Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք․ Արմեն Աշոտյան

Մարտ 16,2024 16:57

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Կարեն Եսայան․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։

Արմեն Աշոտյան․ Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը կհակասի վերևից իջեցված քաղաքական պատվերին, չունեմ։ Հայաստանի դատական համակարգի ողբալի վիճակն այնքան աղաղակող է, որ տեղ է գտել նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում։

Այո, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված, և սա ակնհայտ է ոչ միայն իմ գործով, այլ Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, մյուս քաղբանտարկյալների։ Ինչպես նաև երրորդ, երկրորդ նախագահների նկատմամբ աղմկահարույց քրեական գործերի, այլ բազում օրինակներով։

Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանական դիվերսանտի օրինակով։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նրան մեղադրեցին Քր. Օր.մի շարք լրջագույն հոդվածներով, հետո մեղադրանքները հօդս ցնդեցին, իսկ նա ազատ արձակվեց` «բարի կամքով»։

Այստեղից երկու հիմնական եզրահանգում.

1) Հայաստանի իշխանությունները «բարի կամքով» կարող են միացնել կամ անջատել ցանկացած մարդու նկատմամբ ցանկացած քրեական գործ։

2) Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր։

Մարատ Գևորգյան․ «Պարոն Աշոտյան, արտաքին քաղաքականություն վարելիս ՌԴ-ն մեզ կարո՞ղ է նորից վստահելի դաշնակից լինել, թե՞ նոր դաշնակիցների կարիք, միևնույն է կա»։

Արմեն Աշոտյան․ Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունը այս թեզի ապացույցն է, իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։

Պետք է նաև ազնվորեն գիտակցել, որ ցանկացած դաշնակցային հարաբերությունները նման են «հաշվարկով ամուսնությանը», որտեղ սերը պարտադիր չէ, բայց փոխադարձ հարգանքը և վստահությունը՝ պարտադիր։

Միջպետական հարաբերությունների դիապազոնը շատ լայն է, և անշուշտ, շատ դաշնակիցներ ունենալը առավելություն է ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտաքին իրավիճակը այնպիսին է, ցավոք, որ մեծ ընտրություն չի տալիս իրավական դաշնակիցներ որոնելու։ Ուստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել, միաժամանակ շահերի համընդհանուր հիման վրա հարաբերություններ կառուցել տարածաշրջանային և գլոբալ այլ դերակատարների հետ։

Պետք է նաև գիտակցել, որ այսօր Նիկոլը այնքան է մսխել Հայաստանի քաղաքական կապիտալը, որ մեր արժեքը գեոպոլիտիկ բորսայում բարձր չէ, ավաղ։

Եվ վերջում, քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի, ուստի ֆրանսիական կրուասանների, ավստրիական հոթ-դոգերի և իտալական կապուչինոյի համին չնայած և այդ հույսով ապրողներին ստիպված եմ նախազգուշացնել, որ այս տեմպերով այդ ամենի փոխարեն մեզ սպասում են թուրքական ցոններ-քյաբաբներ։

Նարինե Եսայան․ «Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան»։

Արմեն Աշոտյան․ Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլը«ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։

Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որ անփոփոխ է մնացել 2018-ից հետո։ Որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…

Եվ ահա Տավուշում՝ ամենաամայիացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար, բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։

Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այնինչ Նիկոլը համաձայնում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։ Ո՞ւր է շտապում, ինչո՞ւ համայնքում, չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքը արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։

Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածը այս փուլում պահպանելու փոխարեն։

Գարիկ Մարդանյան (Փարիզ)․ «Արմեն ջան, իմացի՛ր, մենք քո կողքին ենք, ե՞րբ ենք շարժվելու, ե՞րբ ենք ինչ-որ բան անելու, մենք երկիր ենք կորցնում»։

Արմեն Աշոտյան․ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ և մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, լրագրողներին, քաղաքական և հասարակական գործիչներին հայտնել իմ երախտագիտությունը ձեր աջակցության և համերաշխության համար։

9 ամիս լինելով անազատության մեջ՝ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեմ ազդելու բանտախցի պատերից դուրս տեղի ունեցող գործընթացների վրա։ Սակայն, կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե կրկնեմ իմ այն մոտեցումը, որ հաջողության համար անհրաժեշտ են թարմ դեմքեր, թարմ գաղափարներ և թարմ մեթոդաբանություն։ Սպոնտան, հանպատրաստից պայքարը դատապարտված կլինի, եթե պայքարի հիմքում բերված չլինեն իմ ասած սկզբունքները։

Հնարավոր չէ մշտապես անել նույն բանը և ակնկալել այլ արդյունք։

Ի դեպ, իմ կարծիքով, Սփյուռքի մեր հայրենակիցները այլ հարցերով ևս կարող են շատ օգտակար լինել պայքարին։ Նախ, հարկավոր է տոտալ պրեսինգ իրականացրել` Հայաստանի գործող ռեժիմի ցանկացած ներկայացուցչի ձեր բնակության երկրի այցերի ընթացքում։ Ցանկացած հայ աշխարհի ցանկացած վայրում պետք է Նիկոլենց դեմքին ասի ճշմարտությունը և իր անհամաձայնությունը հայտնի նրա վարած քաղաքականության հետ։

Եվ երկրորդը, մոտենում են ընտրությունները թե ԱՄՆ-ում, թե ԵՄ-ում։Եվ ստեղծվում է լայն հնարավորության հայ ազգի ընտրողների համար բարձրաձայնել մեր շահերի մասին հստակ  շեշտելով, որ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական կարծիքը։

Գայանե Մեսրոպյան․ «Հարցս էսպիսին է, արդյո՞ք հնարավոր է գործող ԱԺ-ով Նիկոլին հեռացնել, թե՞ միայն փողոցային պայքար է պետք»։

Արմեն Աշոտյան․ Քանի որ այս փուլում տեսանելի է, որ դրսի ուժերը շահագրգիռ չեն Հայաստանում իշխանափոխության հարցում, և յուրաքանչյուրը իր շահերից ելնելով գերադասում է աշխատել նրա հետ, Հայաստանում իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական մեխանիզմների ֆորմալ պահպանմամբ։

Ուստի գործող ԱԺ-ն  իր լիազորությունների շրջանակներում իր ֆունկցիան պետք է իրացնի, սակայն ակնհայտ է, որ սա տեղի չի ունենա առանց ժողովրդական ճնշման։

Ժողովուրդը, որպես Հայաստանում իշխանության միակ աղբյուր, ունի այդ իրավունքը։ Փողոցային պայքարը այլընտրանք չունի, իսկ ԱԺ-ն պետք է դառնա ժողովրդի ձեռքերում արդարության սուրը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։

Նորից կրկնեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները լինեն նաև լեգալ, որպեսզի մաքսիմալ դիմացկուն լինեն դրսին ճնշումների ներքո։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.03.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031