Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը Տիգրան Հայրապետյանի դարաշրջանում

Մարտ 18,2024 09:00

Այսօր լրանում է տաղանդավոր քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։ 25 տարի առաջ այս բարի եւ շնորհաշատ երիտասարդը սպանվեց։

Ներկայացնում եմ Տիգրանի կյանքի ու մահվան մասին իմ հուշերը, որոնք տեղ են գտել «Ալտերնատիվ պատմություն Հայոց» գրքում։

 

ԵՐԵՎԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

 

Հրաժեշտ ֆիզիկային

Կայուն թվացող խորհրդային կյանքը մի քանի շաբաթում փլուզվեց։ Ավարտել էի ֆիզիկայի ֆակուլտետը, սովորում էի ասպիրանտուրայում, դասավանդում բուհում։ Ապագան թվում էր կանխորոշված, ամուր, կանխատեսելի, փափուկ ու տաք։ Շուտով պետք է պաշտպանեի թեկնածուական ատենախոսությունս, հետո` բարձր աշխատավարձով դասախոսական աշխատանք ու հանգիստ կյանք: Ամեն ինչ շատ արագ վերածվեց քաոսի` Խորհրդային Միության փլուզումը, պատերազմը, տնտեսական կոլապսը հանգեցրին մի իրավիճակի, երբ ընդհանուր շփոթության ու արժեքների տապալման մեջ գիտելիքն ու կրթությունը մի պահ թվացին անիմաստ և անհրաժեշտ էր գտնել եկամտի նոր աղբյուր։

Որոշ չափով գլուխս պահում էի սպորադիկ թարգմանություններով, սակայն այդ գործը չէի կարող լրջորեն դիտարկել ապագայի համար: Ընդունվեցի նորաբաց Հայաստանի Ամերիկյան համալսարան` բիզնեսի և կառավարման ֆակուլտետ։ Համալսարանը լրիվ նոր մշակույթ էր ցուրտումութ Հայաստանում, անգամ՝ բառի բուն իմաստով։ Այնտեղ միշտ լույս կար ու տաք էր, ուսանողներին կերակրում էին ու թոշակ տալիս, բայց ամենակարևորը՝ տալիս էին նոր ոճի ու որակի գիտելիքներ, իմ խորհրդային ուղեղի համար աննախադեպ մոտեցումներ:

Նոր էր ձևավորվում անկախ Հայաստանի մամուլը։ Աչքի էին ընկնում առաջին ոչ պետական (բայց ֆորմալ առումով՝ կուսակցական) թերթերը՝ «Ազգը» և «Երկիրը»։ Այդ օրաթերթերում Տիգրան Հայրապետյանի և Արտակ Հովսեփյանի վերլուծական հոդվածներն ամբողջովին նոր ժանր էին խորհրդային թերթերի մեջ լճացած մեր մտածողության համար։ Իմ ընկերներից Գրիշան, օգտվելով նոր իրողություններից, ստեղծել էր մասնավոր ինֆորմացիոն գործակալություն: Բոլոր երկրների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ աճել էր, և նա ուներ հաճախորդների մեծ ցանց ու հաջողությամբ էր վաճառում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Որոշեցի օգտվել այդ ռեսուրսից և ինֆորմացիոն գործակալության շրջանակում կազմակերպել վերլուծական նյութերի վաճառք։ Սա առիթ հանդիսացավ Տիգրանի հետ ծանոթանալու համար, քանի որ ոգևորված այս գաղափարից՝ դիմեցի Տիգրանին (ու նաև ուրիշներին)՝ առաջարկելով տրամադրել նմանատիպ նյութեր։

Բիզնեսը չստացվեց։ Միգուցե դեռևս Հայաստանի մասին վերլուծությունները չէին հետաքրքրում օտար մամուլին, կամ Գրիշան թերացավ այդ նյութերը վաճառելու գործում․ այն ժամանակ դեռևս էլեկտրոնային փոստն ու ինտերնետը կենցաղ չէին մտել և հաղորդակցությունը հիմնականում ֆաքսի միջոցով էր, իսկ ֆաքսը թանկ էր։

Երբ Տիգրանն ինձ տուն զանգահարեց, ես կարծում էի, որ կրկին ստիպված եմ լինելու ամաչելով խոստովանել, որ չենք կարողանում վաճառել իր վերլուծական նյութերը, սակայն նա անսպասելիորեն առաջարկեց․

– Չե՞ս ուզում «Ազգում» թարգմանիչ աշխատել։

Ինձ համար այս հրավերը չափազանց հրապուրիչ էր։ Այն ապահովում էր թեկուզև փոքր, բայց կայուն աշխատավարձ, որով կարելի էր օրվա հացի խնդիրը լուծել (հացի վրայի պանրի խնդիրը դեռևս լուծման կարոտ էր մնում), հնարավորություն էր տալիս շփվել մամուլի հանելուկային աշխարհի հետ ու նաև՝ Տիգրանի գիտելիքների հսկայական պաշարի ու յուրահատուկ աշխարհընկալման հետ։ Սկսեցի թարգմանել ռուսերենից ու անգլերենից, օրական մի քանի տասնյակ մետր ֆաքս էի թարգմանում։ Հետո սկսեցի լրատվությունների դայջեսթներ սարքել, ավելի ուշ՝ վերլուծական ու հրապարակախոսական հրապարակումների փորձեր անել։ Իսկ Տիգրանը մինչև վերջ էլ կատակով ամոթանք էր տալիս․ «Դու ինձ լրատվական գործակալությանը տված նյութերի համար 100 դոլար պարտք ես մնացել»։

Իմ համալսարանները

ԵՊՀ-ն և ասպիրանտուրան ավարտելուց հետո սովորում էի Հայաստանի Ամերիկյան համալսարանում, միաժամանակ աշխատում էի «Ազգում»` որպես թարգմանիչ։ Մինչև հիմա էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես էի կարողանում կազմակերպել օրս: Առավոտյան գնում էի դասի, կեսօրին՝ աշխատանքի, երեկոյան՝ Տիգրանի հետ մի շիշ շամպայնի կամ օղու շուրջ քաղաքական քննարկումների, որ ավելի շատ ուսուցում էր, կեսգիշերից հետո էլ` տուն: Հիմա արդեն չեմ երևակայում, թե ինչպես էի հասցնում կարդալ Ամերիկյան համալսարանում հանձնարարվող հսկայածավալ գրականությունը, գրել էսսեները, մասնակցել նախագծերին, պատրաստվել թեստերին ու քննություններին։

Իսկ Տիգրանի հետ քննարկումները խորն էին ու լայնածավալ։ Նա էքսպերտային մակարդակով տիրապետում էր Աֆղանստանի իրավիճակին, ամեն օր ռադիոյով հետևում էր զարգացումներին և վերլուծություններ տրամադրում արևմտյան մամուլին։ Բալկանները միշտ ուշադրության կենտրոնում էին, քանի որ ՆԱՏՕ-ի գործողությունները Հարավսլավիայում արդեն նախանշում էր, թե Արևմուտքն ինչպես է իրեն պահելու Սառը Պատերազմից հետո։ Ռուսաստանի նեոգաղութատիրությունը նախկին ԽՍՀՄ երկրներում, մեթոդաբանության ընդհանրացումը և պրոյեկցիան Ղարաբաղյան հակամարտության վրա քննարկումների կարևորագույն թեման էր։

