Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Արմեն Աշոտյան

Մարտ 18,2024 12:50

Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։

Իրականում ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում, որ Հայաստանի եվրոպական ապագայի թեման իրենով լցնի ֆեյսբուքը, TV-ները և համացանցը։ Նրա ակնկալիքներն ակնհայտ են.

1.Երկրի լրջագույն խնդիրներից ուշադրությունը շեղել այս «հաճելի», բայց «օդ» թեմայով` քողարկելով սեփական ձախողումները։

2.Իր պատճառով ի հայտ եկած և եկող արհավիրքները փաթեթավորել Հայաստանի «եվրոպական երազանքի» ճռճռան և գունավոր թղթով։

3.Շարունակել փորձերը Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու և ռուսական կողմի հնարավոր կտրուկ ռեակցիան դարձնել վերջնական ապահարզանի առիթ։

4.Գուցե ամենակարևորը.կրկին պառակտել հայ ժողովրդին` ստեղծելով նոր բաժանարար հաստ գիծ պոտենցիալ ռուսամետների և արևմտամետների միջև։ Այս պառակտիչ ցանկությունն ամենավտանգավորն է, որովհետև խոր սեպ է խրելու մեր մեջ` դարձնելով մեզ բզկտված քաղաքակրթություն։

Վերջին հանգամանքի ռիսկերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, և Նիկոլի ուզած պառակտումը տարածվելու է նաև Սփյուռքի վրա։ Իսկ դրսի խաղացողներին` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, դաշտ են բացելու նոր բազմաթիվ ազդեցությունների համար համապատասխան բևեռների միջոցով։ Արդյունքում` անխուսափելի է, որ այս քննարկումները նոր մեխեր են մխրճելու Հայաստանի ինքնիշխանության դագաղի մեջ։

Այո՛, Հայաստանը եվրոպական երկիր է, բայց այդպիսին լինելու համար պարտադիր չէ մտնել ԵՄ, մանավանդ, որ իրականում մեզ այնտեղ ոչ մեկը չի սպասում։ Անգամ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած ձևակերպումները խիստ պայմանական են, խիստ ուղենիշային, բայց, միաժամանակ, շարքային քաղաքացիների համար շատ ականջահաճո։

Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ։

Մեր քաղաքացիները նաև չգիտեն, որ ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պիտի բավարարի, այսպես կոչված, Կոպենհագենյան չափանիշներին, որոնք ներառում են քաղաքական, տնտեսական և իրավական լրջագույն ինդիկատորներ։

Այսօրվա Հայաստանը լիարժեք չի իրացնում նույնիսկ ՀՀԵՄ գործող համաձայնագիրը` CEPA-ն, ուր մնաց՝ այս տեմպերով կարողանա բավարարել ԵՄ ստանդարտներին։

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ.եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։ Ուստի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ եվրոպական էլիտան կարող է շնորհել քաղաքական որոշմամբ, զուտ սեփական հաշվարկի հիման վրա, ինչպես եղավ նույն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի դեպքում։ Սակայն վերջնական անդամության հարցը լուծվելու է բացառապես ստանդարտներին համապատասխանության և բարենպաստ հանրային կարծիքի դեպքում:

Նույն եվրոպական արժեքներն այնքան են արժեզրկվել և դարձել գեոպոլիտիկայի զոհ, որ չեմ բացառում, որ եթե նույնիսկ Լուկաշենկոն հակառուսական հայտարարություններ սկսի անել, ապա իսկույն կհռչակվի դեմոկրատիայի Батька:

Հայտնի է, որ Բրյուսելի ամենահայտնի սիմվոլներից է միզող տղայի արձանը, ով, ըստ լեգենդի, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է բավարարել սեփական կարիքը` փրկելով քաղաքը վերահաս հրդեհից։ Ցավոք, Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.03.2024թ.

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031