Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:
Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:
Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում