Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքել թուրքական մամուլով արտահոսած տեղեկությունը․ «Հրապարակ»

Մարտ 16,2024 10:50

Նախօրեին պատմագիտության թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Թուրքիայի մերձիշխանական Türkiye Gazetesi օրաթերթը մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Ըստ թերթի աղբյուրի՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ` այնպիսի մոդելով, ինչպիսին ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։ Թուրքական մամուլով արտահոսած այս կցկտուր տեղեկությունը թուրքական ախորժակի ու Սյունիքի գլխին կախված իրական սպառնալիքի հերթական վկայությունն է։

«Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արեւմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումն ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջեւանի ճակատագրին»,- ահազանգում է թուրքագետը։
Թուրքերն ուզում են Սյունիքը կտրել Հայաստանից, ու Կալինինգրադի մարզի օրինակը մեջտեղ բերելը պատահական չէ։ Թեեւ Կալինինգրադի մարզը ՌԴ կազմում ինքնավար մարզի կարգավիճակ չունի, ինչպես թուրքական աղբյուրն է նշում, բայց նրա փաստացի կարգավիճակը յուրահատուկ է նրանով, որ մարզը Ռուսաստանի մայր տարածքի հետ ընդհանուր սահման ու ցամաքային կապ չունի, կապվում է ծովով։ Կիսաէքսկլավային մարզը Ռուսաստանից բաժանված է Լիտվայով եւ Լեհաստանով։

Արդյո՞ք թուրքական կողմն Անթալիայում Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ առաջարկ է ուղղել հայ գործընկերներին։ Եղե՞լ է նման քննարկում, եւ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը։ Այս հարցերն ուղղել էինք ԱԳՆ խոսնակին։ «Հրապարակ»-ին տրված պատասխանը մշուշոտ է, առնվազն, կտրուկ չի հերքում Անթալիայում ընթացած բանակցությունների վերաբերյալ թուրքական աղբյուրի հրապարակած դետալները։ «Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացվել է, այդ թվում՝ նաեւ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բոլոր հանդիպումների եւ հարցազրույցների ժամանակ: Դրա հիմքում դրված չորս հայտնի սկզբունքներին հակասող որեւէ մոդել չի կարող լուրջ քննարկման առարկա լինել»,- ասվում է ԱԳՆ պատասխանում։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031