Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողի գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը

Մարտ 18,2024 13:00

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը օրեր առաջ թիվ ԼԴ/0004/12/22 որոշմամբ փաստել է, որ տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել։

Խոսքը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված Վ. Առուստամյանի գործի մասին է, երբ մարզի դատարանը պայմանագրային զինծառայողին դատապարտել էր 3,5 տարվա ժամկետով ազատազրկման (չորս անչափահաս երեխաների հայրը՝ ՊՆ պայմանագրային զինծառայողը մեքենան կանգնեցրել էր, անսթափ վիճակում գտնվող երկու համածառայակիցներին դուրս հանել, ապա քաշքշոցի ժամանակ հրել տուժողներից մեկին, որոնցից մեկը մահացել էր-Ռ.Մ): ՀՀ վերաքննիչ դատարանը 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մասնակի բավարարել էր պաշտպանի բողոքը եւ կես տարով «իջեցրել» պատժաչափը: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի 2022 թ. մարտի 1-ի որոշմամբ դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի օրենքի համաձայն՝ կրճատվել է 9 ամիս ժամկետով եւ վերջինիս թողնվել էր կրելու ազատազրկումը 2 տարի 3 ամիս ժամկետով: Հետագայում մերժվել էր միջնորդությունը Առուստամյանին վաղաժամկետ պայմանական ազատելու մասին: Պաշտպանական կողմը բողոք էր բերել վերաքննիչ քրեական դատարան, նրա պաշտպանյալը ազատվել է պատժի չկրած մասից՝ 1 տարի 1 ամիս 28 օր ժամկետով, ինչին հետեւել էր հատուկ վերանայման բողոքը Վճռաբեկ դատարան:

Բողոքաբեր կողմի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի պնդմամբ, վերաքննիչ դատարանը թույլ էր տվել դատական սխալ, որն ազդել էր վարույթի ելքի վրա, այն է՝ Վ. Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76 հոդվածի իրավակարգավորումներով: Հետագայում ընդունված օրենսգրքերով նախատեսված չէր հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն: Բողոքաբեր կողմը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական եւ քրեակատարողական օրենսդրությունների խնդիրները տարբեր են: Բողոքաբեր կողմն անդրադարձել էր նաեւ Վերաքննիչ դատարանի՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Վ. Առուստամյանի վերասոցիալականացման հնարավորության մասին վերաքննիչ դատարանի հիմնավորումներին……

Պաշտպանական կողմն առարկել էր բողոքաբերին, Վճռաբեկ դատարանում վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ հայտնել, որ «դրանք կառուցված չեն իր պաշտպանյալի վարքագծի, նրա անձի, կատարած հանցագործության մասին տվյալների ուսումնասիրմանն ու գնահատմանը»:

Օրեր առաջ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը թիվ ԼԴ/0004/12/22 որոշմամբ փաստեց, որ «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով նախկին եւ գործող քրեական օրենսգրքերում նախատեսվել են տարբերվող կարգավորումներ։ Մասնավորապես, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանր հանցագործության համար 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգի պայմաններում, հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել ոչ թե նշանակված պատժի կեսը, այլ մեկ երրորդը կրելուց հետո։ Հետեւաբար, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում»։ Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին, որով սահմանվել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող՝ պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը, նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ»։ Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ իր համար ընդունելի էր առաջին ատյանի այն հետեւությունը, որ մինչեւ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը Առուստամյանի նկատմամբ պետք է կիրառվի հանցանքի կատարման պահին գործով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, քանի որ հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն գործող օրենքով նախատեսված չէր:

Վճռաբեկ դատարանն օրինական ուժ է տվել մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031