Ինձ համար շատ կարևոր էր հասկանալ գաղափարախոսության դերը քաղաքականության մեջ, դրա համար խոսում էինք կոմունիզմից, Լենինից, Ստալինից ու Գորբաչովից, բայց նաև՝ իսլամից, նրա վերելքից ու հետո՝ Խալիֆաթների անկումից․ Տիգրանը շատ մանրամասն էր պատկերացնում իսլամը: Ստիպված եղա կարդալ ու քննարկման դնել Ֆուկույամայի «Պատմության ավարտը», որն այդ դարաշրջանի կարևորագույն գիրքն էր համարվում, հետո մեծ բանավեճ ունեցանք լիբերալիզմի և ռեալիզմի մասին․ ես հավատում էի լիբերալ աշխարհի հաղթարշավին, Տիգրանը համոզված էր, որ դա ընդամենը քաղաքական շահերի փաթեթավորում է։ Նրա հորդորով սկսեցի կարդալ առաքյալների թղթերը, մարգարեներին, ու կրկին վեճեր քրիստոնեության ու մեր պատմության մասին։

Խոսում էինք նաև լրատվամիջոցների մասին: Այն ժամանակ, երբ դեռ չկար ինտերնետը, ամենաօպերատիվը համարվում էր ռադիոն, քանի որ թերթը միայն հաջորդ առավոտ էր տպվում, հեռուստատեսությունը պահանջում էր կադրեր հավաքել, մոնտաժել, ուներ օրական լուրերի միայն 2-3 թողարկում, ռադիոն էր, որ մի կողմից՝ կապ էր ապահովում ողջ աշխարհի հետ, մյուս կողմից՝ լուրերը կարող էր տալ 1 ժամ ճշգրտությամբ։ Տիգրանը սովորեցնում էր գրել, շարադրանքը կառուցել, ներկայացնել։

Իմ այս համալսարանը պլատոն-սոկրատյան տիպի էր․ ուսուցումն ընթանում էր դիալոգների միջոցով։ Հետագայում, երբ հնարավորություն ունեցա միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բնագավառում աշխատել և սովորել ամերիկյան լավագույն համալսարաններում, ինձ համար զարմանալի չէր, որ ունենալով հիմնականում էմպիրիկ գիտելիքներ, Տիգրանի տեսական ընդհանրացումները շատ չէին տարբերվում մեծահամբավ պրոֆեսորների մոտեցումներից։

 Տիգրանին խրատում ենք

Օրաթերթերն այն ժամանակ հասել էին ետխորհրդային ժամանակների համար անհասանելի ռեկորդի՝ 40-50 հազար տպաքանակի։ Չնայած թերթի գինն այսօրվա պես 100 դրամ էր, սակայն ցուրտումութ տարիների աղքատ իրականության մեջ այդ գումարը նշանակալի մաս էր կազմում ընտանեկան բյուջեում, բայց չնայած դրան, մարդիկ գնում էին թերթեր, ու ոչ այնքան նորություններ իմանալու, որքան խոսք լսելու համար։ Եվ քանի որ ցանկանում էին այդ 100 դրամը խնայողաբար ծախսել, հաճախ նախապես զանգահարում էին խմբագրություն՝ իմանալու՝ արդյո՞ք այդ օրը Տիգրանը հոդված ունի, թե՞ ոչ, և նոր միայն կայացնում թերթ գնելու որոշումը։

Չնայած դրան, Տիգրանը ոչ աշխատասենյակ ուներ, ոչ էլ անգամ աշխատասեղան։ Ինքն էլ առանձնապես չէր ցանկանում որևէ խմբագրության սեփականությունը դառնալ, որովհետև թերթերը կուսակցական էին, և խմբագրության հետ սերտ առնչությունը կհամարվեր նաև կուսակցականացում։ Բացի այդ, Տիգրանն աշխատում էր տարբեր լրատվամիջոցների հետ, և ազնիվ չէր համարում մի խմբագրության ռեսուրսներից օգտվելն այլ խմբագրության համար աշխատելուց։

Տնից աշխատելն էլ հարմար չէր, և որպես աշխատավայր՝ ընտրում էր տարբեր սրճարաններն ու բարերը։ Համարում էր, որ այդպես շատ հարմար է՝ կար հաճելի միջավայր ու երաժշտություն, խմիչքի ու սիգարետի համար էլ հեռու գնալ պետք չէր։ Բացի այդ, անընդհատ մարդկանց հետ էր շփվում, մտքեր փոխանակում, ինչը մտածելու և գրելու նյութ էր առաջացնում։

Մի շրջան Տիգրանը որպես աշխատավայր՝ ընտրել էր Կինոյի տան նկուղում գտնվող բարը։ Իր պնդմամբ՝ այնտեղ և երաժշտությունն էր լավը, և մոտ էր մետրոյին ու խմբագրություններին, նաև՝ միշտ հաճելի մարդիկ էին հավաքվում։ Սակայն ինչ էլ անես, եթե բարում ես գտնվում, թեկուզև՝ աշխատում, ուզես թե չուզես, պետք է խմես։ Ես ու Արտակը համարեցինք, որ Տիգրանն արդեն շատ է խմում, և որոշեցինք նրան խրատել, հնարավորության դեպքում՝ նաև մտածել այլ աշխատավայրի հնարավորության մասին։

Մտանք Կինոյի բարը, այնտեղի մութ ու ծխից մշուշոտ միջավայրը ջերմ էր, անգամ՝ եռուն։ Տիգրանը անկյունի իր սեղանի մոտ ինձ ծանոթ ու անծանոթ երիտասարդների հետ ոգևորված ինչ-որ բան էր քննարկում։ Մի շիշ բան վերցրինք, մոտեցանք սեղանին ու, բնականաբար, առանց նախապատմությունն իմանալու, մենք էլ միացանք բանավեճին՝ այս տեղի համար սովորական վիճակ էր։ Մի երկու ժամից, երբ երեքով էինք մնացել, Արտակն անցավ խրատաբանությանը․

– Ժամանակդ իզուր ես մսխում։ Արի մտածենք, գնա մի խմբագրությունում նստի, համ ինֆորմացիային ավելի մոտ կլինես, երբեմն կոմպյուտերից կօգտվես, համ էլ արդեն շատ ես խմում։

Բարի միջավայրից ոգևորված, սեղանի քննարկումների մեջ ընկղմված, ես անմիջապես ճամբարափոխ եղա, ու Տիգրանի հետ միասին վրա տվեցինք Արտակին․

– Արա, դե գնա է, հերիք է գլուխներս տանես։

Ոչ միով քաբաբիվ

Հայկազի թերթում էինք աշխատում։ Մեր իրականության մեջ առաջին ոչ պետական, ոչ կուսակցական թերթն էր, այսինքն՝ համարյա անկախ մամուլ։ Հետաքրքիր փորձարկումների տարածք էր՝ թե ֆորմատների, թե վերլուծության, թե խոսքի ձևերի որոնումների համար։ Մի բան էր վատ․ պետությունը վերահսկում էր այս ազատ մամուլը «Սոյուզպեչատի» միջոցով, որը վաճառքի մենաշնորհ ուներ։ Նա չէր վճարում, ուշացնում էր թերթի վաճառքի գումարը, և անփող-սոված օրերը բացառիկ չէին (հետագայում Արարատը երդվում էր, թե վճարումները ժամանակին են եղել, թե փողերը խմբագիրն է տակով արել, թե մամուլը ազատ էր, բան, բայց ես ավելի հակված եմ Հայկազին հավատալու)։

