Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, Նիկոլը կփորձի չշնորհավորելով Պուտինին՝ էլ ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները». Քաղաքագետ

Մարտ 17,2024 15:40

Այսօր շարունակվում են Ռուսաստանում նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են մարտի 15-ից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Փորձագետները վստահեցնում են, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշված են, հետեւաբար որեւէ մեկին անակնկալ չի սպասվում:

Հայաստանը դիտորդական առաքելության կազմում ներգրավված չէ, հրաժարվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում դիտորդ լինել: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առնչությամբ ասաց «Այն, որ դիտորդ չի ուղարկել, բացասական եմ դիտարկում, որովհետեւ ամեն դեպքում մենք դեռ նույն ռազմաքաղաքական եւ տնտեսական բլոկի անդամներ ենք եւ եկեք չմոռանանք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանն այդպես մեծ ձգտումներ ունենա շարժվել դեպի ԵՄ եւ Հայաստանի քաղաքականապես մեծ մասամբ անհաս հասարակությանը համոզել, որ օրինակ կարելի է ՀԱՊԿ-ը փոխարինել ԵՄ-ով, մենք պետք է փաստերի հետ հաշվի նստենք: Մեր տնտեսական կապերը հիմնականում ԵԱՏՄ-ի հետ են, տրանսֆերտների 90%-ը մենք ստանում ենք ՌԴ-ից եւ ամեն տարի 200-250 հազար ՀՀ քաղաքացի արտագնա աշխատանքի Հայաստանից մեկնում է ոչ թե Արեւմուտք կամ Նիկոլի սիրած Թուրքիա, այլ հենց ՌԴ: Եվ հիմա այդպես կտրուկ հակառուսական դեմարշներ անել եւ դիտորդների խումբ չուղարկել Ռուսաստան, իհարկե, ողջունելի չէ եւ դա իր բացասական հետեւանքներն իհարկե կունենա: Ինչ վերաբերում է ՌԴ ընտրությունների արդյունքներին եւ թե դա ինչպես կազդի Հայաստանի վրա, անակնկալ  չի լինի, եթե ասեմ, որ Պուտինն է հաղթելու: Ես կտրուկ վայրիվերումներ չեմ սպասում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պահով, եթե, իհարկե, ՀՀ գործող իշխանությունները կոնկրետ հակառուսական քայլեր չձեռնարկեն իրենց հռետորաբանությունից զատ:  Մենք մինչեւ հիմա ընդամենը հռետորաբանություն ենք տեսել եւ կիսատ-պռատ քայլեր, բայց եթե կոնկրետ քայլերի անցնի ՀՀ-ում գործող իշխանությունը, չեմ կասկածում, որ ՌԴ-ից կարձագանքեն: Չեմ կարծում, որ Պուտինի հերթական վերընտրվելուց հետո նա կանցնի ՀՀ իշխանությունների դեմ քայլեր ձեռնարկելուն, եթե, կրկնում եմ, վերջիններս չհրահրեն ռուսներին, որովհետեւ այս պահին ՌԴ-ի համար ավելի կարեւոր է ուկրաինական ռազմական թատերաբեմը եւ Արեւմուտքի հետ շարունակվող առճակատումը: Կարծում եմ, որ Ուկրաինայում որոշ չափով հաջողություններ արձանագրելուց հետո նոր սպասվում է, որ ՌԴ-ն կոնկրետ քայլեր  կձեռնարկի նաեւ Հարավային Կովկասում»:

Գագիկ Համբարյանն ընդգծեց, որ ինքը չի ողջունում ՌԴ-ի վարվող կրավորական քաղաքականությունը այս տարածաշրջանում, որովհետեւ ՌԴ-ի՝ իր խոսքով «թուրքասիրությունը» կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ պաշտոնական Մոսկվայի համար. «Մոսկվայում երբեք չպետք է մոռանան, որ ամենաշատը ՌԴ-ն իր պատմության ընթացքում պատերազմել է Թուրքիայի հետ եւ երբեք պետք է չմոռանան, որ այդ նույն Թուրքիան ՌԴ-ի դեմ պատերազմում եղել է Արեւմուտքի թիվ 1 դաշնակիցը: Հարավային Կովկասում Հայաստանի նման գործընկերոջ կորուստը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ իրենց համար, երբ որ Արեւմուտքը, առանց վարանելու, այդ թվում նաեւ ՀՀ  տարածքը կօգտագործի որպես պլացդարմ Ռուսաստանի ամենաթույլ տարածաշրջանում խռովություններ հրահրելու եւ իրավիճակը լարելու»:

