Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաշխիք չկա, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանն առանցքային պաշտոններում այս կամ այն երկրի ցուցումով նշանակում չի իրականացնելու»

Մարտ 16,2024 12:30

«Օնիկ Գասպարյանի հետ կապված մենք նույնպես նմանօրինակ դրվագների ականատես եղանք նախկինում։ Ու տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդիվ, նմանօրինակ իրավիճակներում, Նիկոլ Փաշինյանին զեկուցելու են ժամանակին, զեկուցելու են ճիշտ». «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

– Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջեւ հեռակա, բայց բավականին ուշագրավ երկխոսություն ծավալվեց. Փաշինյանն ասաց, որ 2021-ի նոյեմբերի 14-ին Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ այդ պահին, սահմանի մի շարք տեղամասերում, ադրբեջանական ներխուժումներ են եղել, VhatsApp հավելվածից երկխոսությունը հրապարակեց՝ Tik-Tok-ում: Արշակ Կարապետյանը հակադարձեց՝ Փաշինյանի հրամանով է արգելված եղել կրակ բացել հակառակորդի վրա ու իր հրամանի, նաեւ ռուսական զորքի ճնշման տակ են ադրբեջանցիները մի քանի կիլոմետր ետ գնացել: Եզրահանգումները որո՞նք են:

– Ցավալի եւ մտահոգիչ է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու երկու առանցքային պաշտոնյաներ, միմյանց հետ շփվում են VhatsApp հավելվածով։ Ֆիքսենք նաեւ, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ով պատասխանատու է իր ցանկացած նշանակման համար եւ եթե ինչ-որ խնդիրներ են առաջացել եւ Արշակ Կարապետյանը նրան սխալ է զեկուցել, ուշ է զեկուցել կամ ընդհանրապես չի զեկուցել, այդ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։

Սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում, թե առանցքային պաշտոնյաները իրեն չեն զեկուցել կամ սխալ են զեկուցել. Օնիկ Գասպարյանի հետ կապված մենք նույնպես նմանօրինակ դրվագների ականատես եղանք նախկինում։ Ու տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդիվ, նմանօրինակ իրավիճակներում, Նիկոլ Փաշինյանին զեկուցելու են ժամանակին, զեկուցելու են ճիշտ եւ այլն։ Մենք ունե՞նք վստահություն, որ նախկինում մի քանի անգամ նմանօրինակ դեպքերի ականատես լինելուց հետո, այսուհետ ամեն ինչ կարգին է լինելու։ Ես կարծում եմ՝ չունենք։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ առաջիկայում նման միջադեպեր տեղի չեն ունենալու։ Ասեմ ավելին, հաջորդիվ նույնպես նմանատիպ իրավիճակների ենք ականատես լինելու։

Այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք առնվազն շատ լուրջ, շատ մեծ կոմպետենտության խնդիր ունենք պետական կառավարման համակարգում։

-Մի էական դետալ էլ բացահայտվեց՝ Փաշինյանն ասում է, Արշակ Կարապետյանին նշանակել էր նախարարի պաշտոնում, ՌԴ ցուցումով. ի՞նչ հետեւություններ անել, երբ երկրի ղեկավարը նման խոստովանություններով է հանդես գալիս:

-Երբ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվում է, որ որեւէ այլ երկրի ցուցումով են տեղի ունեցել առանցքային պաշտոններում նշանակումները, դա առնվազն խոսում է նրա մասին, որ մենք ինքնիշխանության լուրջ խնդիր ունենք։ Գործող իշխանությունը՝ 2018 թվականից մինչ օրս, երբ տարբեր առիթներով խոսում են մեր երկրի ինքնիշխանության մասին եւ ասում են, որ Հայաստանը երբեւէ չի եղել այնքան ինքնիշխան, որքան այսօր է, այդ բոլոր հայտարարությունները հօդս են ցնդում։

Բացի այդ, որեւէ երաշխիք չկա, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը, առանցքային պաշտոններում այս կամ այն երկրի ցուցումով նշանակում չի իրականացնելու։ Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ո՞վ է ասել, որ ապագայում չի լինելու՝ կլինի ՌԴ-ի ցուցումով, Իրանի, Ֆրանսիայի կամ ավելի վատ, մեր թշնամական որեւէ երկրի։ Երաշխիքներ չկան։

