«Այս շրջադարձային իրավիճակում ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, մեր ժողովրդի համար: Սա երեւի թե ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից մեկն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում, որից 2-ը` Երեւանում՝ դեսպանատան եւ ավիաբազայի տարածքում եւ 3 ընտրատեղամաս` Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում եւ 102 ռազմաբազայում։ Կոպիրկինը նշեց, որ իրենք Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրության ու Ռուսաստանի ԿԸՀ-ի ընդունած ցուցումներին համապատասխան, որպեսզի ընտրողներն անհարմարություն չպատճառեն. «Մարտի 11-13-ը վաղաժամկետ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Մեր գործընկերները գնացին այնտեղ, որտեղ քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները եւ Սյունիքում ապրող եւ աշխատող ՌԴ քաղաքացիները»:
Դեսպանը նաեւ նշեց, որ հայկական կողմի հետ համատեղ ընտրությունների համար ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական դժվար ժամանակաշրջանում. «Ես հույս ունեմ, որ ՌԴ քաղաքացիները քաղաքացիական պատասխանատվություն կդրսեւորեն ու կարգապահություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