Հարցին՝ Եվրոպական կառույցներն էլ դիտորդներ չեն ուղարկել ՌԴ նախագահական ընտրություններում ու հայտարարեցին, որ եթե իրենց որեւէ անդամ մեկնաբանի, գնահատական տա, շնորհավորի, դա կլինի նրանց անձնական  կարծիքը, Նիկոլ Փաշինյանը, որը ԵՄ-ին փորձում է սիրաշահել, կաշկանդվա՞ծ է Պուտինին շնորհավորել՝ վերընտրվելու դեպքում՝ Գագիկ Համբարյանը պատասխանեց, որ Փաշինյանը պարտավորված չէ, որ պետք է շնորհավորի Պուտինին. «Ես չեմ բացառում, որ հաշվի առնելով հայ-ռուսական բավական բարդ հարաբերությունները, Նիկոլը եւս մեկ անգամ կփորձի չշնորհավորելով՝ էլ ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, չնայած Նիկոլի նման գործիչը, որը ծառայում է ոչ թե ՀՀ-ին, այլ ծառայում է իր տերերին, որոնք իրեն 2018-ին իշխանության են բերել, կարող է եւ սեփական իշխանությունը ամեն գնով պահելու համար կրկին գնա իրավիճակային լուծման շատ արագ եւ շնորհավորի: Նիկոլից ամեն ինչ սպասելի է: Բայց ամեն դեպքում ՀՀ գործող իշխանությունների կողմից Պուտինին չշնորհավորելը զուտ Հայաստանի խնդիրներն են: Բերեք հլը մենք մեզ կողքից դիտարկենք՝ մենք ով ենք, Ռուսաստանն ով է: Մեր խնդիրը հենց դրանում է, որ մենք իրականությունից լրիվ կտրված ենք: Մեր խնդիրը նրանում է, որ ազգի մեծ մասը գեղցու ճարպկություն դրսեւորելով, փորձում է աշխարհի խոշոր գերտերություններին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ՝ չդիտարկելով, թե  մենք ի՞նչ ենք արել՝ այդ ամեն ինչից խուսանավելու համար: Ոչինչ: Ավելին, մենք ինքներս ենք հրահրել, մենք ասելով՝ նկատի ունեմ ՀՀ գործող իշխանություններին: Ամեն դեպքում, ՀՀ իշխանությունների կողմից Պուտինին չշնորհավորելը մեր խնդիրն է, Պուտինին դրանից ոչ տաք է, ոչ պաղ է, դրանով մենք է՛լ ավելի կսրենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որից մենք երբեւիցե օգուտով դուրս չենք գալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Պարոն քաղաքագետ, նախ Ռուսաստանն ինչ-որ մի նիկոլի շնորհավորելով -չշնորհավորելով չի սրի Հայաստանի հետ իր հարաբերությունները, եթե իրեն այս պահին դա ձեռնտու չլինի։ Ռուսաստանը կսրի, երբ դա ցանկանա ու դրա առիթը նա շատ հեշտ կգտնի իր ուզած պահին։
    Երկրորդ – վաղուց մեր քաղաքագետները պետք է հասկացած լինեին, որ իրենք չեն կարող ռուսից լավ իմանալ, թե թուրքն ինչ կարգի թշնամի է ռուսի համար կամ էլ ռուսին բացատրեն, որ հայից լավ դաշնակից իրենք չեն գտնի։
    1915 թվականին էլ էին հայերը փորձում այս կամ այն հզոր պետությանը խելք սովորեցնել հայերին օգնելու կամ հայերի հետ համագործակցելու օգուտի վերաբերյալ, բայց հիշեք, թե դա ինչով ավարտվեց։
    Եվ երրորդ – տղերք ջան, էս փոքր ազգին այդքան շատ քաղաքագետներ պետք չեն, մանավանդ որ այդ քաղաքագետների ջանքերը շատ նման են “Կարապը-խեցգետինը և գայլաձուկը” առակի հերոսների ջանքերին։

  2. Զավեն says:

    Աշխատիր քիթդ չխոթել այնտեղ, որտեղ այն չի հասնում․․․ ներհայկական թեմաներով ճամարտակում ես, գլուխդ քարը, բայց մի՛ փորձիր հետևիցդ բաներ հանել, ինչ է, թե դրանով կարելի է սեփական կառավարության հանդեպ մի հիմարություն ավել դուրս տալ, նման հիմարությունը լուրջ ընդունողները առնվազն քեզանից անմիտ պիտի լինեն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031