-Մյունխենում Փաշինյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարի հետ: Այդ պաշտոնյան նախկինում Թուրքիայում իր երկրի դեսպանն է եղել: Այդ հանդիպումից մանրամասներ չհրապարակվեցին: Եթե փորձենք գուշակել՝ ի՞նչ ցուցումներ ստացած կլինի նրանից Փաշինյանը:

-Ես չգիտեմ, ի՞նչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ի՞նչ ցուցումներ են տրվել, բայց, կարելի է փաստերը համադրել. այդ հանդիպումից օրեր անց, քննարկման առարկա դարձավ ՌԴ սահմանապահ զորքերին «Զվարթնոց» օդանավակայանից հեռացնելու թեման։ Կարելի է ենթադրել, որ Միացյալ թագավորության համար խնդիր էր եւ կարեւոր հանգամանք «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահ զորքերի հեռացումը։ Ինչո՞ւ։ «Զվարթնոց» օդանավակայանից ռուսների հեռացումը, ավելի շատ կարծում եմ, կապ ունի տվյալների բազաներին հասանելիությունից ռուսական կողմին զրկելու կամ առնվազն բարդացնելու այդ գործը նրանց համար։ Խոսքը մեր երկիր մտնող-դուրս եկողների մասին է։ Տվյալ դեպքում, բարդացնել ռուսական կողմի վերահսկողությունը՝ տարբեր երկրների գործակալական ցանցերի վրա։ Եվ պատահական չէ, որ մեր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շեշտում էին, որ ՌԴ-ն այսուհետ հասանելիություն չի ունենալու տվյալ բազաներին։

-ԵԽ-ն 504 ձայնով ընդունեց ԵՄ-ին անդամակցելու ՀՀ թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը. ի՞նչ է սա, եթե ավելի հանրամատչելի բացատրենք՝ Հայաստանի ուկրաինացո՞ւմ:

-Մենք պետք է այնքան խոհեմ եւ ճկուն գտնվենք, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտանք Հայաստանի, այսպես ասած, ուկրաինացում, ոչ մի դեպքում թույլ չտանք, որպեսզի ՌԴ-ն եւ հավաքական Արեւմուտքն իրենց հարաբերությունները պարզեն մեր տարածքում։ Պետք է շատ խորը եւ փաստարկված քննարկում ունենալ ԵՄ բանաձեւի շրջանակներում, այն իմաստով, որ իմանանք, թե գործընթացը որքա՞ն ժամանակ է տեւելու, ի՞նչ հնարավորություններ են մեզ համար լինելու, ո՞րն է լինելու այդ քայլին գնալու գինը, արդյո՞ք այս փուլում արժե վճարել նման գին եւ այլն։ Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք եւ փորձենք ավելի ճկուն գտնվել՝ ստեղծված աշխարհաքաղաքական փոթորկի մեջ հնարավորինս ճիշտ դիրքավորվենք։

Կառավարության նիստում արած իր հայտարարությամբ, Փաշինյանը կարծես փորձում էր այդ մասով հանրային տրամադրությունները ստուգել՝ հարցը քննարկման առարկա դարձնելով։ Բայց, նախ քաղաքական ղեկավարությունն այս հարցում պետք է դիրքորոշում հայտնի, քանի որ միջին վիճակագրական քաղաքացին, հնարավոր է շատ մեծ պատկերացումներ եւ տեղեկատվություն չունենա՝ վերլուծություններ կատարելու եւ որոշում կայացնելու համար։ Բոլոր հնարավորությունները եւ ռիսկերը քաղաքական ղեկավարությունը պետք է ներկայացնի, ինչից հետո նոր փորձի հանրային տրամադրություններ ստուգել։ Մինչդեռ, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանատվությունը փորձում է իր վրայից գցել՝ դնելով հասարակության, ժողովրդի վրա, չի ցանկանում գնահատական տալ, կարծիք արտահայտել այդ հարցի վերաբերյալ։

Ի դեպ ասած, ԵՄ-ին անդամակցության գործընթացը չափազանց երկար է. Վրաստանում արդեն 10 տարի է չեն կարողանում մտնել ԵՄ կազմ, Թուրքիան մի փոքր ավել ու այնպես չէ, որ այդ ճանապարհը շատ դյուրին է։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031