Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ սպառնո՞ւմ եք». Սիսակ Գաբրիելյանը Լիլիթ Գալստյանի այս հարցը լսելով՝ հորդորեց Մարուքյանի հեղինակային իրավունքը չխախտել

Մարտ 18,2024 13:38

Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց փոփոխություններ անել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագիրը ունի միայն մայրաքաղաքային սփռում, մինչդեռ այդ հեռուստաընկերության ֆինանսական հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ուստի նպատակահարմար է, որպեսզի ծրագիրը հասանելի լինի ՀՀ ողջ տարածքում: Ըստ նրա, ավելի արդար կլինի, որ մարզերի բնակիչներն էլ դիտեն իրենց կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերության այդ ծրագիրը:

ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ Ֆիննախը տվել է եզրակացություն, որ դա հավելյալ 64 մլն դրամի ծախս է առաջացնելու, որը 2024-ի բյուջեի նախագծով նախատեսված չի եղել, ուստի հարցրեց, թե քննարկե՞լ են, ինչպես են փակելու ծախսը: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ առաջարկություն է եղել, որ ծախսը կարող են լրացնել հեռուստաընկերության սեփական միջոցներից՝ գովազդից կամ ֆիլմարտադրություններից ստացված, բյուջեի վրա հավելյալ ծախս չի լինի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց. «Ռուբիլնիկի հա՞րց է, որ մայրաքաղաքային սփռումից փոխում են հանրապետական, փողի՞ հարց է, մի հատ ասեք իմանանք ճիշտը ինչ է կատարվում, տեխնիկապես չեմ պատկերացնում՝ եթե մայրաքաղաքային է, «պասպորտը» պետք է փոխեն, ասեն՝ ես դարձա համապետակա՞ն»:

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ես եւ դուք դրա համար պիտի գնանք մի քիչ համալսարանում սովորենք»: Նա ասաց, թե ձեր ի՞նչ գործն է՝ ոնց են տեխնիկապես դա իրականացնելու։ Լիլիթ Գալստյանը հակադարձեց. «Իմ հայրենիքում ամեն ինչ իմ գործն է»: Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց էքսկուրսիա կազմակերպել, գնալ հեռարձակողների խորհուրդ ու իրենք ներկայացնեն, որովհետեւ այլ տարբերակ չկա՝ հասկանալու, թե ոնց է երեւանյան սփռումը դառնալու համապետական: Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրեն քաղաքական կողմն է հարցի հետաքրքրում. «Սա քաղաքական բովանդակության սփռման նոր դաշտ է ենթադրում: Ես միամիտ չեմ, որ չհասկանամ, որ բացի կապուղու լայնամասշտաբությունից ու մեծությունից, ինքը քաղաքական բովանդակություն ունի, սա միանշանակ հասկանալի է, քաղաքական «մեսիջինգի» լայնացումն է: Բյուջեն էլ գոյանում է հանրային միջոցներից»:

Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Վստահաբար, դուք ինձանից շատ եք այդ հեռուստաալիքում լինում ու վստահաբար դուք ուզում եք ոչ միայն Երեւանում ձեզ տեսնեն, այլ օրինակ՝ Լոռու մարզում, Տավուշի մարզում»:

Լիլիթ Գալստյանն էլ արձագանքեց, որ դրա համար պետք էր մի քանի ալիք չփակել ու իրենք կարող էին այդ ալիքներով հասանելի լինել:

Սիսակ Գաբրիելյանը հեգնեց. «Ձեզ համար եւս մեկ հարթակ ենք ստեղծում, որ դուք տարածեք ձեր գաղափարները»:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ամսական 1.5 մլն-ի փոխարեն հանրապետական սփռման դեպքում Հանրայինը պետք է ամսական 6 մլն դրամ վճարի ՀՀՌՑ-ին, տարեկան շուրջ 64 մլն է:

Լիլիթ Գալստյանն ասաց, որ նախ պետք է հանրային քննարկում անել ու հասկանալ՝ այդ բովանդակությունը հասարակությունն ուզո՞ւմ է, կա՞ հանրային պահանջ:

Ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը երեսով տվեց, որ դրական եզրակացություն էին տվել Լիլիթ Գալստյանի՝ հուշարձանների մասին նախագծին՝ սպառնալով, որ երբ երկրորդ ընթերցման գա, իրենք կտեսնեն՝ այդ նախագծի հանրային պահանջի հիմնավորումը կա՞, թե՞ չէ:

«Էդ սպառնո՞ւմ եք»,- արձագանքեց Լիլիթ Գալստյանը՝ առանց մարուքյանական հայտնի տոնի: Սիսակ Գաբրիելյանը հորդորեց գոնե բնօրինակի նման ասել ու Էդմոն Մարուքյանի հեղինակային իրավունքը չխախտել: Գաբրիելյանն ասաց, որ իր այս նախագծով նաեւ Հանրային ռադիոն է հնարավորություն ստանում երկրորդ կապուղի ունենալ, ինչպես նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ կաբելային հեռուստաալիքները հասանելի են 65%-ին ու կա կարծիք, որ 2-3 տարիների ընթացքում այդ տոկոսը կհասնի 80-ի, ուստի չպետք է չափազանցնել հանրային մուլտիպլեքսի դերը

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031