Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց նախագիծ՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
Պատգամավորն առաջարկում է, օրինակ, գործող օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերվում է հուշարձանների օգտագործման արգելմանը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության եւ ռազմական նպատակներով, վերաշարադրել հետեւյալ կերպ. «Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն»:
Հայաստանը, առանց այս օրենսդրական փոփոխությունների էլ մշակույթի ոլորտում վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 կոնվենցիա, կոնվենցիաներին կից 3 արձանագրություն եւ 1 պայմանագիր, մասնավորապես, միացել է «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային, դրա առաջին եւ երկրորդ արձանագրություններին:
Կոնվենցիայի անդամակցությունը պարտավորություն է սահմանում նաեւ օրենսդրական մակարդակում էլ այն կիրառել, սակայն ոլորտային օրենքում այն արտացոլված չի եղել մինչ օրս:
Կարդացեք նաև
Նախագծում առաջարկվում է նաեւ ամրագրել, հանրապետական նշանակության հուշարձանները, որոնց կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական եւ հոգեւոր մշակույթի բարձրարժեք, հնագույն, տիպական հուշարձանները, կարող են տեղափոխվել միայն բացառիկ դեպքերում:
ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ կարգավորումը, որ որոշ դեպքերում կարող են մոնումենտալ փոքր հուշարձանները տեղափոխել, ողջունում են, որովհետեւ երբեմն լանդշաֆտի փոփոխությունից արձանները փակվում են ու ստիպված են լինում դրանք տեղափոխել:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