենք խաղաղությունը եւ ներդաշնակություն Հարավային Կովկասում եւ լայն տարածաշրջանում»,- հավելեց նա։
Անդրադառնալով հայ-ղազախական հարաբերություններին՝ Միրզոյանն ասաց․ «Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս ամենով հանդերձ՝ մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք։ Այս հանդիպման ընթացքում եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ ունեն պատրաստակամություն՝ զարգացնելու հարաբերությունները եւ իրացնելու այդ չիրացված հնարավորությունները»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