Թերթն ուներ նաև իր պահապան հրեշտակը՝ ուստա Նորիկը, որը պահապանն էր նախ՝ բառի բուն իմաստով՝ թերթի պահակն էր, ու նաև թերթի ոգին ու բարոյականությունը կերտողն էր։ Ուստան հաճախ էր բողոքում տարիքից, որ ծերությունը թուլացնում է նաև մարդու կամքն ու բարոյական առողջությունը․

– Էհ, տղա ջան, մարդ ինչքան պառավում ա, էնքան չաթլախանում ա։

Հանգստյան օրերին Տիգրանի հետ հաճախ էինք գալիս խմբագրություն։ Այդ օրերին հնարավորություն ունեինք այնտեղ համակարգչով աշխատելու, մտքերը ոչ թե թղթին, այլ անմիջապես ստեղնաշարին հանձնելու։ Նաև՝ այդ օրերին հնարավորություն էր լինում ուստա Նորիկին մի բաժակ բան հյուրասիրելու, նրա իմաստությունները լսելու։ Հերթական մի կիրակի էր, տխուր աշխատում էինք, փող չկար, ու ակնկալում էինք, որ կրկին մեր ճաշը կազմելու է մի չոր մատնաքաշը, որը երկուսով կիսելու էինք։

Ճաշը հաճախ թրջում էինք դիմացի մայթի Մարգո տոտայի վաճառած օղիով։ Ըստ մեր իսկ սարքած լեգենդի, այդ օղին թարախից էր քաշած, սարսափելի համ ուներ, բայց քանի որ Մարգո տոտան վաճառում էր նաև պաղպաղակ, օղին պահում էր պաղպաղակի սառցարանում, այն սառնեսառն էր և խմել լինում էր։ Այդ օղին ուներ մի կարևոր առավելություն՝ արժեր ընդամենը 300 դրամ, սակայն հիմա այդ գումարն էլ չկար։ Չէր երևում նաև ուստա Նորիկը։ Մի կողմից լավ էր՝ խայտառակ չէինք լինի, որ չենք կարողանում օղի հյուրասիրել, մյուս կողմից վատ էր՝ նա հաստատ մի հատ կծու սոխով կքաղցրացներ մեր «ճաշը»՝ չոր մատնաքաշը։

Հանկարծ կողքի սենյակից ձայներ լսեցինք։ Կարծեցինք՝ ուստա Նորիկն է, դուրս եկանք միջանցք։ Նիկոլն էր, ինչ-որ բաներ էր տեղափոխում, դասավորում, կապում։

– Ուստային չե՞ս տեսել,- հարցրեց Տիգրանը։

– Առավոտյան այստեղ էր, հիմա՝ չգիտեմ,- պատասխանեց Նիկոլը։

Հանկարծ աչքներս ընկավ կապոցներին, որտեղ թերթեր էին։

– Էս ինչե՞ր են, Նիկոլ։

Պարզվեց, որ Նիկոլն ինչ-որ տեղից գրանտ էր կպցրել, թե ուրիշ փող էր ճարել, ու երիտասարդական հավելված էր տպում։ «Էմ, Ես, Է»՝ անգամ թերթի անունն եմ հիշում։ Շնորհավորեցինք, գովեցինք նախաձեռնությունը։

– Ի՞նչ արժի թերթդ,- հարցրեց Տիգրանը։

– Կրպակներում 200 դրամ է դրված, բայց էնքան էլ լավ չի վաճառվում,- պատասխանեց նա։

Տիգրանը ժպտալով կոմերցիոն առաջակ արեց․

– Նիկոլ ջան, մի բան խնդրեմ՝ դիմացի մայթի Մարգո տոտային երեք հատ թերթ տուր 100 դրամով, թող վաճառի, ինքն էլ փող կանի, դու էլ էդ 300 դրամով մի շիշ օղի կառնես, կբերես։

Նիկոլը թերահավատությամբ նայեց իր թերթերին, կասկածով մեզ նայեց ու գլուխը մտածկոտ ու բացասական տարուբերեց։

* * *

Թերթի ենթակառուցվածքի կարևորագույն տարրը նրա բակն էր ու բակի տաղավարը՝ «բեսեդկեն»։ Բեսեդկայում մեծ սեղան կար, երկար իշոտնուկներ, մինչ 15-20 մարդ կարող էր տեղավորվել, բակում նաև փոքրիկ ջրավազան կար, մի քանի ծառ՝ մատղաշ ու մեծ։

Հաճախ ողջ օրը բեսեդկայում էինք անցկացնում, այնտեղ աշխատում, զրուցում, մարդկանց հանդիպում։ Բեսեդկան ականատեսն էր բազմաթիվ ստեղծագործական ու քաղաքական զարմանքների։ Այստեղ ծնվեց «Հիմարների հայկական նավի» տաղանդավոր հետգրությունը․ «P.S. և Աստծո սիրույն, բաց թողեք Կիմ Բալայանին։ Մեր պատմությանը նման մարտիրոսներ պետք չեն»։

Այստեղ էր Էռնեստը A-shirt մայկայով Տիգրանին խնդրում-պարտադրում`«Կազմակերպիր, որ ինձ երկու ամիս նստեցնեն, ուզում եմ քաղաքականության մեջ մտնել»։

Խմբագրությունը երրորդ հարկում էր, երբեմն Հայկազը վերևից գոռում էր, իջեցնում էր խմբագրական առաջադրանքը․

– Աղաս, 20 սանտիմանոց մի հատ հոդված տուր երկրորդ էջի համար։

Բեսեդկայում հանդիպել եմ քաղաքական գործիչների՝ սկսած ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանից, մինչև տարբեր «ազգի փրկիչների»։ Օրինակ, բեղումիրուսով մի բարձրահասակ, միջինից մեծ տարիքի տղամարդ եկավ ու անսպասելի ներկայացավ․

– Ես Ժաննա դ՛Արկն եմ։

Բնականաբար, հաճախ էին այցելում նաև մեր կոլեգա լրագրողները։ Մի անգամ եկավ Արմենը, հպարտությամբ հայտնեց, որ արտասահմանում հոդված է հրապարակել, և սեղանին դրեց 20 դոլարանոցը։

– Այսօրվա ընդմիջումն ինձ վրա է,- ասաց նա։

– Գնամ քաբաբ բերեմ,- անմիջապես ոգևորվեց Նիկոլը ու դուրս թռավ խմբագրության բակից։ Այդ գումարով այն ժամանակ կարելի էր շատ-շատ քաբաբներ առնել։

– Նիկո՜լ, Նիկո՜լ,- հետևից կանչեց Տիգրանը, բայց արդեն ուշացել էր՝ Նիկոլը կախվեց դիմացով անցնող տրամվայից ու գնաց Պռոշյան։

– Վայ Նիկոլ, Նիկոլ։ Ախր հո մենակ քաբաբով չի, մարդ երբեմն էլ պետք է չալաղաջ ուտի, ի վերջո, եթե փող կա, ապա մենք նաև օղու իրավունք ունենք,- դեռ երկար էր բարեսրտորեն քրթմնջում Տիգրանը,- գյոռմամիշ, վա՜յ գյոռմամիշ։

 

