Օրերս Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Գուգարաց թեմի Ախթալայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը սկսվեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնության խոսքով։ Այնուհետեւ Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանը ներկայացրեց գրքի կարեւորության եւ բովանդակության մասին։
«Գիրքն ընթերցելիս աչքիդ առաջ հառնվում է Քրիստոս Աստծո պատկերը, եկեղեցու որմնանկարները պատկերում են Փրկչի ծնունդը, մկրտությունը Հորդանանում, այլակերպությունը Թաբոր լեռան վրա, խաչելությունը, հրաշափառ հարությունը, ինչպես նաեւ տերունական կյանքի այլ դրվագներ։ Գրքի էջերում զգում ես աստվածային ողջ զորությունն ու իմաստնությունը»,- նշում է Լուսինե Թումանյանը։
«Նմանատիպ աշխատությունների հրատարակումը մեզ օգնում է ապրել եւ ապրեցնել, մտածելով գալիք ապագայի մասին։ Տեր Հեթումն այնքան սիրված է իր եկեղեցական համայնքում, որ իր անունը եւ ծառայած վայրը դառում է միաշունչ։ Գովելի է այն փաստը, որ տեր Հեթումը համայնքի եկեղեցական հոգսերից բացի՝ ժամանակ է գտել նաեւ գիտական աշխատանքի համար: Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի որմնանկարների նկարազարդման գործում հատկանշական է, որ տեր հայրը երկար տարիների քրտնաջան աշխատանք է տարել գրքի ստեղծման համար, առավել հետաքրքրական է, որ նա ուսումնասիրել է նաեւ Բյուզանդական որմնանկարչությունը, փորձել է յուրաքանչյուր սրբի վարքից նաեւ տեղեկություններ հաղորդել, աստվածաբանությունը համատեղել ծեսի հետ»,-հավելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հոգեւոր հովիվն անհրաժեշտություն է զգացել մարդկանց ներկայացնել սրբավայրի հարուստ որմնանկարները եւ դրանց պատմությունները։ Իր խոսքում նշեց մի շարք որմնանկարների պատմություններ, դրանց նշանակությունը եւ հեղինակներին. Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ութ որմնանկարիչ է աշխատել, որոնցից միայն երկուսի՝ Հովսեփի եւ Գեւորգի անուններն են հայտնի»,- իր խոսքը մեջբերմամբ եզրափակեց տեր Հեթումը։
Շնորհանդեսը փակվեց «Գեղարդ» երգչախմբի անզուգական կատարումներով։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2024