Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ. Արսեն Թորոսյան

Մարտ 15,2024 23:45

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

«Ներքին գործերի նախարարից վիճակագրություն էի խնդրել 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ:

2023թ. ընթացքում թե’ ՃՏՊ-ների, թե’ վիրավորների, թե’ զոհերի թիվն աճել է:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը` 18.1%:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով վիրավորվել է 6538 քաղաքացի, 2022թ.-ի 6154-ի համեմատ: Աճը` 6.2%:

2023թ. ՃՏՊ-ների թիվը եղել է 4614, 2022թ.-ի 4306-ի համեմատ: Աճը` 7.2%:

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով 2023թ.-ին ունեցել ենք հետընթաց 2022թ.-ի համեմատ, թեև 2022թ.-ին ունեցել էինք առաջընթաց 2021թ.-ի համեմատ: Իհարկե 100.000 բնակչին ընկնող զոհերի թվով մենք միշտ բարձր զոհերով երկրների շարքին ենք դասվել: 2023թ. համար այդ թիվը 12.6 է, սակայն կարող էր լինել օրինակ 3.7, ինչպես Գերմանիայում է, որտեղ մայրուղիների վրա արագության սահմանափակում անգամ չկա:

Միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ:

Ինչու՞ ենք մենք յուրաքանչյուր առանձին անժամանակ մահվան կամ զոհի դեպքում, կլինի դա երկրի պաշտպանության ժամանակ կամ այլ պատճառով, այդքան ցավում, բայց այս հարյուրավոր ու հազարավոր զոհերի նկատմամբ այսքան անտարբեր:

Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհված այս 1755 քաղաքացիներից մեկը կարող էինք լինել մենք կամ մեր հարազատներից որևէ մեկը, և դժբախտաբար որոշ դեպքերում հենց այդպես էլ եղել է:

Ինչու՞ ենք մենք այդքան անհանդուրժող, երբ այս կամ առիթով խոսում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կարևորության և դրան նպաստող գործողությունների իրականացման մասին:

Չե՞նք ուզում ի վերջո փրկել մեզ, մեր երեխաներին, մեր հարազատներին և ընկերներին:

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է երեք գործոնից.

– վարորդների վարքագծից (ՃԵԿ կանոնների պահպանում)

– ճանապարհային ենթակառուցվածքներից (ճանապարհների ծածկույթ, գծանշումներ, նշաններ),

– տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակից (ամբողջական տեխ.զննում):

Եթե մենք այս երեք գործոնների մասով էական բարելավում չունենանք, ապա այս վիճակագրությունը, որն իրականում կյանքեր են, ոչ թե` թվեր, գնալով վատանալու է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031