Շամպայն` Չինական պարսպի վրա

Մարտյան տխուր օր էր, բաց-գորշագույն երկնքով, ապագա չխոստացող դեպրեսիվ տաղտկությամբ։ Փող չկար, բայց այս անգամ ընդհանրապես չկար, աշխատավարձի երկար ուշացման համար ողջ խմբագրությունը էլեկտրականացած էր։ Տնից մի քանի հատ եփած կարտոֆիլ էի բերել, որը կեսօրին տհաճորեն սառել էր, նաև՝ տակառից հանել էի գարնան կողմ արդեն լպրծուն դարձող թթու։ Խմբագրությունում դրամահավաք կազմակերպեցի, որը 20 դրամ տվեց, առավել առատաձեռնները՝ 50 դրամ, թիրախային 300 դրամը հավաքվեց, մի շիշ օղի առանք, նստեցինք Հայկազի սենյակում ճաշելու, կարծեմ նույնիսկ հաց չունեինք։ Ուզում էինք օղու շիշը բացել, երբ սենյակ մտավ Գևորգը, ու մեզ տեսնելով, դուրս հորդաց անփողության նրա ողջ ցասումը։

– Խմբագրությունում չեն խմում,- ասաց նա ու մեր ձեռքից վերցրեց օղու շիշը։

Ապշեցինք ու համրացանք, իր մանդրաժը նա թափեց իմ, Տիգրանի, բայց, որ երևի իր համար ավելի կարևոր է՝ Հայկազի վրա, որն իր ղեկավարն էր ու մոտ ընկերը։ Խորացող դեպրեսիայով Տիգրանի հետ թողեցինք «ճաշը», իջանք բեսեդկա ու նստեցինք լուռ ծխելու։ Մեզ տեսավ ու մոտեցավ ուստա Նորիկը․

– Յա, տղերք, էս ինչի՞ եք նստել դատարկ, դեմներդ արաղ չկա։

– Փող չունենք, ուստա Նորիկ,- պատասխանեցինք։

– Փող չունենք, պատի՞վ էլ չունենք,- զարմացավ նա ու ժպտալով հեռացավ։

Հինգ րոպեից սեղանին հայտնվեցին օղին, հացը, սոխը։ Ինչպես մի գդալ սիճուկն է մի դույլ կաթը մածուն դարձնում, այնպես էլ այդ օղին դարձավ օրը կերտող մերանը։ Նոր էինք բաժակ բարձրացրել, երբ Վաչիկը եկավ մի շիշ «Աբսոլյուտով», հետո Աշոտը եկավ, էլի լավ օղի բերեց, հետո ուրիշները եկան՝ ոչ դատարկաձեռն։ Արդեն տեսնելով բակ մտնողների ձեռքի օղիները, Վաչիկը բարկացած գոչում էր․

– Մենք ծարավ չենք, սոված ենք։

Հայտնվեցին ուտեստներ, քաբաբներ ու չալաղաջներ, սեղանը պայթում էր լիությունից։ Ճաշելու համար ներքև իջան նաև խմբագրության տղաները։ Գևորգը ժպտալով վերադարձրեց մեզանից առգրավված շիշը` ասելով․

– Այ, այստեղ խմբագրությունը չի, այստեղ կարելի է խմել։

Տիգրանը բարկացած մերժեց այդ մեղայականը, շիշը խփեց պատին ու փշուր-փշուր արեց։ Անհեռանկար թվացող գորշ օրն անսպասելիորեն վերածվեց պայծառ, սյուրռեալիստական պոլիֆոնիայի։ Պերֆորմանսը ծավալվում էր ոչ միայն բեսեդկայում, այլև ողջ բակով։ Մի ծառին հենված որձկում էր Գագոն։ Ուստա Նորիկը ավազանից վերցնում էր ջուրը, մաքրում գետինը ու միաժամանակ խրատում․

– Լավ չի, տղա ջան, էնպես խմի, որ հետևիդ բարաքյաթը բերանիդ չտաս։

Թաթիկը որոշեց, որ պետք է գնա աշխատելու, ու թարմանալու համար ոտաշորով և տաք ջեմպրով մտավ ջրավազանը։ Ես փորձում էի գոնե ջեմպրը հանել, բայց նա կտրուկ դիմադրում էր․ «Թո՜ղ»։ Հուզիչ տեսարան էր տեսնելը սառը ջրի մեջ թաց Թաթիկի և ջրավազանի եզերքին նստած տաք մուշտակով Մարիամի ջերմ զրույցը․ պարզ էլ չէր՝ կրկին Էլիոտի պոեզիա՞ն էին վերլուծում, թե՞ սիրուց էին խոսում։ Հետո, երբ Թաթիկը բուժվեց թոքերի բորբոքումից, ինձ բացատրեց, որ չէր թողնում ջեմպրը հանեմ, որ տաք մնար, որ սառը ջրում չմրսեր։

Որքան էլ իրավիճակը եռուն էր ստեղծագործական, այնուամենայնիվ, գերհագեցման պահ եկավ, Վանոյի դիպուկ խոսքով՝ սեղանը թթվեց։ Տիգրանը հիշեց, որ Թաթուլին փող է պարտք և պետք է նրան զգուշացնել, որ չի կարող ժամանակին վերադարձնել։ Թաթուլը Տիգրանի բանակային ընկերն էր, որը Սայաթ-Նովայի վրա գարեջրատուն էր աշխատացնում։ Գնացինք Թաթուլի մոտ, նա, բնականաբար, նորից սեղան գցեց ու նորից ծախսի տակ ընկավ, նորից ծանոթներ, նորից կենացներ, վերջապես որոշեցինք տուն գնալ։

Սայաթ-Նովայի վրա կանգնած ծխում էինք, երբ տեսանք մի տղամարդու, որը ամեն ձեռքին մի շիշ շամպայն բռնած՝ անցնում էր մեր մոտով։

– Ախպերս, կարո՞ղ է մի շիշը մեզ տաս,- հանկարծակի պոռթկումով նրան դիմեց Տիգրանը։

– Վերցրեք,- զարմացած-վախեցած ընկրկեց շամպայնակիրը ու մի շիշը մեզ պարզեց։

Շամպայնը ձեռքիս քայլում էինք Սայաթ-Նովայով ու փորձում հասկանալ, թե ինչ պետք է անենք այս շամպայնով։ Հյուր գնալու համար արդեն ուշ էր, իսկ Տերյան փողոցին հասնելով, որոշեցինք, որ ոչ մի դեպքում էլ չենք գնա Կոնսերվատորիայի տակի բարը՝ նախորդ անգամ բարմենի հետ վիճել էինք։

Արդեն Բաղրամյանի վրա էինք, ու վերջնականապես հասկացանք, որ այդ շամպայնի ձեռքը կրակն ենք ընկել։ Հանկարծ Տիգրանը պայծառացավ․

– Դու Չինական պարսպի վրա շամպայն խմած կա՞ս։

– Չէ՞։

Մոտեցանք Չինաստանի դեսպանատանը, նստեցինք ցանկապատի տակի քարերին ու հենց շշից դատարկեցինք շամպայնը` սույնով նշելով այս կարևոր պատմական նվաճումը։

 

Դլե յաման

Նազենին՝ Տիգրանի կինը, թռնում էր Փարիզ իր դոկտորական թեզի հարցերով։ Վաղ առավոտյան Դիմայի մեքենայով գնացինք օդանավակայան՝ Նազենիին ճանապարհելու, մեզ հետ էր նաև Արփոն՝ Նազենիի դստրիկը։

