Politik.am–ը զրուցել է անվանի իրավապաշտպան, հեղինակավոր «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դնայիի հետ։
–Ստացվեց այնպես, որ մարդասիրական «Ավրորա» մրցանակի հիմնադիրը, որն, ինչպես դուք ասացիք, աշխարհում աջակցել է միլիոնավոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից, այժմ գտնվում է Բաքվի բանտում և օգնության կարիք ունի։ Ի՞նչ կարելի է անել նրան օգնելու համար:
-Իրականում պետք է ասենք, որ միջազգային կառույցները Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցածի մասով այնքան էլ գոհացնող աշխատանք չեն տարել։ Պետք է նկատել նաև, որ պետությունների կողմից վարվող քաղաքականությունը պայմանավորված չէ այդ երկրներում գործող իրավապաշտպանների գործունեությամբ, և այսօր մենք աշխարհի շատ երկրներում տեսնում ենք իրավապաշտպանների նկատմամբ ապօրինի գործողություններ, բայց ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի մասով պետք է առավել ուժեղացնենք մեր ջանքերը, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը մարդասիրություն դրսևորի։ Այս առումով «Ավրորա» մարդասերների համայնքը ևս իր անելիքներն ունի, և արվել են որոշ քայլեր՝ մենք նամակներ են ուղարկել, ուղերձներ հղել, բայց գտնում եմ, որ ավելին կարող ենք ու պետք է անենք, հատկապես քաղաքական իմաստով։
– Պարո՛ն Դնայի, եթե մենք ընթերցենք Ռուբեն Վարդանյանին վերագրվող ադրբեջանական մեղադրանքները, ապա ականատես կլինենք թատրոնի, քանի որ մարդու, ով համահիմնադիրն է մարդասիրական մրցանակի, մարդու, ով աջակցել է ահաբեկիչներից տուժած ժողովուրդների, մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման» և «ահաբեկչական խմբերի ստեղծման» մեջ։ Սա հատկապես աբսուրդ կլինի ձեր համար, քանի որ դուք պաշտպանում էիք ահաբեկիչներից տուժած եզդիների իրավունքները, և Վարդանյանն այս հարցով ձեզ աջակցողներից է։
Կարդացեք նաև
-Ես էլ Ձեզ պես շոկի մեջ եմ, երբ լսում եմ, թե ինչ «հանցագործություններ» են վերագրում Ռուբեն Վարդանյանին։ Ես ինքս էլ 2020-ին այցելել եմ Արցախ և ականատես եմ եղել մեծ աշխատանքի՝ ուղղված պատերազմից տուժած ժողովրդի աջակցությանը։ Ռուբեն Վարդանյանն այնտեղ էր իր ժողովրդի կարիքների համար, նրանց գոյության պայքարի համար։ Ռուբեն Վարդանյանն այնտեղ չէր ադրբեջանցիների դեմ թշնամության համար, նա այնտեղ էր, քանի որ իր ժողովուրդն աջակցության կարիք ուներ։ Ամոթալի է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այս անհիմն մեղադրանքը: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները պետք է արձագանքեն սրան և առավել բարձր խոսեն Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցողի մասին։ Այո՛, իր մասին խոսում են, իր ազատ արձակվելու անհրաժեշտության մասին խոսում են, բայց դա բավարար չէ։
-Պարո՛ն Դնայի, արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցածը նախադեպ չի կարող դառնալ, որը կնպաստի աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում գործունեություն ծավալող բարերարների, մարդասերների թիրախավորմանը: Կարող է, չէ՞, կրկնվել իրավիճակն այլ բարերարների դեպքում ևս։
-Այո, սա շատ բացասական նախադեպ կարող է լինել, և թիրախում կարող են հայտնվել այլ մարդասերներ ևս։ Ու եթե Ռուբեն Վարդանյանի նման մարդու ապօրինի ձերբակալման թեմայով մարդու իրավունքներով զբաղվողները լռեն, ապա կստացվի, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ևս գործում են երկակի ստանդարտներ: Ռուբեն Վարդանյանին ես դիտարկում եմ մարդասիրության միջազգային սիմվոլ, և Չինաստանից մինչև ԱՄՆ, բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, պետք է խոսեն Ռուբեն Վարդանյանի մասին։ Եկեք չմոռանանք նաև, որ Արցախում տեղի ունեցածով պայմանավորված՝ 100 հազարավոր հայերի իրավունքներ են խախտվել։ Նրանք մնացել են անտուն, դարձել են փախստական։ Լռությունն այս մասով հանցագործություն է, և լռողները դառնալու են հանցակից։
Զրուցեց՝ Բորիս Մուրազին
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Պարզվում է, որ այլազգի իրավապաշտպաններն ավելի ակտիվ են Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերեվարվածների հարցով, քան հայ իշխանավորներն ու հայ իրավապաշտպանները։ Սա ոնց? հասկանանք, ստացվում է, որ շատ անթասիբ ազգ ենք։ Յուրաքանչյուրը զբաղված է իր անձնական գործերով և չի էլ հիշում բաքվի բատերում գտնվող իր եղբայրներին։ Ժողովուրդ ջան, մի քիչ համախմբվեք, իրար նեցուկ եղեք, իրար աջակցեք, զորակցեք – դա է ազգերի գոյատևման կանոնը։
եթե մատնիչը եվ հրահանգողը վայ վարչապետն է, էլ ով կհամարձակվի ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ձայն հանել։