Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կոշիկի ձախ թայը

Մարտ 17,2024 23:52

Իբր թե կոշիկը չի գտնում․ աջը հագել, մի ոտքը կոշիկի մեջ, մյուսը բոբիկ՝ տան մեջ վազվզում է։

— Բա որտե՞ղ կլինի,– ասում է,– հլը արի, գտի՛ր։ 

— Մնացել ա՝ քեզ ծիծ տամ, կոշիկն ի՞նչ ա, որ չես կարողանում ինքնուրույն գտնել, հագնել․․․ դարակի մեջ նայի՛։

— Նայել եմ, չկա՛,– ասում ու սառնարանի մեջ է ստուգում։

— Դու շա՞շ ես, կոշիկը սառնարանի մեջ ի՞նչ գործ ունի,– ծաղրում եմ։

— Չես իմանա․․․ մեկ էլ տեսար․․․ չես տեսնո՞ւմ՝ ինչ ա կատարվում աշխարհում։ Հիմա ես ի՞նչ անեմ:

— Կոշիկներդ հագի՛, գնա՛, քեզ որ զանգել ա, ուրեմն օգնության հույս ունի։

— Իսկ ինչի՞ ա զանգել, ես իրեն խնդրե՞լ եմ, ես իր ի՞նչն եմ՝ հորեհորքո՞ւրն եմ, թե՞ մոեմորքուրը․․․ Թող չզանգեր, հիմա որ տեսնեմ, դեմքն էլ չեմ հիշի։ Դրա նման 200 աշխատող ունեմ։ Ինձ ասել են՝ բաքվեցի փախստական ա, ես էլ խղճահարությունից պահակ եմ ընդունել։ Կրակն ընկա՞նք։

— Ուրեմն, այլ ելք չի ունեցել․․․ էս երկրում ինքը միայն քեզ ա ճանաչում։ էնպես որ, կոշիկներդ հագի՛ր ու գնա՛։

— Աղջկան որ առհասարակ չեմ տեսել, հավատա՝ չեմ էլ իմացել, որ աղջիկ ունի։

— Հավատում եմ, բայց մարդկային վերաբերմունք ցո՛ւյց տուր։ Բարությունդ Աստված դեմդ կբերի․ ով գիտի՝ վաղը ինչ կգա իր գլխին։

— Ի՞նչ անեմ՝ չկա՛, չկա՛ էդ գրողի տարած կոշիկը․․․հիմա շաքարս էլի կբարձրանա, էլի կընկնեմ բժիշկների ձեռքը,– վարագույրի հետևում է նայում։

— Դարակի մեջ լա՛վ նայի, երեկոյան երկուսն էլ էնտեղ եմ դրել․ հնարավոր չէ՝ չլինի։

— Չեմ գտնում էդ անտեր կոշիկի թայը, ես ի՞նչ անեմ։

— Տնից չփախավ․․․

— Կարող ա՝ գցել ես կամ մեկին տվել։

— Էդ քո քնձռոտ կոշիկները հեչ զույգով ուրիշի տալու բան չեն, մի թայը ո՞ւմ պիտի տայի։

— Բա ո՞ւր ա, ա՛յ մարդ,– արդեն բարձերի տակ է նայում։

— Դրա համար պիտի մարդ գոնե երկու զույգ կոշիկ ունենա, որ եթե հանկարծ տակը պոկվի կամ մեկը զանգի, գնալու համար հագնելու բան ունենա․․․ ընկել ես, քրտնմխած փող ես հավաքում, տեսնո՞ւմ ես՝ կյանքը ինչ անարժեք բան ա դարձել․ առաջ հնգամյակներով էինք կյանքը պլանավորում, հիմա վաղվա վրա էլ հույս չկա։ 

— Չկա՛, չկա՛ էդ անտեր կոշիկը, էլի՛, ես դրա տիրումերը․․․,– խելագարված վազվզում է տան մեջ,– լա՛վ, ի՞նչ անեմ։