Վերադառնում էինք Պռոշյան փողոցով, որը համապատասխան տրամադրություն էր մակածում։ Իրարից անկախ երեքով էլ առաջարկեցինք օրը խաշով սկսել։

– Ո՜ւխ, մաման գնաց, քեֆերը սկսվեցին,- ուրախացավ Արփոն։

Մտանք առաջին իսկ պանդոկը, որտեղ պատրաստի խաշ կար։ Մատուցողը բերեց թթուն, բողկը, լավաշը, ջերմուկը ու առանց մեր կարծիքը հարցնելու՝ մի շիշ «Դլե յաման» օղի։ Այդ ժամանակ Հայաստանում տարածված էին գեղեցիկ պիտակներով, անհասկանալի բաղադրությամբ օղիները։ Պիտակների վրա նշված էր, թե դրանք եվրոպական արտադրանք են, բայց համառ շշուկներն ասում էին, որ դրանք խորհրդային ռազմարդյունաբերության կոնվերսիայի արդյունք էին՝ պատրաստված հրթիռային վառելիքից, և ունեին անհասկանալի, հաճախ նաև՝ անսպասելի համեր։ «Դլե յամանը» դրանցից էր։

– «Դլե յաման» չենք ուզում, սա տար, «Աբսոլյուտ» բեր,- ասաց Դիման։

Մատուցողը վերցրեց շիշը, մի 7-8 րոպեից վերադարձավ նույն շշով։

– «Աբսոլյուտ» չունենք, «Դլե յաման» չե՞ք խմի,- բայց տեսնելով կտրուկ մերժումը, զգուշորեն հեռացավ։

Արդեն երկար ժամանակ էր, ինչ չոր-չոր նստած էինք խաշի սեղանի շուրջ։ Մենք պատրաստ էինք խոնարհաբար սպասել, մինչև խաշը տաքանար, բայց սխտորն ու թթուն մեղմորեն շոյում էին մեր ռունգերը`պահանջելով խմել մինչխաշյան ավանդական երեք բաժակը։ Վիճաբանություն սկսվեց մատուցողի հետ, ներս մտավ ճաշարանի տերը։

– Ես հիմա կգնամ, օղին կբերեմ,- տեղից վերկացավ Դիման։

Ռեստորատորը մեզ հանգստացրեց, վստահեցրեց, որ ինքն անձամբ, հենց հիմա կգնա խանութ՝ «Աբսոլյուտի» ետևից։ Նրա վերադարձին էինք սպասում, պատրաստում էնք լավաշով բրդուճները, արդեն ավելի հանգիստ քննարկում միջադեպը, երբ ներս մտավ իր բրենդին նվիրված մատուցողը, ձեռքին ավելի փոքր շիշ․

– Մինչև շեֆը «Աբսոլյուտը» բերի, կարո՞ղ է մի փոքր շիշ «Դլե յաման» խմեք։

 

Ճղված 5 դոլարը

Րաֆֆու կենտրոնում էինք աշխատում, գրասենյակը Պարոնյանի թատրոնի ծառայողական միջանցքի մոտ էր։ «Հայացք Երևանից»-ի հերթական թողարկումն էինք պատրաստում, ժամկետները սեղմում էին, մինչև ուշ երեկո աշխատում էինք։

– Հոգնել եմ,- ասացի։

– Փող կա՞ մոտդ, դուրս գանք, մի քիչ թարմանանք,- հարցրեց Տիգրանը։

Դրամապանակումս եզրը վնասված մի հինգդոլարանոց կար, որը փոխանակման կետերը չէին ընդունում, իսկ բանկ գնալու ժամանակ չէի գտնում, որ այնտեղ փոխանակեմ։

– Գնանք Թաթուլի մոտ, Թաթուլը կընդունի,- առաջարկեց Տիգրանը։

Ամենափրկիչ Թաթուլը տեղափոխվել էր և աշխատեցնում էր Պրոսպեկտի վրա գտնվող մի գարեջրատուն, որը մեզանից 200-300 մետրի վրա էր։ Մտանք այդ բարը, Տիգրանը Թաթուլին տեղեկացրեց մեր ֆինանսական իրողության մասին և երկու գարեջուր վերցրեց։ Հարևան սեղանին նստած էին Տիգրանի ստեղծագործությանը քաջածանոթ տղաներ։ Ղարաբաղից էին, մոտեցան ու սկսեցին սպեցիֆիկ հարց քննարկել․ մեծ աղմուկ էր հանել ռենեգատների մասին Տիգրանի հոդվածը, և տղաները փորձում էին համոզել, որ ղարաբաղցիները ռենեգատներ չեն։ Տիգրանը պնդում էր, որ ռենեգատներ կարող են լինել նաև երևանցիները․ խնդիրը ոչ թե ծագումնաբանությունն է, այլ Հայաստանի հանդեպ մոտեցումը․ ընկալո՞ւմ ես այն որպես Հայրենիք, թե՞ որպես քուջուջ անելու բոստան։

Հետո էլի տղաներ մոտեցան ու Տիգրանից պահանջում էին բացատրել, թե ինչ պետք է անել, որ լավ լինի։ Անողոք իրատեսականությամբ Տիգրանը պնդում էր, որ «լավ լինելու» ռեալ, աշխատող տարբերակներ չկան։ Որոշեցինք տեղափոխվել Կոնսի տակի բարը։ Տղաներն իրենց տարբերակներն էին առաջարկում, Տիգրանը անողոքաբար ցույց էր տալիս, որ դրանք չեն կարող իրականանալ։ Քննարկումները շատ հետաքրքիր էին, բայց ուշ գիշեր էր, բարը փակվում էր։ Բնական առաջարկն էր գնալ տներով, իսկ մենք պետք է վերադառնայինք աշխատանքի, դեռ թողարկումը պատրաստ չէր։ Տղաներից մեկը այլընտրանքային մոտեցում ուներ: Հաշվի առնելով, որ ուշ ժամ է, և բոլորս էլ սոված ենք, նա առաջարկեց գնալ Պռոշյան։ Այն ժամանակ Պռոշյանի վրա բազմաթիվ էին շուրջօրյա աշխատող պանդոկները։

Գնացինք, նստեցինք, ու կենացները նորովի բորբոքվեցին։ Արդեն լույսը բացվում էր, բայց մեր սեղանակիցները չէին ուզում Տիգրանին բաց թողնել։ Ներողություն խնդրեցինք, համոզեցինք, ասելով, որ տուն չենք գնալու, այլ գրասենյակ, որ մենք դեռ պետք է աշխատենք։ Առավոտ շուտ բերեցին, հասցրեցին աշխատավայր, հետներս դրեցին մի մեծ կողով, մեջը լիքը ուտելիք ու խմիչք՝ որ գործից չկտրվենք, հանգիստ աշխատենք։

Թողարկումը ժամանակին հասցրինք, իսկ ճղված 5 դոլարանոցը այդպես էլ մնաց դրամապանակիս մեջ։

 

Աքիլլեսի ու Հեկտորի ճակատամարտը

Մարտի 8-ն էր, իսկ ես հերթական ֆինանսական ճգնաժամի մեջ էի, չգիտեի, թե ինչ նվերս մատուցեմ կնոջս։ Անսպասելի զանգահարեց Տիգրանն ու ասաց․

