Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր առավոտյան հրապարակվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։
Որոշումներից մեկն էլ վերաբերում է «Վիրաբյանն ընդդեմ ՀՀ» գործին:
ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ այդ գործը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների էական եւ դատավարական խախտումներին, կապված ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ժամանակ ստացած վատ վերաբերմունքի, խոշտանգման ու այդ միջադեպերի արդյունավետ քննության բացակայությանը:
Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամ էր, մասնակցել էր մի շարք հակակառավարական հանրահավաքների: Հանրահավաքներից մեկի ժամանակ նրան տարել են ոստիկանության բաժին, քանի որ ոստիկանությունն անանուն զանգ էր ստացել, որ դիմումատուի մոտ հրազեն կա: Ոստիկանական արձանագրության համաձայն՝ դիմումատուն կոպիտ և անվայելուչ արտահայտություններ էր թույլ տվել, ուստի վարչական վարույթ էր հարուցվել: Այնուհետև Վիրաբյանը մեղադրվել էր վարչական վարույթի հարուցման մասին որոշումը իրեն հայտնած ոստիկանի վրա հարձակվելու համար: Վիրաբյանը չէր համաձայնել իրադարձությունների այսպիսի նկարագրության հետ՝ պնդելով, որ ինքը համագործակցել է ոստիկանության հետ, սակայն որոշակի պահի սկսել է դաժան ծեծի ենթարկվել. նրան ձեռնաշղթաներ են հագցրել և սկսել մետաղական առարկաներով հարվածել, այդ թվում՝ գոտկատեղից ներքև, մինչև նա կորցրել է գիտակցությունը:
Կարդացեք նաև
Կոմիտեն արձանագրել է, որ իշխանությունների կողմից լայնածավալ միջոցառումներ են իրականացվել, Վիրաբյանի գործով փոխհատուցման հասնելու ուղղությամբ, որի արդյունքում մեղավորները դատապարտվել են՝ թեեւ առանց պատիժ կրելու, այնուամենայնիվ, հետագա լրացուցիչ գործողությունների անհրաժեշտություն չկա:
Կոմիտեն նաեւ արձանագրել է, որ իշխանությունների կողմից գործնականում միջոցառումներ չեն ձեռնարկվել Վիրաբյանի նկատմամբ բռնության գործով քաղաքական դրդապատճառները հետաքննելու առումով եւ որոշվել է կարճել քննությունն այդ մասով:
Կոմիտեն նաեւ ակնկալում է ՀՀ իշխանություններից, որ ներկայացնեն թարմացված վիճակագրական տվյալներ վատ վերաբերմունքին վերաբերող դեպքերի հետաքննության վերաբերյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