— Զանգի՛ ոստիկանություն, զանգի՛։

Սա վերցնում է հեռախոսը, հավաքում ոստիկանության համարը․

— Ախպե՛րս,– ասում է,– օգնե՛ք, կոշիկիս ձախ թայը կորել ա,– շրջվում ու այլայլված նայում է երեսիս,– հայհոյեց շան տղեն։ 

— Որովհետև խոսել չգիտես, կարգի՛ն ասա։ 

Նորից է զանգում

— Ներեցե՛ք անհանգստացնելու համար, բայց ես ձեր օգնության կարիքն ունեմ, պիտի շտապ դուրս գամ տնից, ինձ սպասում են, բայց կոշիկիս ձախ թայը չեմ գտնում․․․ Անջատեց,– ասում է շվարած,– մենք էլ սրանց վրա հույս ենք դնում։ 

— Չստերո՛վ գնա,– ասում եմ:

Ծակ չստից դուրս է ցցում բութը՝ եսի՞մ, սեփական բթին նայում է զարմացած։ Հիմա էլ ես եմ վերցնում հեռախոսը, զանգում ոստիկանություն

— Հարգելի՛ս,– ասում եմ հուզախռով ձայնով,– Ձորի թաղամասի հինգերորդ տանը մեր բարեկամն է ապրում, փախստական է՝ բաքվեցի, փեսան թուրք է եղել, կնոջ, աղջկա ու թոռան հետ մի կերպ փախել են։ Հիմա աղջիկը ինքնասպան է եղել, կախվել է․․․հա՛, մենք էլ ծայրամասում ենք ապրում, տաքսի գտնելը մի քիչ դժվար է, խնդրում եմ, հասե՛ք օգնության, մինչև մենք գանք։ 

Նստում ենք մի 20 րոպե, ասում է

— Ազնիվ խոսք, չգիտեի, որ ես էսքան վախկոտ եմ, հլը տես, ձեռքերս դողում են․․․ ի՞նչ ես կարծում՝ ոստիկանները գնացի՞ն։ 

— Համոզված եմ՝ արդեն տեղում են։ 

— Դե, փա՛ռք Աստծո,– ասում է թեթևացած։ 

— Բայց,– ասում եմ ես,– մեղք ա էդ մարդը, ինքը գիտի, որ դու իր դեմքը չես հիշում, գիտի, որ դու օտար ես, գիտի, որ դու ոչ իր հորեհորքուրն ես, ոչ էլ մորեմորքուրը, ու էդ բոլորը իմանալով հանդերձ՝ քեզ ա զանգել, որովհետև էս երկրում ուրիշ ծանոթ չունի, այլ ելք չունի․ սարսափելի ա կյանքի արհավիրքների հետ երես առ երես մնալը․․․ էնպես որ,– ասում եմ,– դարակի մեջ լա՛վ նայի, հագի՛ կոշիկիդ ձախ թայն ու գնա՛: 

— Ի՞նչ ես կարծում,– ասում է վախեցած,– դիակն արդեն տարե՞լ են։ 

— Հա՛,– քաջալերում եմ,– ոստիկանները առաջինը դա են անում։ 

Արդեն կապում է կոշիկների քուղերը

— Բայց ձեռքերս դողում են, ես չեմ կարող մեքենա քշել․․․ վա՜յ, մամա՛ ջան, ազնիվ խոսք, չգիտեի, որ էսքան վախկոտ եմ ոտքերս արդեն սառչում են։ 

— Մի՛ քշի։ Գնա կանգառ էնտեղ ցանկացած ժամի տաքսիներ կան կանգնած։ Տաքսիով գնա, փողը կրկնակի տուր, վարորդին ասա, թող հետդ ներս մտնի։ 

— Էդպես էլ կանեմ,– վերելակի կոճակն է սեղմում։ 

— Մի տեղից էլ մի երկու շիշ ջուր վերցրեք,– ասում եմ դուռը փակելիս,– անպայման ջուր ունեցեք մոտներդ․․․

Պատմվածքը նոր լույս տեսած «Անտառի մեղավոր անցյալը» գրքից է։

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031