-Մոտս մի քիչ փող կա, քեզ ու Նարինեին հրավիրում եմ երաժշտություն լսելու։

Երեկոյան հանդիպեցինք Կինոյի տան ռեստորան, Տիգրանն էլ Նազենիի հետ էր։ Այստեղ նվագում էր մեր կողմից շատ սիրված Ալիկի «Բուզուկի» խումբը։ Երաժիշտները հիմնականում Հունաստանից գաղթածներ էին և նվագում էին հունական երաժշտություն՝ սիրտակի, չիֆթեթելի, պոնտական պարեր, տարբեր երգեր։

Տիգրանը մեզ մոտեցող մատուցողին խստությամբ ասաց․

-Մոտներս 10 հազար դրամ փող կա, բայց նորմալ սեղան կգցես՝ արաղով-բանով։

Մատուցողը կազմակերպեց սեղանը, ու ես զարմացա, որ 10 հազար դրամով կարելի է այդպիսի նորմալ սեղան գցել։

Ռեստորանում նաև հույներ կային՝ մի բարձրահասակ, երկար մազերով երիտասարդ և մեկ ուրիշը՝ ավելի բարձրահասակ։ Նրանք հայ գեղեցկուհիների ընկերակցությամբ էին։ Ենթադրեցինք (ու ճիշտ ենթադրեցինք), որ Երևանում հույների կողմից նոր բացվող «Կոկա-կոլայի» մենեջերներից կամ ինժեներներից էին։

Աստիճանաբար Ալիկը թեժացրեց երաժշտությունը։ Երբ հերթը հասավ «Հույն Զորբան» ֆիլմից հայտնի սիրտակիին, ավելի բարձրահասակ հույնը սկսեց պարել։ Տիգրանը մատուցողին պատվիրեց ափսեներ բերել։

-Ճակատամարտից առաջ Աքիլլեսն ու Հեկտորն այս պարն են պարել, իսկ Պատրոկլեսը խանդից Հեկտորին խանգարելու համար նրա ոտքերի տակ խեցեղեն է նետել,-

Տիգրանը անմիջապես սարքեց միֆը։ Ես թերահավատորեն ժպտացի, գիտեի, որ մեղեդին գրավել է հատուկ այդ ֆիլմի համար 60-ականներին։

-«Իլիականի» ապոկրիֆներում է գրած,- լուրջ դեմքով շարունակեց վստահեցնել Տիգրանը և սկսեց պարողի ոտքի տակ ափսեներ նետել, որոնք աղմուկով ջարդվում էին։

Բարձրահասակ հույնը, ով դեռ չէր պարում, ոգևորված խմիչքից, երաժշտությունից ու աղջիկներից, պատվիրեց շուրջ մեկ մետր բարձրությամբ ափսեների բուրգ և սկսեց նետել ընկերոջ ոտքերի տակ։ Հանկարծ ափսեներից մեկը չջարդվեց, և բարձրահասակ հույնը ինչ-որ ակրոբատիկ հնարքով կոտրեց այն։ Պարզվում է, որ ըստ աթենական պանդոկների հին ավանդույթի, չջարդված ափսեն պետք է գլխով կոտրել։

Հետո սկսեց պարել ավելի բարձրահասակ հույնը։ Կրկին մատուցողը մի մետր ափսե բերեց, կրկին այնպես տացվեց, որ մի ափսե չջարդվեց։ Պարողը վերցրեց այն և գլխին խփելով ջարդեց։

Պարահրապարակի հատակը ծածկվել էր ափսեների փշուրներով ու արյան գետերով։ Դուրս գալուց Տիգրանը մատուցողին ասաց, որ մեր ափսեների հաշիվը հույների վրա գրի։ Մատուցողը գոհ էր, Ալիկը նույնպես գոհ էր, Տիգրանի նախաձեռնած մի քանի ափսեն այդ երեկո նրանց մեծ եկամուտ ապահովեց։

Հետագայում Տիգրանենց տան քեֆերին հաճախ էինք սիրտակի պարում ու ափսեներ ջարդում։ Կանգ առանք այն ժամանակ, երբ հասանք թեյի ափսեներին՝ ճաշելու համար էլ ամաններ չէին մնացել։

 

«Պապլավոկը», Վարդանի վարդերն ու սիֆիլիսը

Մի երկար շրջան Տիգրանը որպես աշխատավայր էր ընտրել «Պապլավոկը»։ Նստում էր էստրադայի մոտ մի սեղանի, մի գարեջուր էր վերցնում ու գրում էր։ Ավելի ուշ, երբ գալիս էր Մալխասը, աշխատում էր ջազը, հավաքվում էին մարդիկ, Տիգրանն ավելի շատ հանրային կապերի համար էր աշխատում, բայց ոչ այսօրվա իմաստով՝ իրեն հանրայնացնելով, այլ ավելի շատ հանրության տրամադրությունները հասկանալու համար։ Քանի որ «Պապլավոկն» այն ժամանակ էլիտար տեղ էր համարվում, Տիգրանը փորձում էր հասկանալ առնվազն «էլիտայի» մտածելակերպը։ Նա սովորաբար նստում էր էստրադայի մոտ, ոգևորում էր նվագողներին, Մալխասին։ Մի յուրօրինակ դուետ էր ստացվում Տիգրանի ոգևորության և ջազի ոգևորող երաժշտության միջև։ Հիշում եմ, մի անգամ երաժշտությունից ոգեշնչված Տիգրանի դեկլամացիան սրճարանով մեկ․

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,

աշխարհներին, արևներին,

Հրանման հոգիներին։

Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,

Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ։

Հեռավար երկխոսում էր տարբեր սեղաններին նստած ծանոթների հետ, մարդիկ էին մոտենում, ինքն էր մոտենում իր ընկերների սեղաններին։ Մթնոլորտը «Պապլավոկում» դառնում էր միասնական ու ջերմ։

Որքան էլ կրկնաբանություն թվա, «Պապլավոկին» առանձին բույր էր հաղորդում մի փոքրիկ տղա՝ Վարդանը, որը վարդեր էր վաճառում այդ սրճարանում (Վերջերս տեսա Վարդանին՝ նույն բիզնեսն է շարունակում Նալբանդյանի վրա, բայց արդեն՝ մոտոռոլերով)։ Տիգրանը միշտ Վարդանի վարդերն էր նվիրում իր սեղանին նստած աղջիկներին, հաճախ՝ նաև սրճարանում նստած իրեն ծանոթ մյուս կանանց։ Երբ Տիգրանի մոտ բավարար գումար էր լինում, նա Վարդանից վերցնում էր նրա մոտ եղած բոլոր վարդերը և բաժանում էր ողջ սրճարանին։

Լինում էր, որ մի շիշ գարեջրի փող չէր լինում, բայց և լինում էր վարդերի հրավառությունը։ Լուրը, որ Տիգրանը կրկին վարդեր է բաժանում, այսինքն, որ մոտը գումար կա, շատ արագ էր տարածվում Երևանում, և Տիգրանի շատ ծանոթներ անմիջապես հիշում էին նրան։ Աշոտի կինը պետք է ծննդաբերեր՝ գումար էր պետք, Հովիկը հիվանդանոցում վիրահատության սպասող բարեկամ ուներ, Սամվելը փող էր պարտք, ժամկետը հասել էր, պարտատերերը խեղդում էին։ Տիգրանն աշխատում էր իր հնարավորությունների չափով բոլորին էլ օգնել։

