Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն ԵԱՏՄ չէ, որ մի գիշերում որոշում կայացնես ու դառնաս այդ կառույցի անդամ»

Մարտ 18,2024 14:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ չպետք է պատրանքներով ապրենք, որ ահա, միանգամից ԵՄ-ի դռները մեր առաջ բացվելու են, բայց այսպիսի մի քայլը մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին։

Եվրոպական խորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձեւով առաջարկում է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին եւ Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

Բանաձեւում մասնավորապես ամրագրված է. «ԵԽ-ն առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է եւ համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։ Նախազգուշացնում է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության համար եւ ընդգծում` Նախիջեւանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։ Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը եւ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տներն արժանապատիվ եւ ապահով կերպով վերադառնալու եւ ապրելու իրավունքը։ Ընդգծում է` ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, ընդունում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը։

«Առավոտի» հարցին՝ իրատեսական հիմքեր կա՞ն ՀՀ-ի՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածության հարցում վերջին զարգացումների հետ կապված՝ հատկապես այն համատեքստում, որ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության թեկնածության հնարավորություն ստանալուն պետք է նախորդեն տարբեր գործընթացներ, որոնք ՀՀ-ում տեսանելի չեն, օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը. «ԵՄ-ին անդամակցությունը երբեք էլ այնպես հեշտ ու արագ ճանապարհով չի եղել որեւէ երկրի համար։ ԵՄ-ն ԵԱՏՄ չէ, որ մի գիշերում որոշում կայացնես ու դառնաս այդ կառույցի անդամ։ ԵՄ անդամ դառնալու համար պետք է բազմաթիվ չափանիշների համապատասխանես. կոչվում են կոպենհագենյան չափանիշներ։ Դրանք քաղաքական եւ տնտեսական չափանիշներ են։ Երկրներ կան, որ  բավականին երկար ճանապարհ են անցել ԵՄ անդամ դառնալու համար։ Թուրքիան 1985-1987 թվականից արդեն ԵՄ-ի դռներն էր բախում, բայց մինչեւ այժմ չեն ընդունել այդ կառույցի անդամ։ Այնպես որ, չպետք է պատրանքներով ապրենք, որ ահա, միանգամից ԵՄ-ի դռները մեր առաջ բացվելու են, բայց այսպիսի մի քայլը մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին։ Ինչքան այդպիսի քայլեր կատարվեն, ՀՀ-ն մի քայլով ավելի է մոտենալու ԵՄ-ին։ Դա միանշանակ դրական քայլ եմ համարում եւ կարծում եմ՝ վիզաների ազատականացումը եւ մյուս քայլերը պետք է շատ արագ անել եւ կարվեն մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում։ Իհարկե, դեռ շատ հեռու ենք ԵՄ անդամ դառնալուց, բայց կարող ենք զգալիորեն մոտենալ ԵՄ-ին»։

Հետաքրքրվեցինք՝ չեք կարծում, որ առաջիկայում հնարավոր է ՌԴ-ի կողմից բացասական արձագանք՝ հատկապես օգտագործելով Ադրբեջանին ինչ-ինչ գործողություններ կսկսվեն, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, կարծում եմ։ Իշխանություններն էլ են դա լավ գիտակցում, այլապես ՀՀ-ն վաղուց կգնար այս ճանապարհով։ Մշտապես եղել է ռուսական վտանգը՝ պատժամիջոցոներով կամ տարբեր մեթոդներով մեզ պատժելու վտանգը, բայց մենք պետք է անցնենք այս ծանր ճանապարհը, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ ռուսական ճահճում գտնվելով՝ ՀՀ-ն ոչ միայն չի զարգանում, այլեւ անընդհատ կորուստներ է ունենալու։ Եվ երկար տարիներ մեզ մոտ հենց ԵՄ-ի հետ հարաբերությունները չզարգացնելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ իշխանությունները վախեցել են կորուստներից՝ Արցախի կորստից, Վերին լարսը փակելու հետեւանքով առաջացած տնտեսական կորուստներից եւ այլն։ Հիմա իշխանությունը կարծես թե վճռական է տրամադրված, որոշել են, որ պետք է անցնեն այդ ցավոտ ճանապարհը, եւ  քայլ առ քայլ գնում են այդ ուղղությամբ։ Իհարկե, չեմ կարող ասել, որ այնպես շատ կտրուկ քայլերի է գնում Նիկոլ Փաշինյանի  կառավարությունը, միգուցե ճիշտը սա է, բայց պետք է քայլ առ քայլ մենք դուրս գանք ռուսական ճահճից եւ գնաք  դեպի Արեւմուտք, քանի որ ՀՀ-ն կարող է զարգանալ, միայն եթե լինի Արեւմուտքի հետ, Արեւմուտքի հետ սերտ հարաբերությունների մեջ, ինչ-որ մի փուլում, իհարկե՝ ոչ մոտ ապագայում, ՀՀ-ն պետք է դառնա ԵՄ անդամ»։

Մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ իր դիտարկմամբ՝ հայ հասարակության շրջանում այս ցանկությունը կա՞ ԵՄ-ի անդամակցության հետ կապված, նա պատասխանեց. «ԵՄ անդամ դառնալու համար ՀՀ-ն դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնի։ Վերջին քայլը կատարելու համար միգուցե այն ժամանակ արժե հանրաքվե անցկացնել, բայց հիմա պետք է ընդամենը հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ։ Դրա համար պետք է քաղաքական կամք իշխանության կողմից, դրա համար պետք չեն հանրային քննարկումներ եւ այլն։ Եթե իշխանությունները գտնում են, որ ՀՀ-ի շահերից է բխում ավելի մերձենալ ԵՄ-ի հետ, պետք է գնա այս ճանապարհով։ Իսկ ով ով՝ իշխանությունը շատ ավելի լավ գիտի՝ որն է ՀՀ-ի շահը, քան հասարակ ժողովուրդը։ Իշխանությունը գիտի, թե ԵՄ-ի հետ որքան մոտ գնանք»։

Մեր փաստմանը՝ եթե մենք չունենք դիվերսիֆիկացված տնտեսություն եւ մեծամասամբ կախված ենք ՌԴ-ից, հետեւաբար նման իրավիճակում այսպիսի մտադրությունների մասին խոսելը որքանո՞վ է հիմնավորված, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ կապված հիմա որոշ քայլեր արվում են։ Փորձ է արվում նոր շուկաներ գտնել։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ այն հնարավորության մասին, որ ԵՄ-ն կարող է իր շուկաները բացել ՀՀ-ի առաջ։ Սա էլ քայլերից մեկն է, որով մենք կարող ենք մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ ԵՄ-ի շուկան աշխարհում ամենավճարունակ եւ մեծ շուկան է՝ 500 միլիոնանոց շուկա։ Մեր ապրանքները արտահանելով ԵՄ՝ այնտեղից տնտեսական օգուտներ կարող ենք ստանալ։ Բացի այդ, հայկական ապրանքների որակը կբարձրանա, քանի որ ԵՄ արտահանելը բավականին բարդ է. մեծ չափանիշներ են դրված, եւ դրանից միանշանակ ՀՀ-ն կշահի։ Դիվերսիֆիկացիան էլ այդ քայլերից մեկն է, որը պետք է անի ՀՀ կառավարությունը։ Իհարկե, առանց դրա մենք կմնանք ռուսական սապոգի տակ եւ եթե չդիվերսիֆիկացվի մեր տնտեսությունը, ՌԴ-ն մեզ ճնշման կենթարկի։ ՌԴ-ն երբեք էլ չի ողջունել եւ չի ողջունելու ՀՀ-ի մերձեցումն Արեւմուտքի հետ, մանավանդ այս փուլում»։ Արմեն Վարդանյանը չբացառեց, որ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով Հայաստանին պատժելու քայլեր կարող է ձեռնարկել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031