Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և մինչ օրս իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է, այն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։
Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ արժեքավոր ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար: Այդ իսկ պատճառով փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Դե‚ իսկ ամենակարևորը փառատոնին այդ ստեղծագործությունների կատարումն է։
Կարդացեք նաև
Փառատոնի բացման համերգին հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից‚ որը կոմպոզիտորը նվիրել է Կոմիտասի 100-ամյակին‚ Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների‚ այդ թվում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Էտտոռե Պագանոն։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև Վաչե Շարաֆյանի Սյուիտը «Երկրորդ Լուսինը» բալետից՝ 10 մասից։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ղազարյանը (Հայաստան-Գերմանիա)։
Ռուբեն Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և բարձր է գնահատում համագործակցությունը կոլեկտիվի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Մաեստրոն կարևորում է հայ կոմպոզիտորական արվեստը հանրահռչակող փառատոնի անցկացումը։ Փառատոնը ներկայացնում է տարբեր սերունդների կոմպոզիտորների երաժշտությունը, դիրիժորը նշում է, որ ստեղծագործություններ կան, որ գրվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն գրեթե չեն կատարվել, և մեր պարտքն է հնչեցնել այդ գործերը։ Փառատոնի բացման համերգի ստեղծագործությունները Ռուբեն Ղազարյանը ներկայացնում էր առաջին անգամ։ Մաեստրոն նաև նշում է՝ մոտ երկու շաբաթ առաջ Գերմանիայի օպերային թատրոններից մեկում, որտեղ ինքը գլխավոր դիրիժոր է, ֆիլհարմոնիկ ծրագրերից մեկը նվիրել են Հայաստանին՝ կատարելով Էդգար Հովհաննիսյանի, Վաչե Շարաֆյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նվագախմբի հետ հանդես կգա շեփորահար Սելինա Օտտը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