Մի անգամ մեր սեղանին մոտեցավ գեղեցկատես մի երիտասարդ աղջիկ։ Գիտեինք, որ մասնագիտությամբ պուտանկա է, և զարմացանք։ Աղջիկը, որի անունը, կարծեմ, Մարիա էր, արտասվելով պատմեց իր դառը պատմությունը․ կարծում էր, որ խորը հիվանդ է, իսկ իր «ասպետը», ում հետ հանդիպում էր վերջին շրջանում, անհետացել է։

Պայմանավորվեցինք և մյուս օրը իմ մեքենայով գնացինք սեռավարակների հիվանդանոց։ Մարիան մտավ պրոֆեսորի մոտ, իսկ ես ու Տիգրանը սպասում էինք միջանցքում։ Մի երկու անգամ երևաց պրոֆեսորի բուժքույրը, որը ցասումով նայեց մեր վրա, թերևս կասկածելով, թե այս երկու անառակներից որ մեկն է վարակել աղջկան․ իսկապես երկիմաստ իրավիճակ էր։

Մարիան կրկին արտասվելով դուրս եկավ բժշկի կաբինետից և հայտնեց սարսափելի լուրը․ մոտը սիֆիլիս է հայտնաբերվել։ Պրոֆեսորը մեծ գումար պահանջեց հետազոտության և Մարիային չգրանցելու համար, ակնարկեց, որ այդ գումարի մեջ է մտնում նաև նրա ծանոթներին, այդ թվում և՝ մեզ, հետազոտություններ ու բուժում չպարտադրելը։

Մարիայից նաև դեղերի և բուժման համար էր մեծ գումար պահանջել, ինչն արդեն Տիգրանի հնարավորություններից դուրս էր, և նա աղջկան խորհուրդ տվեց, այնուամենայնիվ, գտնել իր ասպետին թե իր բուժման, թե վերջինիս հետազոտությունների համար։

Մի քանի օր ինչ-որ տհաճ դատարկություն էր ինձ մոտ այն պատճառով, որ հնարավորություն չեղավ օգնել աղջկան, ու նաև՝ անհանգիստ էի նրա ճակատագրից։

Մի քանի օրից Մարիան հայտնվեց «Պապլավոկում»։ Պարզվեց, որ մեծ փողեր վերցնելու նպատակով պրոֆեսորը խաբել ու վախեցրել էր իրեն։ Մարիան գնացել էր կրկնակի հետազոտության, պարզվել էր, որ շատ ավելի պարզ վարակ է եղել մոտը, որը մի շաբաթում բուժվել է։

 

Երկխոսություն իշխանությունների հետ

Ստյոպի ծննդյան օրը Տիգրանը և Ստյոպը ընկեր-ընկերուհիների հետ «Պապլավոկում» նշում էին այդ պատմական իրադարձությունը: Շամպայններից հետո սեղանին, պարզ չէ՝ որտեղից, հայտնվեցին օղու շշեր, լահմաջոյի ու նրբերշիկի պակաս նույնպես չկար: Հանկարծ Տիգրանն անհայտացավ: Հետո, «Պապլավոկի» առաջին հարկից հայտնվեց ընկերներից մեկը և ասաց, որ Տիգրանը կանչում է երաժշտություն լսելու:

Երբ ոտքի կանգնեցին, որ իջնեն, պարզվեց, որ ինքնուրույն տեղաշարժվելն արդեն դժվար է, շամպայնն ու օղին իրենց գործն արդեն արել էին: Մի կերպ ճոճվելով իջան «Պապլավոկի» առաջին հարկ՝ Մալխասնոց ու նրանց աչքի առաջ հառնեց Հայաստանի քաղաքական քարտեզը։ Պապլավոկը լիքն էր պետական, քաղաքական, քաղաքականամերձ, պաշտոնական ու կիսապաշտոնական մտավորականներով: Ազատ սեղան չկար, չորս կողմը ռացիաներով թիկնապահներ էին վխտում:

Պատի տակ երեք սեղան էր միացված, որի շուրջ նստած էին ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Քոչարյանը, վարչապետ Արմեն Դարբինյանն ու Սպարապետը: Ազատ սեղան չկար, իսկ քաղաքական ղեկավարությունը կիսաէլիտայի կծկված ու հիացական-խնդրողական հայացքների ներքո երեք հոգով երեք սեղան էր զբաղեցրել։ Այդ անարդարությունը շտկելու համար Տիգրանը մոտեցավ Վազգենին ու հարցրեց՝ այս երրորդ սեղանը ձեզ պե՞տք է: Շվարած Վազգենը գլխով ցույց տվեց, որ ոչ, ու Տիգրանն այդ սեղանը նրանց մոտից ճռացնելով հեռացրեց ու իր ընկերներին հրավիրեց:

Ճոճվող սուբյեկտները մինչ սեղանին մոտենալը նստած հյուրերից էին բռնվում, որ չընկնեն: Ստյոպը վայր չընկնելու համար հենվեց նստածներից մեկի գլխին: Գլուխը շուռ եկավ ու երևաց ժպտացող Գռզոյի դեմքը:

Լարումը թուլացավ, երբ Վազգենը Տիգրանենց խմբում տեսավ Վարդուշիկին, որին «Գարունի» խմբագրությունից լավ էր ճանաչում: Վարդուշիկի շնորհիվ պետության ղեկավարության ու Տիգրանի սեղանի միջև ստեղծվեց բարիդրացիական հարաբերություն, ինչը հանգստացրեց մթնոլորտը, սակայն թիկնապահները ներվային շարժումներ էին անում:

Տիգրանը սկսեց ճոխ պատվերներ անել: Մոտեցան մատուցողուհիներն ու սիրալիր առաջարկեցին նստել կողքի սեղանին, որը թիկնապահներն արդեն ազատել էին հոբելյարի ու նրա ընկերների համար: Սակայն Տիգրանի սեղանը սկսել էր ողջ սրճարանում կոմունիկացիոն դեր կատարել: Հերթով մոտենում էին մտավորականության ու լրագրողական բոմոնդի ներկայացուցիչները, մի քանի րոպեով նստում սեղանի մոտ ու Վազգենի հետ երկխոսության մեջ մտնելով՝ փորձում գործ կպցնել:

Վազգենը լավ տրամադրություն ուներ, ըստ երևույթին, Քոչարյանին ուզում էր ցույց տալ, որ ինքն այս քաղաքից է, որտեղ ոչ միայն մտավորականները, այլև անգամ ալկաշներն են իր հետ ընկերություն արել, իսկ Քոչարյանն օտար է այս տեղում։ Վերջինս, իհարկե, նեղվում էր, որ ինքը չէր ուշադրության կենտրոնում:

Հանկարծ ընկերներից մեկը բարձրաձայն հարցրեց սեղանակիցներին․

– Ի՞նչ եք կարծում, ո՞վ կկրի՝ Վազգե՞նը, թե՞ Քոչարյանը:

Քաղաքական ղեկավարության սեղանին լարված լռություն տիրեց: Տիգրանն այդ պահին պատահաբար դիպավ շամպայնի շշին, որն ընկավ ու աղմուկով փշրվեց, բայց դրանով չարը չխափանվեց, անգամ դա չմեղմացրեց մթնոլորտը: Թիկնապահներն իրենցից անկախ՝ վեր թռան: Վարդուշիկը բարձրաձայն պատասխանեց.

– Վազգենը կկրի, տես Ռոբի աչքերն ինչքան փոքր են, իսկ Վազգենինը՝ մեծ:

Բոլորը նկատեցին Ռոբի թարս ու ջղային հայացքը, վիճակն ավելի էր լարվում։

Մթնոլորտը թեթևացնելու համար Վազգենը շուռ եկավ դեպի Վարդուշիկն ու հարցրեց.

