Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։ Մասնավորապես, ուշագրավ ելույթներով են հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, միջազգային իրավունքի փորձագետ և վերջերս ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը, վերջերս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին միացած, իսկ նախկինում Հայ դատի Արցախի հանձնախմբի աշխատակից Գև Իսկաջյանը։
Կոնգրեսականներից ելույթ են ունեցել սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, Կոնգրեսի ՆՓ անդամներ Գաբե Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սեթ Մագազիները և Բրադ Շնայդերը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործընկեր համայնքային կազմակերպություններից քննարկմանը ներկա էին «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդ» և «Քրիստոնյաների պաշտպանություն» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկման մոդերատորն էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Իրենց ելույթներում ամերիկյան օրենսդիրները կարևորել են արցախցիների վերադարձի իրավունքի ապահով կենսագործումը, այդ ուղղությամբ ամերիկյան գործադրի հետ աշխատանքի անհրաժեշտությունը, Հայաստանին տրամադրվող հումանիտար օժանդակության ավելացումը, Հայաստանին ռազմական օժանդակության տրամադրումը, 907-րդ բանաձևի կիրառումից հրաժարվելու նախագահական արտոնության վերացումը, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության դադարեցումը, Բաքվին՝ կատարված պատերազմական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկումը և այլն։
Խիստ ուշագրավ է սենատոր Մըրքիի խոսքը, որը մասնավորապես նշել է․ «Ադրբեջանին ես ասում եմ․ Ո՛չ Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Ո՛չ հայկական ինքնիշխան տարածքների հանձնմանը։ Ո՛չ Հայոց ցեղասպանության մասին լուռ մնալուն։ Ո՛չ Լեռնային Ղարաբաղի պատմական հայկական տարածքի էթնիկ զտմանը»։
Կարդացեք նաև
Իր ելույթում Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին անդրադարձել է հայության նկատմամբ շարունակական ցեղասպանությանը՝ կատարվածն անվանելով «Հայերի երկրորդ ցեղասպանություն»։ Նա ընդգծել է հայկական ինքնիշխանությանը սպառնացող վտանգը՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ներառյալ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Բանախոսը հանգամանորեն ներկայացրել է հայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության էությունը և Բաքվի բռնապետական վարչակարգի ներկա քաղաքական առաջնահերթությունները։
Գառնիկ Քերքոնյանը ներկայացրել է հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունը իրավաքաղաքական ամբողջ հիմնավորմամբ, ինչպես նաև դատապարտել է Բրյուսելի և Վաշինգտոնի առաջնորդած բանակցային գործընթացն առ այն, որ այդ երկու մայրաքաղաքներն էլ Արցախը պատկերացնում էին Ադրբեջանի կազմում՝ առանց հաշվի առնելու վերջինիս ցեղասպանական մտադրությունները։
Գև Իսկաջյանը, որը Արցախում էր տասնամսյա շրջափակման օրերին, եզրափակել է հանդիպումն՝ անձնական վկայություններ ներկայացնելով շրջափակման օրերի հումանիտար իրավիճակի, ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունների և արցախահայության տոկունության վերաբերյալ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախորդ շաբաթ ԱՄՆ կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության երկօրյա ինտենսիվ աշխատանքներ է կատարել, վերոհիշյալ քննարկումն այդ աշխատանքների եզրափակումն էր։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