– Ի՞նչ ես անում, էլի ես գրում:

Վարդուշիկը, որը երբեք ոչինչ չէր գրել, պատասխանեց․

– Չէ, բա դու ի՞նչ ես անում:

Վազգենը ծիծաղեց.

– Հեչ, պաշտպանության նախարար եմ աշխատում:

Տիգրանն անսպասելի ոտքի կանգնեց.

– Սպարապետ, համարդ կտա՞ս, զանգեմ, կարևոր բան պետք է ասեմ:

Վազգենի անձեռոցիկի վրա ինչ-որ համար գրեց ու փոխանցեց Տիգրանին:

– Քարտուղարինս ա, կասես՝ դու ես զանգել:

Հերթական շշերից հետո Տիգրանը, Ստյոպն ու աղջիկներն էլ ոչինչ չէին հիշում, սակայն հաջորդ օրը նրանց պատմում էին, թե հետո ինչ է եղել, ով ինչ է խոսել: Պատմությունները տարբեր էին ու միմյանց հակասող ու, ամենակարևորը, պատմողներն այդ օրը «Պապլավոկում» ներկա չէին: Իսկ Վարդուշիկի մայրը մյուս օրը երեկոյան պատմել է, որ հարևաններն ասել են, որ երեկ «Պապլավոկում» Վազգենին կողքի սեղանից մի աղջիկ է դուր եկել, տարել է հետը, հիմա իրեն ման են գալիս: Երևի իր մասին էր: Դա էլ քաղաքային ֆոլկլորի ստեղծագործությունների նմուշներից մեկն էր:

Տիգրանը պատմում էր, որ առավոտյան կողմ ոտքով տուն գնալուց նկատել է, թե երկու հոգի մինչև տուն իր ետևից գնացել են: Իր կարծիքով, դրանք Վազգենի թիկնապահներն էին, որոնց Վազգենն էր ասել, որ հետևեն, որպեսզի իր հետ մի բան չպատահի, ու դա Վազգենի վրա չբարդեն:

Իսկ ով էր ճոխ սեղանի հաշիվը փակել, ոչ ոք չէր հիշում՝ երևի Վազգենն էր:

 

Մահ քաջորդվույն

Տիգրանն իր մայրիկի՝ տիկին Ֆրիդայի ծննդյան օրվա տոնակատարությունից վերադառնալուց դարձավ վրաերթի զոհ։ Սամվելը նրան ուղեկցել էր համարյա մինչև տուն, բայց Բաղրամյան փողոցն անցնելուց սպիտակ Նիվան մեծ արագությամբ հարվածել էր Տիգրանին, և նա գիտակցության չգալով՝ ժամեր անց մահացել էր։

Սուգը չէր թողնում լավ հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն կային մի քանի կասկածելի հանգամանքներ․ վրաերթի տեղը լավ լուսավորված էր, և դժվար էր աժդահա Տիգրանին այնտեղ չնկատել, այդ վայրում ավարտվում էր փողոցի երկար վերելքը, և մեքենաները սովորաբար չէին կարողանում մեծ արագություն հավաքել։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո աստիճանաբար սկսեցի վերհիշել վրաերթին նախորդած մի քանի մանրամասներ։ Նախ, Տիգրանը Վազգենին այդպես էլ չէր հանդիպել, բայց վրաերթին նախորդած օրերին ինտենսիվ զանգահարում էր բոլոր հնարավոր համարներով, սակայն նրան չէին միացնում Սպարապետի հետ։ Հիմնականում կապն ավարտվում էր Շիրխանյանի վրա, ով խոստանում էր կազմակերպել հանդիպում, բայց չէր անում։ Ի դեպ, Տիգրանի մահվանից հետո Շիրխանյանն ինձ հրավիրեց հանդիպման` փորձելով պարզել, թե ինչ էր ուզում ասել Տիգրանը Վազգենին։

Մահվանը նախորդած օրերին Տիգրանը փորձում էր հասարակությանը ու մանավանդ՝ Վազգենին ինչ-որ բան հասկացնել, դրա համար նա ասուլիս հրավիրեց Նիկոլի խմբագրությունում, մի շարք այլաբանական էսսեներ գրեց գեներալի մահվան ու Բաղրամյան փողոցում պարող արյունոտ Նաիրիի մասին։

Հիշեցի, որ այդ օրերին նա ինձ հանկարծ մտազբաղ ասաց․

– Երեկ հանդիպեցի մեր կուրսի Նաիրիին։

Ու չշարունակեց, ես էլ, քանի որ չէի ճանաչում իրենց կուրսի Նաիրիին, էլ հարցեր չտվեցի։ Հետագայում իմացա, որ զուգահեռ բանասիրականի կուրսի Նաիրի Հունանյանի մասին է խոսքը։

Մի քանի նման դրվագ համադրելով՝ ենթադրեցի, որ տեսնելով Տիգրանի ընդդիմադիր կեցվածքը՝ Նաիրին փորձել էր նրան հավաքագրել, իսկ Տիգրանն էլ՝ ինձ խնայելով, այդ մասին չի մանրամասնել։ Նա փորձում էր հանդիպել Վազգենին ու բացահայտել դավադրությունը, և իմ կարծիքով՝ հենց դրա համար էլ նրան սպանեցին։

Իմ վարկածը քաղաքական սպանությունն էր, և, քանի որ Տիգրանը ընդդիմադիր էր նախկին իշխանություններին, այդ տարիներին այն որևէ կերպ չէի կարող ստուգելու հնարավորություն չէի պատկերացնում։

Երբ Նիկոլը վերցրեց իշխանությունը, ես հնարավորինս արագ վերադարձա Հայաստան, որպեսզի նրան պատմեմ իմ կասկածները, քանի որ համոզված էի, որ ինքն էլ շահագրգռված կլինի իմանալ ճշմարտությունն իր ընկերոջ, իր ուսուցչի մահվան վերաբերյալ։

Բոլոր հնարավոր ծանոթների միջոցով փորձեցի հանդիպել Նիկոլին՝ չէր ստացվում։ Մի անգամ պատահական նրան տեսա թիկնապահներով շրջապատված, Սարյան փողոցում, ճեղքեցի թիկնապահների շղթան, ողջունեցի ու հանդիպում խնդրեցի (ի դեպ, նիկոլական մեդիան երկար ժամանակ պտտում էր այդ տեսագրությունը՝ որպես ինձ վարկաբեկող, իրենց կարծիքով էլ է Նիկոլին ողջունելը վարկաբեկում մարդուն)։ Այդ հանդիպումը նույնպես չկայացավ։

Կարողացա Նիկոլի օգնականների միջոցով այս պատմությունը հասցնել նրան, որից հետո հանդիպեցի Գլխավոր դատախազին։ Վերջինս ուշադիր ինձ լսեց, և Նիկոլին խոստացել էր, որ եթե բավարար հանգամանքներ լինեն, կվերաբացեն այս սպանության գործը։ Հետագայում իմացա, որ նա ասել էր, թե չափազանց շատ են այդպիսի հանգամանքները, և հաստատ պետք է վերաբացել գործը, ինչը, սակայն այդպես էլ չարվեց։

Իմացա նաև, որ Տիգրանի վրաերթի վերաբերյալ քրեական գործն ընդհանրապես անհետացել է դատական արխիվներից:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031